ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախընտրական Գյումրիից տարբեր լուրեր են հասնում. մեկ ԶԼՄ-ները գրում են, թե օգոստոսի 24-ին Գյումրիում հնչած կրակոցների ու ծեծի գործով ձերբակալվել է դեռեւս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից Հարություն Համբարյանը, Ղուկասյանի մամլո քարտուղարը հերքում է դա, թե` հերթական բամբասանք է: Ոստիկանության մամլո պատասխանատուն էլ խոսում է միայն այդ գործով մեկ ձերբակալվածի` Հարություն Հ.-ի փաստի մասին: Գործ է քննվում, հայտնի է միայն, որ գործը վերաբերում է օգոստոսի 24-ին, նախընտրական տրամաբանության մեջ տեղի ունեցած գործող քաղաքապետի (նրա որդու մասնակցությամբ) եւ քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի մարդկանց բախմանը:
Մեկ այլ լուր Գյումրիից այն մասին է, որ այնտեղ նախընտրական կրքերը այն աստիճանի գագաթնակետին են, որ անգամ ՀՀԿ-ականների մի մասը չի աջակցելու պաշտոնապես ՀՀԿ-ի պաշտպանած ԲՀԿ-ական թեկնածուին` Սամվել Բալասանյանին, այլ աշխատելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի աջակցությունը վայելող մեկ այլ թեկնածուի` Անդրանիկ Ավետիսյանի օգտին: Ըստ այդ լուրերի` Վարդան Ղուկասյանը այդպես էլ չի հաշտվում քաղաքի ղեկավարի պաշտոնը կորցնելու մտքի հետ եւ տարբեր եղանակներով փորձում է իր ազդեցության մարդկանց ավագանի դարձնելով` հետագայում խնդիրներ լուծել: Ու որքան էլ ՀՀԿ-ականներն ասում են` վիճակը վերահսկելի է, սովորական նախընտրական կրքեր են, ամեն ինչ կխաղաղվի, Գյումրին էլ կմոռանա կրակոցներն ու «ռազբորկաները», սակայն ամեն ինչից երեւում է` չի կարելի վստահ լինել, որ Գյումրին մինչեւ ընտրությունները մնացած օրերին եւ դրանից հետո լարվածության օջախ չի լինի: Ու բացի դրանից` այնքան էլ միանշանակ չէ իշխանության աջակցությունը ստացած թեկնածուի հաղթանակը:
Իսկ առավել ընդհանրական իմաստով խնդիրը դիտարկելիս հասկանալի է դառնում, որ սրանք պտուղներն են այն ծաղիկների, որոնք ինչ-որ ժամանակից ծաղկեցրել ենք Հայաստանում` այն բաժանելով ազդեցության գոտիների. մեզ մոտ ոչ թե քաղաքապետ կամ մարզի ղեկավար է ընտրվում, այլ տեղական ֆեոդալ, որը տարիներ աշխատելու է սեփական բարեկեցության համար, իր ազդեցության գոտում իրենով է անելու հարյուրավոր հեկտար տարածքներ, չնչին ֆինանսով սեփականելու է օբյեկտներ, կառուցելու սեփական հյուրանոցներ` փշրանքներ նետելով անապահով խավին, մինչդեռ 4 տարին մեկ ընտրությունների գործընթացը, այնուամենայնիվ, վտանգ ունի իր մեջ փոխելու իրերի` արդեն տարիներ հաստատաված դրությունը: Ճիշտ է փոքրիկ շանս, եւ հազվադեպ, բայց այդպիսի վտանգ լինում է: Հանկարծ ու վերեւից վերցնում ու ուզում են փոխել իրերի դրությունը, վաղուց հաստատված խաղի կանոնները, տվյալ դեպքում` Գյումրու քաղաքապետին: Բնականաբար տեղական կալվածատերերը դիմադրում են, քանի որ նրանք ոչ թե վարձու աշխատող եւ պետության տվյալ տեղային հատվածի` պետությունից, այսինքն մեր վճարած հարկերից վարձատրվող կառավարիչ-մենեջեր են իրենց զգում, այլ տվյալ կալվածի իշխան, համենայնդեպս` նրանց վարած կյանքն ու գործերն այդ մասին են ասում: Ու դուք նրանց ուզում եք զրկել իշխան լինելուց, կալվածատեր լինելուց: Ուզում եք զրկել սնուցիչ աղբյուրից, դեռ ունեցած-վերցրածն էլ, հարցական է` կպահպանի՞, թե ստիպված է լինելու կիսել նոր եկող իշխանավորի հետ: Այս է համատարած ընկալումը Հայաստանում: Ու, բնականաբար, նա դիմադրում է բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով` վախի մթնոլորտ ստեղծելով, ահաբեկելելով բոլոր նրանց, ովքեր իրենց ու իրենց մարդկանց աջակիցները չեն` չթվենք, այսօրվա հայաստանցին բոլոր այդ կարգի մեթոդներից լավ տեղյակ է: Հավատալ, որ հետո եկողը սոսկ լավ կառավարիչ է լինելու, եւ ոչ թե կալվածատեր` շատ դժվար է: Աչքը պետք է տեսնի, որ հավատա: Ու իրերի այս կարգի դրությունը հանդուրժվում է վերեւից: Հանդուրժվում է, որ Հայաստանի այս կամ այն մարզը, քաղաքը, գյուղը նվիրվում է այս ու այն ֆեոդալական տանը, այսպես ասենք, ու այդ տների ներկայացուցիչները 10-15 տարով մարզպետ, քաղաքապետ ու գյուղապետ են նստում եւ այնպես տիրապետում բոլոր լծակներին, որ նրանցից ազատվելը կանխատեսում է իսկական պատերազմ` ռազբորկաներով, կրակոցներով, սադրանքներով, տնտեսական եւ այլ լծակներով:
Այնպես որ նույնիսկ շատ զարմանալի է, որ Կոտայքի մարզում առաջադրվել էր ոչ թե մեկ թեկնածու` ԲՀԿ առաջնորդի փեսա Կարապետ Գուլոյանը միայն, այլեւ նույնիսկ երեք ամբողջական թեկնածու եւս, ու անգամ անհասկանալի մնաց` ո՞նց էին համարձակվել նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը կամ անկուսակցականներ Արտաշես Մեհրաբյանը եւ Անդրանիկ Պողոսյանը առաջադրվել, թեեւ չի բացառվում, որ նրանցից այս կամ այն մեկը իմիտացիոն թեկնածու է: Ամեն օր կարդացեք մամուլը եւ տեսեք, թե ինչպես կյանքի ու մահու կռիվ են տալիս տեղական իշխանիկության համար մեր բոլոր համայնքներում, ինչ նորահայտ մեթոդներ ու տրյուկներ են գործածում` մրցակցին շարքից հանելու համար, ինչ անհավանական խոստումներ են տալիս, որը լսելու դեպքում նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս:
Իրերի այս վիճակը երբեւէ պետք է փոխվի: Ե՞րբ, դեռեւս չի երեւում: Ու այս բանի համար երկրի ղեկավարների ցանկությունը քիչ է, այնպիսի հասարակական մթնոլորտ պիտի լինի հասարակության մեջ, որ ֆեոդալական վարքուբարքն այլեւս չհանդուրժվի: Որ պետական կառուցվածքներն ավելի կարեւոր լինեն, քան այս կամ անհատն ու նրա «պապայությունը»: Ու Հայաստանում, իրոք, գրված թղթերից այն կողմ պե՛տք է որդեգրվեն մեզ համար հարազատ, մեր ակունքներին մոտիկ եվրոպական բարքերը գոնե կառավարման ոլորտում, որոնց ժամանակ իսկապես տեղական ղեկավար կընտրի ժողովուրդը, մտածելով միայն այն մասին, թե ո՞վ կկարողանա լավ, բանիմաց, արդար կառավարման սկզբունքով իրենց խնդիրները լուծել: Եվ ոչ թե հարցն այնպես կդնի, թե ո՞վ է ավելի հարուստ, ումից կարելի կլինի փող խնդրել, ո՞վ ավելի լավ «պապա» կլինի: