Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմված պատվիրակություն, որը պաշտոնական հանդիպումներից բացի տեղում կծանոթանա ինչպես երկրորդ հայկական հանրապետության ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես եւ բարեգործական ծրագրերին:
Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր է տրամադրում Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների (Մռավիցՙ Արաքս) բնակիչներին: Անցնող երկու տարիների ընթացքում արդեն ավելի քան 600 ընտանիքներ օգտվել են ԱՐԻ-ի տրամադրածՙ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը վարկավորելուն եւ զարգացնելուն ուղղված պատեհությունից:
«Մեր ընկերության գործունեության հիմնական սկզբունքներն են կայուն եւ երկարաժամկետ վարկավորումը, թափանցիկությունն ու բաց հաշվետվությունը», ասում է ԱՐԻ-ի բաժնետերերից Բենիամին Բչաքչյանը:
Բազմաթիվ բարեգործական ծրագրերի կողքին, որոնք շարունակվում են արդեն տարիներ, լիբանանահայ գործարարները որոշել են իրական ներդրումներով մաս կազմել Արցախի վերականգնման եւ զարգացման համահայկական նպատակին: Բչաքչյանն ասում է, որ ԱՐԻ-ի նախագիծը պիտի օրինակելի ուղենիշ լինի նաեւ այլ երկրների հայ գործարարների համար:
Լիբանանահայ գործարարների պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ, կայցելի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բազմաթիվ գյուղական բնակավայրեր, տեղերում կծանոթանա այն ընտանիքների հետ, ովքեր արդեն օգտվել են ԱՐԻ-ի վարկերից:
Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները տասնյակ ընտանիքների կթու կովեր կնվիրեն: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում Մռավից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ եւ հաջորդ երեխան:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ