«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՌԱԿ) ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԱՐՏՈՒՇԻ ԱՎԱԳՅԱՆ

Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչներ վերջին երեք համապետական ընտրություններին հասկանալի պատճառներով չեն մասնակցել: Իսկ ահա սեպտեմբերի 9-ին եւ 23-ին մի շարք համայնքներում (Մասիս, Գ. Այգեստան, Տաշիր, Աշտարակ, Սեւան, Եղեգնաձոր) տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել են իրենց թեկնածուները:

Սեպտեմբերի 9 հայտարարված է Սիսիան քաղաքի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների օր: Քաղաքապետի համար գրանցվել են 5, իսկ ավագանու 15 տեղի համարՙ 22 թեկնածու:

Որպես ավագանու անդամ առաջադրվել է նաեւ ՌԱԿ Սիսիանի շրջանակի ատենապետ Լեւոն Ավագյանը , որն իր րնտրվելու հնարավորությունները լավ է գնահատում: Չնայած, իր իսկ խոսքերովՙ «Ընտրություն է, ելքը կանխորոշել հնարավոր չէ, բայց լիահույս եմ, որ ժողովուրդը կտա վստահության իր քվեն»:

Լինելով ՌԱԿ Սիսիանի շրջանակի ատենապետ նրան ճանաչում են Սիսիանում, ինչպես նաեւ Սյունիքի մարզում, որպես գործարար, ժողովրդի սերն ու հարգանքը վայելող անձնավորություն:

Ի՞նչ հիմնահարցերի վրա է շեշտը դնելու Լ. Ավագյանը ընտրարշավի ընթացքում, ի՞նչ խոստումներ է տալիս Սիսիանի ընտրողներին եւ բնակչությանը:

Ծրագրային հիմնադրույթներից մեկը վերաբերում է ավագանու դերի բարձրացմանը: Օրինակՙ կլինեն հարցեր, որոնք չեն բխի բնակչության շահերից, եւ անկախ նրանից, թե ո՞վ է հարցը ներկայացնումՙ քաղաքապետ, թե ավագանու անդամ, պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ քվեարկել ի շահ սիսիանցիների:

Լ. Ավագյանը ծնունդով Սիսիանի Բռնակոթ գյուղից է: Ծնվել է 1964 թ.: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պոլիտեխնիկական, այնուհետեւ Մոսկվայի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության ինստիտուտներում: Ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Սիսիանի թողարկիչ կարգավորիչ սարքերի («Լամպերի») գործարանումՙ որպես փականագործ: Այնուհետեւ տեղափոխվել է Սիսիանի տրիկոտաժի արտադրական միավորումՙ որպես տրիկոտաժի ֆիրմային խանութի տնօրեն: Եղել է Սիսիանի Շրջկոոպի վարչության նախագահ: Ներկայումս Հայռուսգազարդի «Ավտոգազ» ՍՊԸ-ի Սիսիանի գազալցակայանի պետն է:

Լ. Ավագյանը սիսիանցիներին ներկայանում է իրատեսական ծրագրով, որն իրականացնելու համար առաջադրել է ավագանու անդամի իր թեկնածությունը: Ծրագրերի իրականացումը նա անմիջականորեն կապում է նաեւ ՌԱԿ շրջանակների հետՙ Սփյուռքից Սիսիանում ներդրումներ կատարելու եւ որոշակի աշխատատեղեր ստեղծելու նպատակով: «Հետեւապես, այդ ծրագրերը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ ենք գտնում որոշակի դեր ստանձնել ավագանու կազմում: Ինչով եւ պայմանավորված կլինի նշված ծրագրի ի կատար ածումը, թեկուզեւ փոքրիկ արտադություններ կազմակերպելը: Այդ առումով ես իմ հույսը կապում են իմ կուսակից ընկերներիս, կուսակցության ունեցած լայն կապերի, եւ ինչու ոչՙ իմ անմիջական ընկերների հետ»: Լ. Ավագյանը ծրագրային հիմնադրույթները ամբողջովին բացահայտել չի ցանկանում: Օրինակի համարՙ միայն նշեց հետեւյալըՙ պարտադիր չէ Սիսիանի արտադրածը միայն Սիսիանում սպառել, այն կարելի է նաեւ իրացնել Սիսիանից դուրս, ինչու չէՙ նաեւ արտերկրում: Սեկ այլ օրինակ նա վկայաբերեց իր կատարած գործունեությունից: Այսպեսՙ իր իսկ նախաձեռնությամբ, սեփական տարածքում ստեղծելով մանկական խաղասրահ-սրճարան, կազմակերպել եւ յուրովի լուծում է տվել սիսիանցի բազմաթիվ երեխաների հաճելի ու լիարժեք զբաղմունքի հարցին: Այսօր այդ վայրը համարվում է երեխաների, ինչու չէՙ նաեւ նրանց ծնողների սիրած վայրերից մեկը: Մտահղացումներն անշուշտ շատ են: Նա նաեւ համարվում է Սիսիանում տեղական կահույքի արտադրամասի, վաճառքի եւ տեղափոխման կազմակերպման նախաձեռնողներից մեկը:

Սիսիան քաղաքի առաջնային հիմնահարցերի մեջ Լ. Ավագյանը տեսնում է ներքաղաքային եւ քաղաք մտնող մուտքերի ճանապարհների, մայթերի եւ ընդհանուր լուսավորության կազմակերպման հարցը: Պատահական չէ ասված, որ քաղաքը սկսում է արվարձանով: Ենելով հանրահայտ այդ ճշմարտությունից, Լ. Ավագյանը մտադիր է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի արվարձանների, մասնավորապես այդտեղ կատարվող աղբահանության եւ ճանապարհավերանորոգման աշխատանքները:

Ցավոք, Սիսիան քաղաքում քաղաքաշինությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Շարունակում են ապօրինի կառույցները, որոնց պատասխանատվության հարցը մնում է անհետեւանք: Քաղաքաշինության նորմերի խախտման, միաժամանակ ամենաթողության պայմաններում հարեւանն անգամ կարող է իրեն թույլ տալՙ հարեւանի Աստծո տված արեւն ու լույսը կտրելու, եւ այդ ամենը քաղաքապետարանի աչքի առաջ: Անշուշտ, մնալով անպատիժ, նման անցանկալի քայլին կարող են դիմել նաեւ այլ անձինք, որը բնականաբար անհանդուրժելի է: Ուստի, բնաշխարհագրական դիրքի առանձնահատկություններից ելնելով, քաղաքը ներկայումս ունի քաղաքաշինության խնդիրներով մտահոգ լուրջ ճարտարապետի կարիք: Քաղաքում չի գործում մանկական եւ ոչ մի այգի, թեկուզեւ տարեցների համար նախատեսված զբաղմունքի վայր, կամ հանգստի գոտի:

Քաղաքը չունի շուկա: Թեեւ մեկնաբանվում է, որ ժամանակին այն վաճառվել է անհատների, բայց մեր կարծիքով կարելի է գտնել հարցի լուծման եզրեր: Սիսիանում մեծամասնությունը զբաղվում է իր հողակտորով եւ իր տնամերձի մշակմամբ: Սակայն այստեղ նույնպես տեղ-տեղ առկա են խնդիրներ, ինչպես օրինակՙ ոռոգման ջրի բացակայությունը: Սինչդեռ Սիսիանը հնուց ի վեր հայտնի է, որպես անսպառ ջրի պաշար ունեցող շրջան:

Գաղտնիք չէ, որ բազմաբնակարան շենքերի տանիքները եւ մուտքերը ենթակա են վերանորոգման: Ուստի, կոմունալ տնտեսությունում անհրաժեշտաբար պետք է ավելացնել աշխատողների թիվըՙ քաղաքի կանաչապատումը եւ մաքրությունը ապահովելու համար:

Շարունակվող արտագաղթի պայմաններում Սիսիան քաղաքն այսօր կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդրի առջեւ: Պատճառն անշուշտ միայն օբյեկտիվ չէ: Աշխատատեղերի ստեղծման դեպքում, Երեւանում եւ այլ վայրերում իրենց ուսումը ստացած երիտասարդներից շատերն անշուշտ կվերադառնան հայրենի եզերք եւ մասնագիտական կարողություններով իրենց ներդրումը կունենան քաղաքի համընդհանուր զարգացման գործում: Այս առումով անհրաժեշտաբար պետք է փոխել նաեւ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը:

Կատակեցինք - իսկ իշխող կուսակցությունների «դաբրո» ասածը ունե՞ք, որ առաջադրվել եք:

«Սիանշանակՙ ոչ, հույսս կայուն հասարակության, սիսիանցու խոհեմության, իմ որդեգրած կուսակցության եւ անշուշտ ընկերներիս վրա է», ասաց Լեւոն Ավագյանը:

Ավագանին թիմ է, որ պետք է աշխատի քաղաքապետի հետ: Այդ իմաստով Լ. Ավագյանը ում հետ է պատկերացնում ընտրվելուց հետո իր արդյունավետ աշխատանքը:

«Ով էլ ընտրվի, բարով ընտրվի, ես նրան կշնորհավորեմ: Բոլորի հետ էլ պատրաստ եմ աշխատելուՙ ի շահ իմ քաղաքի եւ իմ ժողովրդի», եզրափակեց ավագանու անդամի թեկնածուն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4