Խորհրդային երկրում ապրած յուրաքանչյուր մարդու համար, այդ մարդն այսօր Տաշքենդում գործազուրկ է, թե Վիլնյուսում խանութ ունի, «Միություն» տերմինն առաջացնում է հիշողություններ, ոմանց մեջ մռայլ, ինչպես Վիլնյուսի աշնանային երկինքը, մյուսների` ջերմ, ինչպես տարվա նույն եղանակը Տաշքենդում: Հետեւաբար, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդես եկավ Եվրասիական միություն ստեղծելու առաջարկ-նախաձեռնությամբ, հետխորհրդային ողջ տարածքը համակվեց հիշողությամբ, քանի որ թեկուզ Եվրասիական, բայց միությունը Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ ապրողներիս առջեւ առաջին հերթին կանգնեցրեց ԽՍՀՄ «ուրվականը»: Պուտինն, անշուշտ, հաշվի առել էր այս հոգեբանական նրբությունը, ուստի պատահական չէ, որ ինչպես առաջին անգամ «Իզվեստիայում» այս մասին բարձրաձայնված Պուտին ստորագրությամբ հոդվածում, այնպես էլ Եվրասիական միության ձեւավորման, զարգացման ստորին փուլերում, Պուտինն ու ՌԴ վերնախավը առիթը բաց չեն թողնում ընդգծելու, որ Եվրասիական միությունը չի լինելու ԽՍՀՄ սկզբունքով, իր սկզբունքային, քաղաքական, տնտեսական եւ իմաստային տարրերով առավել նման է լինելու Եվրոպական միությանը, գրեթե նույն արժեհամակարգով: Եվրոպացիներն իրավունք ունեն տարակուսանք հայտնելու, թե այդ պարագայում ինչո՞ւ եք Եվրոմիության արժեհամակարգով նոր միություն ստեղծում, փոխարենը, եթե ԵՄ արժեհամակարգը հարազատ է ձեզ, չեք մտնում Եվրոմիության մեջ, եւ հենց այստեղ թերեւս կբացահայտվի Պուտինի իրական պլանը: ՌԴ նախագահը ամենայն անկեղծությամբ է ընդգծում, որ իր ստեղծած միությունը ԽՍՀՄ չի լինելու, քանի որ Պուտինի իրական ցանկությունը... ցարական Ռուսաստանի վերականգնումն է, վերջինիս ազդեցության ողջ գոտիներով: Հենց այս պատճառով Պուտինը չի էլ մտածում ԵՄ մտնելու վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը չի ունենա այն, հանուն ինչի ձգտում է ստեղծել Եվրասիական միություն` դոմինանտություն:
Բնականաբար այս ճանապարհը խիստ տեւական եւ դժվարին կլինի, անգամ եթե պուտինյան Ռուսաստանը բռնել է հզորության ուղին: Ու հենց այս պատճառով էլ նախագահ Մեդվեդեւը, հիշում ենք, պաշտոնավարման նախավերջին տարում սահմանադրական փոփոխության հասավ, ըստ որի ՌԴ հաջորդ նախագահը, այսինքն` Պուտինը կպաշտոնավարի 4 տարվա փոխարեն 6 տարի: Այսինքն, եթե ՌԴ սահմանադրության հին տարբերակով Պուտինը Եվրասիական միություն ստեղծելու համար կունենար 8 տարի (երկու անգամ ընտրվելու պարագայում), ապա այսօր Պուտինն ունի 12 տարի ժամանակ: Կասկած չկա, որ Մոսկվան հետեւողականորեն գնալու է իր ուղենշած ճանապարհով, եւ կասկած չկա, որ գալու է այդ ճանապարհին հայտնվելու կամ չհայտնվելու որոշման կայացման Հայաստանի օրը:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, սակայն, եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ռուսաստանի մասշտաբային եւ ռեսուրսային տարբերությունները, թերեւս ավելի ճիշտ է հարցնել` ի՞նչ կարող է անել Հայաստանը: Բնականաբար առաջնորդվել սեփական պետական շահով, սակայն որեւէ մեկն այսօր գիտի՞, թե ո՞րն է ՀՀ պետական շահը, ասենք` ամբողջովին մտնել «արեւմտյան ալիքների մե՞ջ», թե՞ սիրով սեղմել Պուտինի ձեռքը, որը Երեւան կժամանի Եվրասիական միությանը միանալու պայմանագրով: Մյուս կողմիցՙ արդյոք հակադրվո՞ւմ են «արեւմտյան ալիքներն» ու Եվրասիական միությունը:
Քաղաքագետ Լեւոն Շիրինինյանը , որը երեկ հանդիպեց լրագրողներին, այս կապակցությամբ կարծիք է հայտում, որ «Ռուսաստանը Պուտինի օրոք ցանկանում է ստեղծել երկբեւեռ աշխարհ»: Հետեւաբար, Եվրասիական միություն ստեղծելով Պուտինն ու իր Ռուսաստանը փորձում են կանգնել այդ բեւեռներից մեկի գլխավերեւում, այսինքն Եվրասիական միությունն ինքը դիտարկելի է, որպես «հակաարեւմտյան բեւեռ», ուշագրավ է, որ ինչպես Պուտինն է ասումՙ «հիմնված եվրոպական (այսինքնՙ արեւմտյան - Հ.Ա.) արժեհամակարգի վրա»: Այսինքնՙ Եվրասիական միությունը հակադրվում է «արեւմտյան ալիքներին», իսկ այս հանգամանքն առավել ճկունություն է պահանջում կոնկրետ Հայաստանից` իր հանրահայտ կոմպլիմենտար քաղաքականությամբ եւ «դեպի եվրոպական արժեհակամարգ» քաղաքական ընտրված առաջնայնությամբ: Այս համապատկերում խիստ ուշագրավ են դառնում հայաստանյան ներքին քաղաքական` աննշան թվացող որոշ իրադարձություններ: Օրինակՙ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օրերս Հայաստանում կազմակերպեց եվրասիական երիտասարդական ֆորում, նպատակներից մեկն ունենալով` «հասկացնել» Պուտինին, որ երբ գա Եվրասիական միությանը Հայաստանի միանալու որոշման պահը, ԲՀԿ-ն ու ինքն են Հայաստանում Պուտինի դաշնակիցները: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամագրված ՀՀԿ-ն ավելի վաղ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մակարդակով հայտարարել էր, թե գալիք աշնանը ՀՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիան» Երեւանում կկազմակերպեն «ԱՊՀ տարածաշրջանի էլիտար կուսակցությունների կոնֆերանս»` նպատակ ունենալով ամրապնդել եւ խորացնել ԱՊՀ տարածաշրջանում միջկուսակցական շփումները: Աշոտյանն այդ ժամանակ չհերքեց, որ այս շփումների խորացումը կարող է ապագայում այսպես կոչված ԱՊՀ խորհրդարանի հիմք հանդիսանալ, մանավանդ որ երեւանյան գալիք կոնֆերանսին կմասնակցեն այն կուսակցությունները, որոնք ԱՊՀ երկրներում իշխանություն կրող կամ խորհրդարաններում ներկայացված են: Այսինքնՙ ՀՀԿ-ն էլ իր ռեսուրսներով «հասկացնում է» Մոսկվային, որ քանի դեռ ինքը հստակ պատասխան չի տվել Եվրասիական միությանը Հայաստանի միանալու առնչությամբ, Պուտինը կարող է ՀՀԿ-ի հետ կապել իր «եվրասիական հույսերը» Հայաստանում: Ինչը նշանակում է, որ Եվրասիական միությանը մեր երկրի հավանական միացման պահին Պուտինն ամենեւին էլ կարիք չի ունենա Հայաստանում հեղափոխություն (իշխանափոխություն) անելու:
Ինչեւէ, Երեւանի «հստակ պատասխանի» օրը դեռ հեռու է, եւ Հայաստանի համար, մանավանդ «հակառուսական տրամադրություններով» Վրաստանի եւ Ադրբեջանի համապատկերում, մանրեւելու լայն դաշտ է բացվում: Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանը Հարավային Կովկասում այսօր ՌԴ գլխավոր, եթե ոչ միակ դաշնակիցն է, իսկ ավելի ընդգրկուն մեր տարածաշրջանում ՌԴ-ի դաշնակիցներից մնացել է թերեւս խիստ անկայուն Սիրիան, ապա Հայաստանի կշիռը Մոսկվայի համար աննախադեպ բարձրացել է: Այս արժեքը հանգիստ կարելի է կշեռքի նժարին դնել մեր երկրի վրա Ռուսաստանի ունեցած քաղաքական, առավելաբար տնտեսական հնարավորությունների հետ: Այսինքն, Եվրասիական միությանը Հայաստանի ոչ հստակ «այո»-ին կամ հստակ «ոչ»-ին Մոսկվան չի կարող պատասխանել տնտեսական տհաճ միջոցառումներով, օրինակՙ գազի գնի թանկացմամբ, քանի որ Հայաստանն այդ պարագայում կարող է, ասենք, պահանջել վերանայել ՌԴ-ի հետ կնքված «49-ամյա» ռազմական պայմանագիրը, օրինակ, ՀՀ տարածքում ռուսաստանյան բազան պահելու համար պահանջելով խոշոր հոնորարներ: Եվ, ամենակարեւորըՙ Հայաստանը կարող է դուրս գալ ռուսական «դաշնակցային պարտավորություններից», իսկ նման վակուումը, այն էլ Հարավային Կովկասում, Արեւմուտքը հաճույքով կլրացնի: Հետեւաբար Երեւանի երբեմն կոշտ եւ հստակ քայլերի պարագայում Մոսկվան Հայաստանին սիրաշահելու այլընտրանք ուղղակի չի ունենա, քանի որ ինչպես վերը նշեցինք, Կրեմլի համար Երեւանի կշիռն այսօր անհամեմատ բարձր է: Սա նշանակում է, որ Երեւանը կարող է եւ պետք է Մոսկվային, Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության դիմաց, պահանջներ ներկայացնի, օրինակՙ ԼՂ հարցում Ռուսաստանի հայանպաստ միջնորդություն, եւ եւս մեկ տարածքային հարց. Նախիջեւանը: Անցյալ դարի 20-ականներին ռուս բոլշեւիկների եւ քեմալական թուրքերի միջեւ մերձեցումը տեղի ունեցավ հենց եվրասիական ընդհանուր հարթակ ստեղծելու հիմքի վրա, հետեւաբար Պուտինի այս նոր «եվրասիական հովերը», մանավանդ Թուրքիայի` Արեւմուտքից անկախ քայլեր կատարելու եւ տարածաշրջանային գերտերություն դառնալու փորձերին զուգընթաց, կարող են կրկին առաջ բերել ռուս-թուրքական մերձեցում: Անցյալ դարում սա բերեց Նախիջեւանի վաճառքին, այս անգամ, Հայաստանի կոշտ եւ հստակ քայլերի արդյունքում հողային այս խայտառակ վաճառքը կարող է չեղյալ հայտարարվել: Կասկած չկա, որ մեր տարածաշրջանը գնում է այսպես ասած «քարտեզային փոփոխությունների», իսկ այս զարգացումներին Հայաստանն իր վաճառված հողերով պետք է մասնակցի:
Կդառնա՞ Եվրասիական միությունը տարածաշրջանում հայկական տարրը կամ ինչպես Լեւոն Շիրինյանն է նկատում` «հայկական սեպը» խորացնելու միջոց, շատ լավ, չի՞ դառնա, այդ պարագայում Հայաստանը այլընտրանքի հնարավորություններ ունի, ավելին, այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակով հայտնվել է մի այնպիսի դիրքում, երբ ավելի շատ ինքն է պետք, քան իրեն են պետք:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ