«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՍՈՊՐԱՆՈ

Երբ օգոստոսի 19-ին հոբելյանական համերգից առաջ ձեռքս առա գերմանական Քսանթենի հռոմեական ամֆիթատրոնում անցկացվող 30-րդ բացօթյա փառատոնի ծրագիր-գրքույկը, անկեղծ ասած, ուրախացա եւ զարմացա։ Շապիկին հենց նրաՙ 1992-ին այս բացօթյա բեմում բուռն ծափեր հավաքած Աիդայի լուսանկարն էին դրել։Զարմանքս արդարացված «բացատրություն» ունի։ Ներսի էջերում 30 տարիների ամփոփագիրը կա, բեմադրված օպերային գոհարների վերնագրերին զուգահեռ այնպիսի լուսանկարներ, որտեղ ասենք Մոնսերա Կաբալիեն է, Խոսե Կարրերան...Հասմիկի երգը, այս լուսանկարից, բնական է, չի լսվում, բայց ձայնը... դեմքի սիրուն գծերին համահունչ դուք էլ կլսեք, համոզված եմ, մի պահ ուշադիր դիտելուց հետո։

Այդ ձայնը մոռացնել տվեց, որ խոնավ Գերմանիայում օգոստոսյան տապն անտանելի է, որ Աիդան, Տոսկան ուրիշ դարաշրջաններում ապրած հերոսուհիներ են, որ կեսգիշերն անց է, իսկ ամֆիթատրոնը հոտնկայս բիս է պահանջում։ Զարմանալու առիթ էլի եղավ։Երբ բեմում հայտնվեց մյուս մենակատարըՙ ամերիկացի սոպրանո Դեբորա Սեսունը (Deborah Sasoon) ու երեւի թե չարժանանալով դիրիժոր Նիկոլա Ջուլիանիից (Nicola Giuliani) ակնկալած ուշադրությանը, երգին զուգահեռ սկսեց զբաղեցնել հանդիսատեսինՙ իր սեթեւեթանքն ի ցույց դնելով, առավել ընդգծվեց Հասմիկ Պապյանի վեհ քայլքի, բեմում կանգնելու, վարպետությամբ բացատրվող հանգստությունը։ Պրահայի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հոտնկայս ողջունեց Հասմիկի կատարումը, ամֆիթատրոնը սկսեց տարբերակելՙ ի նշան հավանության բուռն ծափեր ու բռավո Պապյանին, ծափեր ու սուլոց ՙ ըստ կենսագրականի իր կարիերան Մետրոպոլիտենից սկսած ամերիկացի երգչուհուն։

Համերգի ընդմիջմանն էլի զարմացա...Լեհական ռադիոյի բազմամյա աշխատակից պարոն Վոժնիակին մեկ էլ հանդիպել էի 1997-ին Բեռլինում, երբ տեղի օպերայում Հասմիկ Պապյանին վստահել էին Տոսկա երգել։1992-ին Վարշավայում իր պատրաստած ռադիոհարցազրույցի առիթով հանդիպել էր իր բառերով «մոգական» ձայն ունեցող, անչափ պարզ, անկեղծ, իրեն չպարտադրող արտիստուհուն» ու հավատարիմ երկրպագուին բնորոշ «հիվանդությամբ» ահա 51-րդ անգամ ուղեկիցն է լինում նրա մատուցած անզուգական բեմական հրավառությանը աշխարհի որ ծագում էլ լինի։«Հասմիկը մի աստղ է, որ ինձ առաջնորդեց Հայաստան, 2010-ին վերջապես տեսա այն երկիրը, որ նրա աշխարհն է», ոգեւորությունն ինձ է փոխանցում լեհ լրագրողը հավելելով, թե նշանակություն չունի Հասմիկը որտեղ է երգումՙ Մետրոպոլիտենում ունեցած հաջողությունից ,«Դիվա», «աստվածային ձայն», աշխարհահռչակ սոպրանո որակումներից Հասմիկը չի փոխվում, նա հավատարիմ է բեմին, ինչպես նրա երկրպագուն, որ աշխարհից աշխարհ հետեւում է նրանՙ մեկ անգամ էլ այս գեղագիտությամբ իր կյանքը շրջանակելու անհրաժեշտությամբ, մեր սուրանկյուն օրերի մեջ նրա լեգատոները հոգու բալասան դարձնելու հույսով։

Հիմա կասեք ի՞նչ անեն հատկապես հայաստանցի այն երկրպագուները, որ շրջագայելու պատեհությունից զուրկ սպասում են նրա արվեստի հետ նոր հանդիպման։Նախ առաջիկայումՙ Պապյանին կարելի է տեսնել սեպտեմբերի 12-ին Քիշնեւում ի պատիվ Մարիա Բիեշուի անցկացվող օպերայի եւ բալետի աստղերի 20-րդ միջազգային փառատոնին, ուր հանդես է գալու առաջնախաղովՙ Վերդիի «Պարահանդես դիմակահանդես»-ում առաջին անգամ հանդիսատեսի դատին է ներկայացնելու իր Ամելիան, այնուհետ սեպտեմբերի 30-ինՙ համերգ է երգելու Գյումրիում։Իսկ մինչ այդ Ձեր դասական ձայնադարանը կարող եք հարստացնել Հասմիկ Պապյանի մասնակցությամբ վերջերս հրատարակված երկու արժեքավոր նորույթովՙ Պիցցետտիի «Ֆեդրան», (Մոնպելիեի Ազգային նվագախումբ) եւ Բելլինիի «Նորման» (Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբ)։Որն էլ գտնեք, հրաշալի է, սեպտեմբերի 2-ին միացրեք նվագարկիչը, միացեք այդ ձայնը հայտնագործած աշխարհի տարբեր անկյուններում ապրող ունկնդիրներին ու նրանց հետ տարբեր լեզուներով նույնը վանկարկեքՙ տարեդարձդ շնորհավոր, սիրելի՛ սոպրանո։

Անահիտ Հովսեփյան,Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4