«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2012-08-31 | #151, 2012-09-01 | #152, 2012-09-04


ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստեփանակերտ

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ընդունելով Լիբանանից Արցախ ժամանած գործարարների պատվիրակությանըՙ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն են»: Լիբանանցի ավելի քան ութ տասնյակ գործարարներ միավորվել ու ստեղծել են ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը եւ վարկավորում են գյուղատնտեսությունը եւ անասնապահությունը աշխարհի ամենառիսկային համարվող շրջաններից մեկումՙ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի (Քարվաճառ) եւ Քաշաթաղի (նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Ջեբրայիլի, Զանգելանի վարչական միավորներ) հատվածումՙ Մռավից Արաքս ընկած տարածքներում:

«Մենք լավ հնարավորություն ունենք Արցախի գյուղատնտեսությունը զարգացնելու Արաքսի ափին, որտեղ տարվա 320 օրերին արեւ կա», ասաց Սահակյանը: Պատասխանելով գործարարներից Ստեփան Տեր-Պետրոսյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ ազատագրված տարածքները դառնան սակարկության առարկա ԼՂ բանակցային գործընթացում, նախագահ Սահակյանը ասաց. «Մենք քայլ առ քայլ զարգացնելու ենք այդ տարածքները»: Արցախի առաջնորդը դրվատեց այն աշխատանքը, այդ թվումՙ ԱՐԻ-ի, որ կատարվում է ազատագրված տարածքներում: «Ահա դա է ձեր հարցի ամենաշիտակ պատասխանը», ասաց Սահակյանը:

ԼՂՀ նախագահը ԱՐԻ-ի ընկերությանը պարգեւատրեց «Երախտագիտության մեդալով»ՙ Արցախի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելուն ուղղված ջանքերի համար: «Ձեր աշխատանքը նոր շունչ է տվել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին», ասաց Բակո Սահակյանը:

Արցախ այցելության հինգ օրերի ընթացքում Լիբանանից ժամանած ավելի քանի 50 հոգուց բաղկացած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարության եւ վարկառուների հետ Բերձորում, եւ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարության եւ վարկառուների հետ Դադիվանքում: Պատվիրակության անդամները անցան հարյուրավոր կիլոմետրեր, եղան Քարվաճառի լեռնային հատվածում եւ Հակարի գետի ավազանի մի շարք գյուղական համայնքներում ու Արաքսի ափին, այցելեցին Դրմբոնի «Բեյս մեթալս» հանքարդյունաբերական համալիր:

Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով եւ առանց գրավի վարկեր է տրամադրում ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին վարկավորում է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում: Անցնող երկու տարիների ընթացքում շուրջ 1.5 միլիոն դոլար է ուղղվել ավելի քան 600 մանր տնտեսությունների տասնյակ տնտեսություններում: Ստացված վարկերով գյուղացիները գնում են անասուններ, զբաղվում մեղվաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները մի քանի ընտանիքների կթու կովեր նվիրեցին Իշխանաձորում եւ Կովսականում: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում Մռավից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ եւ հաջորդ երեխան: Այս տարի բարեգործությունից կօգտվեն ավելի քան 150 ընտանիքներ: Հինգ տարիների ընթացքում «Արցախ» ֆոնդը ավելի քան 500 կով է բաժանել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4