«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2012-08-25 | #147, 2012-08-28 | #148, 2012-08-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Երեկ Ստամբուլում մեկնարկեց շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան, որի պարգեւներն են վիճարկում տղամարդկանց 158 եւ կանանց 128 հավաքականներ: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Մրցակարգի համաձայն, մեկնարկային տուրում բարձր վարկանիշ ունեցող հավաքականները մրցեցին ավելի ցածր վարկանիշ ունեցողների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Բոլիվիայի շախմատիստներին: Այս մրցախաղում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի առաջատար Լեւոն Արոնյանին, որի փոխարեն առաջին խաղատախտակի վրա խաղաց Սերգեյ Մովսիսյանը, որը շախմատային օլիմպիադաներում առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի ընտրանիում: Ցավոք, նա անհաջող ելույթ ունեցավՙ պարտվելով Օսվալդո Զամբրանային: Մյուս խաղատախտակների վրա Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Դանիել Գեմուին, Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Մանուել Կուետոյին, իսկ Տիգրան Պետրոսյանն առավելության հասավ Արիել Ֆերուֆինոյի նկատմամբ:

Հայաստանի կանանց հավաքականն էլ 3-1 հաշվով պարտության մատնեց Հորդանանի շախմատիստուհիներին: Կանանց հավաքականում էլ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանն էր հանգստանում: Նրա փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Ռազան Ալ Շաեբիին: Մարիա Կուրսովան առավելության հասավ Նատալի Ֆուադի նկատմամբ, իսկ Աննա Հայրապետյանը հաղթեց Բոշրա Ալ Շաեբիին: Մեր թիմից մրցակցին միակ միավորը զիջեց Լիլիթ Գալոյանըՙ պարտվելով Լուգաին Դահդալին:

Տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Հորդանանին: Նույնպիսի արդյունքով ադրբեջանցիները պարտության մատնեցին Լյուքսեմբուրգի շախմատիստներին: Ուկրաինացիներն էլ Իրաքի հետ մրցավեճում շահեցին բոլոր 4 պարտիաները: Ռուսները կես միավոր կորցրին Դոմինիկյան Հանրապետության հավաքականի նկատմամբ:

Կանանց մրցաշարում չեմպիոնի գլխավոր հավակնորդներ չինացի շախմատիստուհիները 4-0 հաշվով հաղթեցին Բանգլադեշի հավաքականին: Ռուսները նույնպիսի արդյունքով առավելության հասան Բոլիվիայի նկատմամբ: Ուկրաինա-Սալվադոր մրցախաղն ավարտվեց 3,5-0,5 հաշվով:

Շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում են 1992-ից: Ստամբուլում մեր շախմատի ընտրանիները 11-րդ անգամ են մրցավեճի բռնվել օլիմպիական պարգեւների համար: Առավել մեծ հաջողություններ է գրանցել Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, 3 անգամ տուն է վերադարձել բրոնզե մեդալներով:

Հայաստանի հավաքականները շախմատային օլիմպիադաներում նորամուտը նշել են 1992-ին Մանիլայում: Առաջին ելույթը հաջող էր մեր տղամարդկանց հավաքականի համար, որը դարձավ 3-րդ մրցանակակիրՙ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Ուզբեկստանի ընտրանիներին: Այդ տարի հավաքականի կազմում բրոնզե մեդալների արժանացան Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արշակ Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Մանիլայում հայ շախմատիստուհիների ելույթը համեստ էր: Նրանք գրավեցին 33-րդ տեղը:

2002-ին Բլեդում կայացած համաշխարհային 35-րդ օլիմպիադայում մեր շախմատիստները կրկնեցին բրոնզե հաջողությունըՙ առաջ թողնելով միայն ռուսներին ու հունգարացիներին: Հայաստանի հավաքականի կազմում իրենց ներդրումն ունեցան Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը: Կանանց հավաքականը 15-րդն էր:

Երկու տարի անց Կալվիայում անցկացված շախմատային հաջորդ օլիմպիադայում մեր շախմատիստները կրկին բրոնզե մրցանակակիր դարձան: Այս անգամ չեմպիոն հռչակվեց Ուկրաինայի ընտրանին, իսկ ռուսները գրավեցին 2-րդ տեղը: Կալվիայի օլիմպիադայում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Մինչ այդ նա մասնակցել է 1996-ին Երեւանում անցկացված համաշխարհային օլիմպիադային մեր հանրապետության երիտասարդական հավաքականի կազմում: Արոնյանի հետ հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Հաջորդ 2 օլիմպիադաներում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գերազանց ելույթներ ունեցավՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: 2006-ին Թուրինում մեր շախմատիստները 13 մրցախաղերում չկրեցին ոչ մի պարտություն, տոնեցին 10 հաղթանակ, 3-ն ավարտեցին ոչ-ոքի եւ առաջ անցան Չինաստանի ու ԱՄՆ-ի հավաքականներից: Թուրինի օլիմպիադայի չեմպիոններ հռչակվեցին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Ասրյանը:

2008-ին Դրեզդենում մեր հավաքականը կրկնեց հաջողությունըՙ պահպանելով չեմպիոնական տիտղոսը: 11 մրցախաղերում մեր շախմատիստները տոնեցին 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Մեր հավաքականը գերազանցեց 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Իսրայելի ու ԱՄՆ-ի շախմատիստներին: Դրեզդենում մեր թիմի կազմն այսպիսին էր. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Պետրոսյան:

2010-ին Խանտի Մանսիյսկում անցկացված համաշխարհային վերջին օլիմպիադայում Հայաստանի հավաքականին չհաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Մեր շախմատիստները նույնիսկ մրցանակակիր չդարձանՙ զբաղեցնելով 7-րդ տեղը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ամենափորձառուն Վլադիմիր Հակոբյանն է, որի համար հերթական օլիմպիադան 10-րդն է: Նա օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ եռակի բրոնզե մրցանակակիր է: Համաշխարհային օլիմպիադաներում Հակոբյանը 101 պարտիա է անցկացրել ու իր թիմին 63,5 միավոր է պարգեւել: Նա շահել է 33 պարտիա, 61-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 7 պարտություն:

Գաբրիել Սարգսյանը 6 օլիմպիադայի մասնակից է, կրկնակի չեմպիոն ու բրոնզե մրցանակակիր է: Նա 56 պարտիաներից 25-ում է հաղթել, նույնքան մրցախաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 6 պարտություն: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը 5-րդ անգամ է մասնակցում օլիմպիադային: Անցկացրած 33 հանդիպումներում նա տոնել է 15 հաղթանակ, 26-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է ընդամենը 2 պարտություն:

Ի դեպ, Լեւոն Արոնյանը 40-րդ օլիմպիադայի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2816): Լավագույն հնգյակում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (2797), Թեյմուր Ռաջաբովը (2788), Սերգեյ Կարյակինը (2785) եւ Հիկարու Նակամուրան (2778):

Ինչ վերաբերում է թիմերին, ապա տղամարդկանց հավաքականներից ամենաբարձր միջին վարկանիշն ունի Ռուսաստանը (2769), որին հաջորդում են Ուկրաինան (2730) ու Հայաստանը (2724): Կանանց հավաքականների լավագույն եռյակը կազմում են Չինաստանը (2531), Ռուսաստանը (2513) եւ Վրաստանը (2490): Հայաստանի կանանց հավաքականն իր 2404 վարկանիշով 8-րդն է:

Հայաստանի կանանց հավաքականի կազմում ամենափորձառուն Էլինա Դանիելյանն է, որը 1992-ից մասնակցել է բոլոր 10 օլիմպիադաներին: Նա անցկացրած 115 պարտիաներում 50 հաղթանակ է տոնել, 39-ն ավարտել է ոչ-ոքի, 26-ում պարտվել է: Լիլիթ Մկրտչյանը 1996-ից մասնակցել է 8 օլիմպիադայի: 95 պարտիաներում նա տարել է 42 հաղթանակ, 40-ն ավարտել ոչ-ոքի, 13-ում պարտվել է: Առավել հաջող Հայաստանի կանանց հավաքականը հանդես է եկել 2008-ին Դրեզդենումՙ գրավելով 6-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4