Որսի մշակույթը Հայաստանում զարգացնելու, հղկելու եւ որսորդությունը կարգավորելու ուղղությամբ լուրջ քայլեր են հարկավոր ինչպես պաշտոնական մարմինների, այնպես էլ հասարակության ու հենց որսորդների կողմից:
«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը նշում է, որ Հայաստանում որսի մշակույթը թույլ է զարգացած, քանի որ մեր երկիրը որսի համար այնքան հարուստ չէ, որքան Աֆրիկայի կամ Հյուսիսային Ամերիկայի երկրները:
Հայաստանում որսորդությամբ հնում զբաղվել են իշխանական տները, խորհրդային տարիներին ձեռնարկվեցին որոշակի քայլերՙ կարգավորելու որսորդության դաշտը, ստեղծվեց Հայաստանի որսորդների միությունը: Բայց այսօր կատարված այդ քայլերը վերականգնման կարիք ունեն, քանի որ ձեռք բերվածը կորցրել ենք:
Էդուարդ Սարիբեկյանը մի քանի օրինակ է բերում` ցույց տալու համար, որ որսորդությունն իսպառ արգելելը պետության համար շահեկան չէ, հակառակը` ճիշտ կազմակերպված որսորդության միջոցով ավելի շատ օգուտ կարելի է տալ բնությանն ու երկրի պետական բյուջեին:
Որսորդության զարգացած մշակույթ ունեցող որեւէ երկրում երբ օրենքի ուժով արգելել են որսորդությունը, ստացվել է հակառակը` ակտիվացել է որսագողությունը, սակայն կանոնակարգելու դեպքում որսորդության տված օգուտները եղել են ավելի շատ:
Մեզ մոտ որսորդությունը ոչ միայն զարգացած չէ, այլեւ լի է խախտումներով, հենց դրա պատճառով այսօր վտանգի տակ են առանց այն էլ վտանգված կենդանատեսակներն ու թռչնատեսակները: Օրինակ` հայկական մուֆլոնը, որը կարմիրգրքային կենդանատեսակ է, որսալ չի կարելի, սակայն հայկական մուֆլոն որսալու համար այստեղ գալիս են նույնիսկ արտասահմանցիները, իսկ պետական մարմինները այս փաստն անտեսում են:
Եթե կենդանատեսակը գրանցված է Կարմիր գրքում, տրամաբանորեն որսն էլ պետք է արգելված լինի, բայց ինչպես տեսնում ենք, այս դեպքում օրենքն անուժ է: «Իսկ բնապահպանության նախարարությունը, երբ գործը հասնում է լուրջ հարցերին, ի զորու չէ դրանք լուծելու», ընդգծեց Էդուարդ Սարիբեկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Վերջերս Է. Սարիբեկյանը Սեւանի ափին որսագողության դեպքի ականատես է եղել եւ դրա մասին տեղեկացրել բնապահպանության նախարարությանը, սակայն նախարարությունը համապատասխան արձագանք չի տվել:
Ըստ պարոն Սարիբեկյանի` վերահսկողությունն առաջին հերթին պետք է իրականացնեն կառավարությունն ու բնապահպանության նախարարությունը, բայց իրենց այս գործառույթը գործադիր մարմինները չեն կատարում ըստ պատշաճի:
Էդուարդ Սարիբեկյանը կարծում է` որսորդության դաշտը կարգավորելու համար առաջին հերթին պետական մարմինները պետք է խստացնեն վերահսկողությունը, իսկ որսորդական միություններում, կազմակերպություններում անդամագրվելը, կարճ ասած` որսորդության իրավունքը պետք է լինի դժվար հասանելի, ինչպես եւ զենք կրելու իրավունքը: Սակայն այսօր ամբողջ այդ կարգն այնքան պարզեցված է, որ նա, ով ունի 5000 դրամ, անձնագրի պատճեն ու 2 լուսանկար, կարող է անդամագրվել եւ օգտվել որսորդական բոլոր իրավունքներից:
Էդուարդ Սարիբեկյանը հավելում է` որսագողությունը կանխելու եւ որսորդական դաշտը կարգավորելու համար խթան կլինի նաեւ հասարակական ակտիվությունը:
Ներկայումս օրենսդրական դաշտը մշակված է ոչ հօգուտ որսորդության: Էդուարդ Սարիբեկյանը, երբ ծանոթացել է «Որսի ու որսորդական տնտեսությունների մասին» օրենքի դեռեւս նախագծին, հասկացել է, որ օրենքը փորձում է լեգիտիմացնել տարածքները, որոնք կարելի է վարձել ու այնտեղ որս կազմակերպել, սակայն որսորդությանը հարմար տարածքներն արդեն վաղուց սեփականաշնորհված ու կիսասեփականաշնորհված են, նույնիսկ ստվերային կարգով:
Ի. Պ.