Շախմատի օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց իսպանացիներին: Հաղթանակն ապահովեց Լեւոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Ֆրանցիսկո Վալյեխոյին: Սերգեյ Մովսիսյան-Իվան Սալգադո, Գաբրիել Սարգսյան-Միգել Իլիեսկաս, Տիգրան Պետրոսյան-Օլեգ Կոռնեեւ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Անհաջող խաղաց մեր կանանց հավաքականը, որն առաջին պարտությունը կրեց Հնդկաստանի շախմատիստուհիների հետ մրցավեճում` 1,5-2,5: Այս մրցախաղում վճռորոշ եղավ Լիլիթ Գալոյանի պարտությունը Տանիա Սաչդեւից: Ի դեպ, Լիլիթը մեկնարկային տուրում էլ պարտվել էր ու հաջորդ տուրում չէր ընդգրկվել թիմի կազմում: Մեր մյուս շախմատիստուհիներից ոչ մեկին չհաջողվեց շտկել իրավիճակը` հաշտություն կնքելով մրցակցուհիների հետ: Ոչ-ոքի ավարտվեցին Դանիելյան-Դրոնավալի, Կարավադե-Մկրտչյան, Գոմես-Կուրսովա պարտիաները:
3 տուրից հետո 11-ական միավորով տղամարդկանց մրցաշարի առաջատարներն են ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հավաքականները: Հայաստանն ունի 9,5 միավոր: Առաջատարների մասնակցությամբ հանդիպումների արդյունքներն են. Վենեսուելա-ԱՄՆ` 0,5-3,5, Ֆարերներ-Ադրբեջան` 0,5-3,5, Ուկրաինա-Իսրայել` 2,5-1,5, Ռուսաստան-Լատվիա` 2,5-1,5, Ռումինիա-Չինաստան` 1-3:
Կանանց մրցաշարի առաջատարը սերբերն են, որոնք վաստակել են 11,5 միավոր: Սերբերը 3,5-0,5 հաշվով հաղթեցին իսպանուհիներին: 11-ական միավոր ունեն լեհերն ու ֆրանսուհիները: Լեհերը 3-1 հաշվով հաղթեցին հունգարուհիներին, ֆրանսուհիներն էլ պարտության մատնեցին ավստրուհիներին` 3-1: Հայաստանի հավաքականն ունի 7,5 միավոր: