«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2012-08-31 | #151, 2012-09-01 | #152, 2012-09-04


ՀԱՅ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ

Ունենալով հանդերձ Արցախի ազատագրված տարածքները, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզում անհրաժեշտ է ընդգրկել դրանք:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը կարծում է` եթե տարածում ենք կիսատ քարտեզներՙ առանց ազատագրված տարածքների, դա ինչ-որ առումով նսեմացնում է մեր հաղթանակը, մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը երկուսն էլ հայկական պետություններ են, հետեւաբար հայկական են եւ ազատագրված տարածքները: Եթե չենք ներառում դրանք, Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից դուրս ապրողների մեջ կասկածանք է առաջանում, հատկապես զբոսաշրջիկների մեջ` ո՞ր հանրապետությանն են պատկանում դրանք:

Երեկ` Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզի օրը, Տիգրան Քոչարյանը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր կիրառում են 2 հանրապետությունների քարտեզները, տարածել միացյալ քարտեզը` ազատագրված տարածքներով, ինչը նաեւ կլինի կարեւոր գործոն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմում:

Տիգրան Քոչարյանի հորդորն ուղղված է ե՛ւ նախարարություններին, ե՛ւ առհասարակ պետական մարմիններին: Ըստ նրա` մի քանի նախարարություններ արդեն կիրառում են միացյալ քարտեզը, օրինակ` գյուղատնտեսության նախարարությունը, կրթության ու գիտության նախարարությունը, որը միացյալ քարտեզն արդեն հրատարակել է դասագրքերում: Քարտեզը նաեւ կա վաճառքում, ընդգրկվել է մի քանի օր առաջ տպագրված ազգային ատլասի մեջ:

Մասնագետն ասում է` միացյալ քարտեզի առնչությամբ ադրբեջանցիները բողոք են բարձրացրել: Օրինակ` եթե քարտեզը հայտնվում է զբոսաշրջային որեւէ գործակալության կայքում, ադրբեջանցիները բողոքում են, թե տվյալ գործակալությունը սխալ քարտեզ է տեղադրել, սակայն այդպես հասնում են հակառակ արդյունավետությանը. արդեն հետաքրքրությունից ավելանում է կայքի այցելուների թիվն ու բարձրանում գործակալության հեղինակությունը:

Ըստ Տիգրան Քոչարյանի` եթե միացյալ քարտեզը Հայաստանից դուրս տարածելու հարցում կան դիվանագիտական նրբություններ, ապա մեր ներսում կարող ենք տարածել ազատորեն:

Տիգրան Քոչարյանը նաեւ խոսեց տեղեկատվական անվտանգությունից, որը Հայաստանում, նրա կարծիքով, բավականին ուժեղ է, բայց նկատի ունենանք, որ առաջիկայում Ադրբեջանից հայկական կայքերի վրա հակագրոհ է սպասվում, քանի որ նախորդ երկու օրերին հայ հաքերները գրոհել են ադրբեջանական կայքերի վրա ու հայերի կոտրած բազմաթիվ կայքերից են եղել նաեւ Ադրբեջանի նախագահի ու նրա կնոջ կայքերը: «Երկրի առաջին դեմքի կայքը կոտրելը նրանց համար մեծ վիրավորանք է», ասում է Տիգրան Քոչարյանը, որի կարծիքով այդպիսի վիրավորանքից հետո պետք է սպասել հակագրոհի, հետեւաբար հիմա պետք է բարձրացնել կայքերի անվտանգությունը` սկսած լրատվամիջոցների կայքերից` վերջացրած ֆեյսբուքի Էջերով:

Տեղեկատվության անվտանգության մասնագետը նախ խորհուրդ է տալիս սեփական էջով (account) չմտնել ադրբեջանական խմբերն ու բաժինները, լավ կլինի մտնել ու գրառումները թողնել կեղծ անվան տակ ու այնպես անել, որ ֆեյսբուքով էջը գտնել հնարավոր չլինի:

Տիգրան Քոչարյանը նաեւ հորդորեց սոցիալական ցանցերի օգտատերերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներինՙ չտարածել Ռամիլ Սաֆարովի լուսանկարները. «Քանի որ համացանցում որոնում ենք Գուրգեն Մարգարյան, սակայն ցույց է տալիս Ռամիլ Սաֆարովի նկարները»: Սոցցանցերի օգտատերերը նաեւ կարող են ժամանակավոր սառեցնել իրենց էջերը` պաշտպանվելու համար ադրբեջանցի հաքերներից:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4