(Գեւորգ Մադոյան, Անդրադարձ, Կազմ. եւ առաջաբանըՙ Ա. Ա. Խուդավերդյան, «Հայաստան» հրատ., Եր., 2012)
Հազվագյուտ են այն մտավորականները, ովքեր իրենց էության մեջ համատեղում են ուսուցչին, գիտնականին եւ անբասիր հայրենասերին:
Գեւորգ Մադոյանը, որ 1953-ին հարկադրված էր թողնել հայրենի Ախալքալաքն ու տեղափոխվել Երեւան, երբեւիցե չմոռացավ բնօրրանը: Դա նաեւ հնարավորություն էր տալիս կողքից դիտել, նորովի իմաստավորել այն, ինչ բովանդակում էին նրա երիտասարդական տարիները: Նա ձգտում էր, որքան հնարավոր էր, տեսանելի ու արժանահավատ տեսանկյունով գնահատել այդ աշխարհի էմոցիոնալ դաշտը: Ահա թե ինչու այն հրապարակումները, որ առնչվում են հիշյալ տարածաշրջանին, առանձնանում են ոչ միայն տարաբնույթ փաստերն իրար համադրելու մտավորականի հետեւողականությամբ, այլեւ սիրով: Պատահական էլ չէ, որ ժողովածուն բացվում է Գեւորգ Ախվերդյանին նվիրված հոդվածով: Այսօր Ախվերդյանին սովորաբար հիշում ենք Սայաթ-Նովայի առիթով: Բայց Մադոյանի հստակ, բացառապես գործնական գրիչը բացահայտում է մեծ հայրենասերի ու ինքնատիպ անհատականության անցած ուղին: Այսօրվա երիտասարդ սերունդը պարտավոր է ճանաչել նրանց, ովքեր հնարավորինս ընդլայնել են մեր հոգեւոր հայրենիքի սահմանները: Այս իմաստով ժողովածուն ամբողջացնող հրապարակումներն առանձնանում են հենց այս նպատակադրմամբ:
Հոդվածների ժողովածուն վկայում է Մադոյանի հետաքրքրությունների բավականին լայն շրջանակի մասինՙ միջնադարից Իսահակյան ու Դեմիրճյան: Եվ այդ բոլոր հրապարակումներում հեղինակն առանձնանում է հետեւողական բարեխղճությամբ:
Դժվար է Գ. Մադոյանի հրապարակումներում փաստերից դուրս կամ առանց դրանց հիմքի վերլուծություններ կամ կանխատեսումներ գտնել, քանի որ խոսքը պատասխանատվությամբ առաջնորդվող մշակույթի մշակի մասին է:
Այսօր էլ մեզ պակասում է մտավորականի այս տեսակը, որ ասելիքը ներկայացնում է հավասարաչափ ներգործուն խոսքով, եւ պատասխանատվության լուրջ զգացումով:
Գրականագետի հետաքրքրությունների բովում մեծ տեղ է գրավում Հակոբ Պարոնյանը: 1954-ին «Հակոբ Պարոնյանի քաղաքական երգիծանքը» ուսումնասիրության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Այս հեղինակը մշտապես եղել է Գ. Մադոյանի հետաքրքրությունների առանցքում: «Հ. Պարոնյանի ժառանգության շուրջը», «Հ. Պարոնյանի հայատառ թուրքերեն եւ թուրքախառն հայերենով գրված երկերի մասին» հոդվածներն իրենց հետաքրքրությունը չեն կորցրել այսօր էլ: Գրողի երկերի լիակատար ժողովածուի (1962-79) տպագրությունից առաջ հրապարակված հոդվածում կարեւոր դիտարկումներ կան Պարոնյանի ստեղծագործությունների ժանրային պատկանելության, երգիծական դիմանկարների վերլուծության, մամուլում սփռվածՙ գրողի տարատեսակ ստեղծագործությունների մասին:
Ավելի գործնական հետեւանքներ ունեցավ 1954-ին տպագրված «Հ. Պարոնյանի հայատառ թուրքերեն եւ թուրքախառն հայերենով գրված երկերը» հոդվածը, ինչն ուսումնասիրությունների, նոր հրապարակումների ազդակ հանդիսացավ: Դրան հաջորդեցին այդ կարգի երգիծական նորավեպերի հայերեն թարգմանությունները:
Հետեւողական, անձանձիր աշխատանքով Գ.Մադոյանը ընթերցողին է փոխանցել փաստեր, տեղեկություններ, որոնք լրացնում, ամբողջացնում են այս կամ այն գրողի, մշակութային գործչի ստեղծագործական աշխարհը, ամեն անգամ ընդլայնելով ընթերցողի իմացության սահմանները:
Հրապարակված գրքում կան հոդվածներ, որոնք առաջին անգամ են հայտնվում ընթերցողի սեղանին: Հետաքրքրական է «Դերենիկ Դեմիրճյանը որպես երգիծաբան» հոդվածը: Այստեղ անվանի գրականագետը ոչ միայն բացահայտում է Դեմիրճյանի երգիծական տաղանդի ձեւավորման ընթացքըՙ սկսած «Իդեալիստ» (1895) պատմվածքից մինչեւ «Քաջ Նազար» եւ «Նապոլեոն Կորկոտյան», որոնք հայտնի են ընթերցող հանրությանը, այլեւ այնպիսի գործեր, որոնք վրիպել են շատերի ուշադրությունից: Խոսքը «Համառոտ անմահներ եւ հավերժական մահկանացուներ» վիպակի եւ մասնավորապես «Մերկերիոս աղա» պատմվածքի մասին է: Եթե վիպակը կառույցի առումով որոշակի թերություններ ունի, բայցեւայնպես վկայում է գրողի երգիծելու հմտության մասին, ապա «Մերկերիոս աղա» պատմվածքն ամբողջական է եւ հանիրավի կերպով անտեսված: Մինչդեռ Մերկերիոսն առանձնահատուկ տեղ ունի Դեմիրճյանի երգիծական կերպարների շարքում: Եթե «Քաջ Նազար», «Նապոլեոն Կորկոտյան» երկերում մեծ տեղ ունի գեղարվեստական պայմանականությունը, ապա «Մերկերիոս աղա» պատմվածքում այն իջեցված է նվազագույնի: Սա բացառապես կենսական ազդակներից ծնված խոսք է, որտեղ ինքնատիպ ձեւով ներկայացված է 20-ականների Երեւանըՙ կիսավեր, գետնափոր, կավաշեն տներով, ուր «մտնողը պետք է նախօրոք որոշի, թե ուզո՞ւմ է կրկին դուրս գալ»:
Մադոյանը, խոսելով այս կամ այն գրական երկի մասին, կարեւորում է ինչպես դրա գեղարվեստական արժեքը, այնպես էլ դրա եւ միջավայրի միջեւ եղած կապը, ազդեցության շրջանակը, ինչն ավելի թվում է գրականության պատմաբանին բնորոշ որակ: Այս իմաստով հետաքրքրական են Դանիել Վարուժանին եւ Ավետիք Իսահակյանին նվիրված հոդվածները («Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանը»): Դրանք չհնացող, ժամանակից չվախեցող ուսումնասիրություններ են այն իմաստով, որ անկախ այն բանից, թե ինչ հեղինակի կամ նրա ստեղծագործության մասին է, Մադոյանը խոսքը կառուցում է գեղագիտական սկզբունքների բարոյահոգեբանական ասպեկտի հիմքի վրա: Այդ պատճառով էլ անգամ ժամանակի պարտադրված բառապաշարը չի դառնում գերակա: Նույնիսկ լավ է, որ նաեւ դա կա, ինչը մեկ անգամ եւս վկայում է, թե ինչն է ճշմարիտ մտավորականի համար կարեւորըՙ հայ մշակույթի կենդանի մարմի՞նը, թե ոչինչ չասող ինքնամեծար խոսքը: Քանի որ գրականագետի վերաբերմունքը խիստ գործնական էՙ ձեռքի տակ եղած նյութի հանդեպ, հետեւապես նրան մշտապես անհանգստացնում եւ գրավում են տվյալ մտավորականի բացառապես անհատական որակները: Կարդացեք որեւէ հոդված մեր մշակույթի նվիրյալների մասին գրված եւ կտեսնեք, թե որքան ինքնատիպ են այդ դիմանկար-ուսումնասիրություններըՙ դա կլինի Չոպանյանին, Թլկատինցուն, Թումանյանին, Վարուժանին թե Թորոս Ազատյանին կամ Մշո Գեղամին նվիրված:
Հայ մտավորականը որեւէ կերպ անտարբեր չի կարող լինել 20-րդ դարասկզբի ողբերգության հանդեպ: «Հայ գրականության կորուստները» (1965) հրապարակման մեջ Մադոյանը, խոսելով Զոհրապի, Սիամանթոյի, Վարուժանի, Սեւակի, Երուխանի, Թլկատինցու մասին, հավելում է եւ այլ մտավորականների դիմանկարներՙ Մելքոն Կյուրճյան, Սմբատ Բյուրատ, Արտաշես Հարությունյան, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան:
Անկախ այն բանիցՙ ինչի մասին է խոսում անվանի մտավորականը, մշտապես տվյալ թեմայի հետ կապված ընդլայնում է ընթերցողի տեսադաշտը: Ոչ մի տող չի գրվել միայն գրվելու համար: Խոսքն ասվել է տեղին եւ ժամանակին: Իսկ հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էՙ սկսած հայրենասիրական երգից մինչեւ Իսահակյան, Թորոս Ազատյանից մինչեւ Շոթա Ռուսթավելի: Ուշադրությունից չեն վրիպել եւ հայ ժողովրդի մեծ բարեկամներըՙ Գորոդեցկի, Բրյուսով, Յու. Վեսելովսկի:
Գիրքը ներքին կարեւոր մեկ այլ առանձնահատկություն էլ ունի, ինչն օրգանական բնույթի է եւ ոչ թե դրսից պատվաստված որակ: Դա գրականության եւ դպրոցի միջեւ եղած անմիջական կապի զգացողությունն է: Բնականաբար սա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հեղինակն էությամբ կլիներ ուսուցիչ, ով ոչ թե խոսքով, այլ գործով պիտի ապացուցեր նվիրվածությունը երկրին, երիտասարդ սերնդին: Գ. Մադոյանը մեծ մանկավարժ է, որ միասնական դաշտի մեջ է տեսնում երեւույթները: «Մանկավարժական հայացքները Հ. Պարոնյանի երկերում», «Դանիել Վարուժանն իբրեւ մանկավարժ» հրապարակումները ասվածի վկայությունն են:
Արժանին պետք է մատուցել «Անդրադարձը» կազմողինՙ Ա. Խուդավերդյանին, որ ընտրել է թեեւ տարատեսակ, սակայն պատշաճ գիտական արժեք ներկայացնող հոդվածները:
Վերջնական արդյունքում կարող ենք ասել, որ Գեւորգ Մադոյանի հրապարակումները շատ կողմերով օգնում են ժամանակակցին լավ հասկանալու անցյալը, բայց ավելի շատ հեղինակը հարկադրում է մեզ սիրել այդ ամենը: Սա իրապես մեծ առաքելություն է, որ իրականացրել է երկրի նվիրյալ քաղաքացին:
ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր