«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2012-08-29 | #149, 2012-08-30 | #150, 2012-08-31


ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵԿ ՈՒ ԱՅՍՕՐ

Հայ-հնդկական երկկողմ հարաբերություններում օգոստոսի 31-ը նշանավորվում է որպես հոբելյանական օր: Այսօր նշվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը, բայց սա բնավ չի նշանակում, թե երկու երկրների հարաբերությունները ձեւավորվել են ընդամենը 20 տարի առաջ: Նրանց հարաբերությունների վաղեմությունը հասնում է մինչեւ մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակները, քանի որ երկու երկրներն էլ գտնվել են Մետաքսի ճանապարհի վրա:

Գրական վկայություններ կան, որ Հայաստանում եղել են հնդկական բնակավայրեր, իսկ հայ վաճառականները գնացել են Հնդկաստանի Ագրա քաղաքը, որտեղ իրենց շնորհքի ու ազնվության շնորհիվ Հնդկաստանի Աքբար թագավորից ստացել են այնտեղ հաստատվելու թույլտվություն:

2 ժողովուրդներն էլ հետաքրքրված են եղել երկկողմ առեւտրով. Հայաստանը դեպի Հնդկաստան արտահանել է մորթեղեն ու ներկեր, իսկ Հայաստան ներկրել թանկարժեք քարեր, զարդեղեն, դեղաբույսեր, կտորեղեն ու համեմունքներ:

Հնդկաստանում հայկական գաղութն ավելի ընդլայնվել եւ ֆինանսապես հարստացել է 17-րդ դարի ընթացքում: Այնտեղ հայերի մեծամասնությունն ապրել է Կալկաթա, Չեննայ (նախկինումՙ Մադրաս), Մումբայ (Բոմբեյ), Ագրա ու Դելի քաղաքներում, եւ առ այսօր այդ քաղաքներում պահպանվում են հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները: Օրինակ` Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցին, որը հիմնվել է 1707 թվականին, համարվում է Հնդկաստանում հայկական ամենամեծ ու ամենահին եկեղեցին: Կալկաթայում հայկական հեղինակավոր մյուս կառույցը Հայոց մարդասիրական ճեմարանն է:

Հայալեզու մամուլի ծնունդը եւս կապվում է Հնդկաստանի հետ, քանի որ Մադրասում 1794-ին տպագրվեց հայերեն առաջին պարբերականը:

Սակայն 1947 թվականի` Հնդկաստանի անկախությունից հետո այնտեղ ապրող հայերի մեծամասնությունը արտագաղթեց դեպի Ավստրալիա եւ այլ երկրներ` Հնդկաստանում թողնելով միայն հայկական մի փոքր համայնք:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան հարցազրույցի ժամանակ պատմական տվյալներին անդրադառնալուց հետո ասում է. «Բացի մեր ժողովուրդների հարաբերությունների մասին պատմական տվյալներից, ներկայումս կգտնեք եւ նմանություններ մեր ապրելաձեւի, մտածողության ու մարդկանց արտաքինի միջեւ»:

Այնուհետեւ վերադառնալով օրվա գլխավոր թեմային` դիվանագիտական հարաբերությունների տարեդարձին` Պանկաջ Սաքսենան նշում է, որ Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո` 1991-ի դեկտեմբերին Հնդկաստանը ճանաչեց Հայաստանը որպես անկախ պետություն, իսկ 1992-ին ստորագրվեց երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատաման արձանագրությունը: Ապա 1999-ին Նյու Դելիում հիմնվեց հայկական դեսպանությունը, նույն թվականին Հնդկաստանը Երեւանում բացեց իր մշտական առաքելությունը:

Արձանագրության ստորագրումից հետո, ըստ Պանկաջ Սաքսենայի, երկկողմ հարաբերությունները բավականին առաջընթաց են գրանցել. «Ներկայումս տարբեր ոլորտներում ունենք գերազանց փոխըմբռնում, նույնիսկ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերում մեր հայացքները համընկնում են»:

Անցած 20 տարիների ընթացքում եղել են նաեւ երկու երկրների բարձրաստիճան անձանց փոխադարձ այցելություններ, կնքվել են 30-ից ավելի համաձայնագրեր տարբեր ոլորտների վերաբերյալ` առեւտրի ու տնտեսական համագործակցության, գիտության ու տեխնոլոգիաների, օդային փոխադրումների, կրթության, մշակույթի, պաշտպանական համագործակցության, կրկնակի հարկումից խուսափելու եւ այլն:

Պանկաջ Սաքսենան ընդգծում է` որպեսզի որեւէ տեսակի հարաբերություն շարունակվի ու զարգանա, անհրաժեշտ է, որ դրանում ներգրավված կողմերը հասկանան մեկը մյուսի կարիքներն ու ձգտումները. «Եվ օգնեն միմյանց առանց ինչ-որ նախապայմանների»: Ըստ նրա` հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն ասվածի հենց վառ օրինակն են. երկու երկրները, հիմնվելով իրենց ընդունակությունների վրա, միմյանց օգնում են ամեն մեկն իր ուրույն ճանապարհով:

Պանկաջ Սաքսենան հիշում է` 2001-ին, երբ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, Հայաստանը բարեկամ երկրին ցուցաբերեց ֆինանսական օգնություն եւ Հնդկաստան ուղարկեց 18 հայ մասնագետներից` սեյսմոլոգներից, ինժեներներից ու բժիշկներից կազմված խումբ` մասնակցելու հնդիկ ժողովրդին օգնելու աշխատանքներին:

Իսկ Հնդկաստանից երկրի զարգացմանն ուղղված աջակցություն Հայաստանը ստանում է ժամանակ առ ժամանակ, օրինակ` անցյալ տարի ԵՊՀ-ում բացվեց Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնը:

Զրուցակիցս ավելացնում է, որ Հայաստանը նաեւ ստանում է մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված աջակցություն, այսինքն` ամեն տարի տարբեր ոլորտների հայ մասնագետները մեկնում են Հնդկաստան` մասնակցելու ITEC ծրագրի առաջարկած կուրսերին: Իսկ Հնդկաստանից էլ ամեն տարի հնդիկ ուսանողներ են գալիս Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորելու, միայն 2011-ին Երեւանի բժշկական համալսարան ընդունվել են ավելի քան 450 հնդիկ դիմորդներ:

Պ. Սաքսենան ընդգծում է, որ երկկողմ առեւտրի ոլորտում նույնպես առաջընթաց ունենք, չնայած առաջընթացը կարող էր շատ ավելին լինել, քանի որ դրա համար երկու կողմերը բավարար ներուժ ունեն: Այնուամենայնիվ, վերջին տարիներին կայուն աճ է նկատվում. եթե 2005-ին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները կազմում էին 16.5 միլիոն դոլար, ապա 2011-ին կազմել են 71.72 միլիոն դոլար: Սակայն երկկողմ առեւտուրն ու ներդրումները ընդարձակելու շրջանակը բավականին լայն է: «Պարզապես երկու երկրները պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ եւ առկա ներուժն օգտագործեն հօգուտ երկու ժողովուրդների», ավելացնում է Պանկաջ Սաքսենան:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4