Այս օրերին, երբ դատապարտող հայտարարություններ են հնչում ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու եւ ներում շնորհելու մասին, եւ Հայաստանի նախագահն անմիջապես հնչեցրեց իր գնահատականները, բնական է, որ հանրությունը սպասում էր նաեւ Հայաստանի նախորդ երկու նախագահների գնահատականներին:
Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էր հայտարարություն տարածել, որտեղ, ճիշտ է, մեկնաբանություններ չկան Հայաստանի հետագա քայլերի մասին այս նոր իրավիճակում, սակայն բուն իրողության գնահատականը կա, եւ անգամ առաջարկ է արվում Հունգարիային` ճանաչելու Արցախի անկախությունը. «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», ասված է հայտարարության մեջ:
Սակայն սա մի տեսակ թերի հայտարարություն է, քանի որ ով ճանաչում է Ռ. Քոչարյանին, վստահ է` նա առավել հանգամանալից վերաբերմունք կարտահայտի դեռ եւ չի շրջանցի Հայաստանի ներկա քայլերի գնահատումը:
Մ. Խ.