«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2012-08-25 | #147, 2012-08-28 | #148, 2012-08-29


ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉԵՆ ԻՋՆԻ

Գործատուների համար հարկային բեռի որոշ ավելացում այնուամենայնիվ կլինի

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Եկամտահարկի մասին» օրենքում 2013-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների կապակցությամբ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պարզաբանումներ տվեցին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը :

Վաչե Գաբրիելյանն ասացՙ ճիշտ չէ, որ եթե գործատուն որոշի աշխատակիցների համար ավելի քիչ գումար վճարել, ապա նա պետք է ավելի քիչ հարկ մուծի, իսկ այդ դեպքում խնդիր է ունենալու հարկային մարմինների հետ: Այսինքն, օրենքը պարտադրում է, որ աշխատավարձի իջեցում չի լինի: Ըստ ֆինանսների նախարարի, նոր, միասնական եկամտային հարկը կունենա հետեւյալ դրույքաչափերը` 24,4 տոկոս` մինչեւ ամսական 120 հզ. դրամ աշխատավարձի դեպքում եւ 26 տոկոսՙ ամսական 120 հզ. դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում միավորվել են եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Այսինքն, 2013-ի hունվարից 1-ից պարտադիր սոցիալական վճարի եւ եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ եւ կներկայացվի մեկ հաշվետվություն եւ բացառապես էլեկտրոնային եղանակով: Սեպտեմբերից այս փոփոխությունների մասին լայնածավալ իրազեկում է իրականացվելու շուրջ 70 հազար գործատուների շրջանում:

Արտեմ Ասատրյանը կոնկրետ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի օրինակով ներկայացրեց, թե որքան մաքուր աշխատավարձ է ստանում հիմա եւ որքան կստանա նոր կարգը կիրառելիս: Մասնավորապես, 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում գործատուից գանձվում է 19 հազար դրամ սոցիալական վճար, միաժամանակ վարձու աշխատողի աշխատավարձիցՙ 3 հազար դրամ եւ 6450 դրամ եկամտահարկ: Այսինքն, նրա մաքուր աշխատավարձը կազմում է 90550 դրամ: 2013-ից արդեն գործատուն 775 դրամով պետք է ավելացնի աշխատողի աշխատավարձը, որպեսզի դրանից պահվի մեկ միասնական եկամտահարկ եւ վարձու աշխատողի մաքուր եկամուտը նորից կազմի 90550 դրամ:

Փաստորեն, գործատուների համար հարկային բեռի որոշ ավելացում այնուամենայնիվ կլինի: 100 հազար դրամ աշխատավարձ վճարելու դեպքում դա կլինի ամսական 775 դրամ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4