«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2012-08-25 | #147, 2012-08-28 | #148, 2012-08-29


ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՆՙ ՄԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԱՂԱՑՈՒՄ

Իրեն կարեւորող ամեն մի լրատվամիջոց այս օրերին զբաղվում է սիրիահայերի վիճակով, զբաղվում այնպեսՙ ինչպես կարող ենք զբաղվել հայերս, այսինքն, ինչպես Շ. Շահնուրն էր ասում. «Աստված գիտե թե ինչպես»: Անլուրջ, անհոգի, անտեղյակ: Ամեն մեկը իր սեփական տան կտուրից: Ոմանց համար դա առիթ է Սփյուռքի նախարարությանը հերթական անգամ փնովելու, ուրիշների համարՙ ողջ կառավարությանը «անգործության» մեջ մեղադրելու, այլոց համարՙ տեղի ազգային իշխանություններին ու ավանդական կուսակցություններին քննադատելու: Ոմանք էլ, օրախնդիր այդ թեման իրենց լրատվամիջոցի էջերում ամեն գնով արծարծ պահելու ցանկությամբ, ինչ-որ ասուլիսի կամ հանդիպման են ուղարկում անփորձ եւ անգիտակ մի լրագրողի, որը կառչելով Դամասկոսից կամ Հալեպից նախորդ օրը կամ նախորդ ամիս Երեւան ժամանած մի հայրենակցի օձիքիցՙ փորձում է «նյութ» սարքել նրա ասածներիցՙ դրանց խառնելով իր իմացած-չիմացածը:

Թերթերից մեկը, հենց երեկ, մեջբերել էր հալեպահայ մեր հայրենակիցներից մեկի ամենաարտառոց միտքը: «Հայաստանի կառավարությունը,- ասել է հալեպահայ մեր ազգակիցը,- պետք է սիրիահայերի ներգաղթ կազմակերպի ոչ միայն Հայաստան, այլ կարողություններ ունենա աջակցելու, որպեսզի նրանք մեկնեն այլ երկրներ»: Մարդը, փաստորեն, իր հայրենի կառավարությանը շփոթում է դեպի ԱՄՆ կամ Ավստրալիա գաղթ կազմակերպող ծանոթ գործակալությունների հետ... Չէ՞ր կարելի մի խելամիտ ու խելահաս սիրիահայի գտնել եւ տեղեկություններ ու կարծիք հաղորդել ընթերցողին: Բացի այդ, ամեն հիմարություն պե՞տք է տեղ գտնի թերթի էջերում:

Կա ավելին: Մեր քիչ թե շատ կայացած թերթերից մեկի խմբագիրը, մի երկու շաբաթ առաջ, երբ առավել ճնշիչ էր դարձել հալեպահայության վիճակը, քաջություն էր ունեցել մեկնելու այնտեղՙ տեղում վերահասու լինելու տիրող վիճակին: Խիստ գովելի արարք: Սակայն վերադարձին, հենց ասուլիսի ժամանակ հետեւյալ «վկայությունն» էր ներկայացրել ապշած լրագրողուհիների երեսին. «... Որոշակի ժամերի երիտասարդ սիրիահայ տղաները կանգնում են հայկական թաղամասերի տարածքումՙ պաշտպանելու իրենց կենսական տարածքն ու ազգակիցներին: Նրանք ընդդիմադիր «Ազատ բանակի» դեմ են պայքարում, եւ բոլորը «ասադականներ» են: Երեկոյան տղաները բանակից զենք են ստանում, ողջ գիշեր պաշտպանում են հայկական թաղամասերը, իսկ առավոտյան հանձնում են այդ զենքը»:

Եթե դուք որեւէ բան հասկացաք գիշերը տրվող եւ առավոտյան հավաքվող այդ զենքերից, գրեք մեզ, մենք էլ հասկանանք: Մինչ այդ, ես հասկացա մեկ բանՙ սիրիահայերի ճակատագրով իբր մտահոգ խմբագիրը փաստորեն մատնիչությամբ է զբաղվում եւ այսպես կոչված «Ազատ Սիրիայի բանակի» զինյալների վրեժխնդրությունն է փորձում գրգռել սիրիահայերի դեմ, հոգ չէ, թե նրա «վկայության» անհիմն լինելը շատ հեշտ է ապացուցել:

Հայտնի է, որ մեր որոշ լրատվամիջոցներ «պատասխանատու մամուլ» արտահայտությունը քմծիծաղով են ընդունում: Սակայն այս պարագայում, երբ խնդիրը կապված է մարդկանց կյանքի, մի ողջ գաղութի անվտանգության հետ, անպատասխանատու լինելը անթույլատրելի է:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4