ԱՄՆ Կոնգրեսի խնդրանքով նախապատրաստված նոր հետազոտության տվյալների համաձայն, 2011 թվականին ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել սպառազինությունների արտահանման գծով, կրկնակի գերազանցելով նախորդ առավելագույն ցուցանիշը:
Հաշվետվության տվյալները վկայում են, որ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրների մատակարարել է 66,3 մլրդ դոլարի սպառազինություն: Դա 45 մլրդ դոլարով ավելի է 2010-ի եւ 35 միլիարդովՙ ռեկորդային 2009-ի ցուցանիշներից: «Նյու Յորք թայմս» թերթը գրում է, որ հաշվետվության համաձայն, երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանը 2011-ին արտահանել է ընդամենը 4,8 մլրդ դոլարի սպառազինություն:
Հետազոտության հեղինակները նշում են, որ նոր զարգացող երկրներին մատակարարվող զենքի 80 տոկոսը ընկնում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ին է ընկնում նաեւ զենքի համաշխարհային արտահանության 75 տոկոսը: Հետազոտողների կարծիքով, նման աննախադեպ ռեկորդը հնարավոր դարձավ հիմնականում «Արաբական գարնան» եւ Իրանի միջուկային ծրագրի շնորհիվ, ինչը հանգեցրեց լարվածության կտրուկ աճի եւ Մերձավոր Արեւելքում սպառազինությունների մրցավազքի:
Ամերիկյան զենքի խոշորագույն գնորդների թվում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Օմանը:
Միայն սաուդցիները 33,4 մլրդ դոլար են ծախսել F-15 տիպի 84 նոր ռազմօդանավերի գնման, 70 հին F-50-ների արդիականացման, բազմաթիվ ռազմական ուղղաթիռների եւ տարբեր զինամթերքների ձեռքբերման նպատակով:
ԱՄԷ-ն 4,5 մլրդ դոլար է ծախսել հակահրթիռային համակարգերի եւ ռազմական ուղղաթիռների վրա, իսկ Օմանը 1,4 միլիարդով գնել է F-16 տիպի 18 ռազմօդանավ:
Ռուսաստանցի փորձագետները պնդում են, թե Ռուսաստանը 2011-ին արտահանել է 12 մլրդ դոլարի սպառազինություն, բայց նաեւ խոստովանում են, որ երկիրը կորցրել է զենքի շուկայի նշանակալի մասը, ներառյալ Արեւելյան Եվրոպան, Չինաստանը, Հյուսիսային Աֆրիկան: