«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2012-09-01 | #152, 2012-09-04 | #153, 2012-09-05


ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ԵՎՍ ՄԻ ՕՐԻՆԱԿ

Միացյալ Նահանգներում հիմնված «Սիմոն Վիզենթալի կենտրոնում», որը զբաղվում է Հոլոքոսթի ուսումնասիրությամբ, հունգարացի նախկին զինվորական Չարլզ Զենթաին գրանցված է ամենաշատ հետապնդվող այն 10 մարդկանց ցանկում, որոնք 1944 թվին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են մարդկանց հետապնդմանը, հալածանքներին ու հրեաների սպանությանը:

Ըստ բրիտանական «Գարդիան» թերթի` Չարլզ Զենթաին հիմա ապրում է Ավստրալիայում, թեեւ Ավստրալիայի ու Հունգարիայի միջեւ կա էքստրադիցիայի համաձայնագիր, սակայն ավստրալացի դատավորները նշում են, որ այս դեպքում համաձայնագիրը չի կիրառվի:

Չարլզ Զենթաին հիմա ապրում է ազատության մեջ, ինչպես ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը, եւ ազատության մեջ է շնորհիվ հունգարական պետության, որը չխնայեց իր ջանքերը Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու համար, սակայն խնայեց նախկին զինվորական Զենթաիին իր երկիրը տեղափոխելու համար:

Ավստրալիայում Չարլզ Զենթաին ընդամենը կասկածյալ է, մեղադրվում է հրեա երիտասարդին ծեծելով սպանելու մեջ, հիմա նա վճարված գրավի դիմաց ազատության մեջ է, ու հաշվի առնելով նրա տարիքը, արդեն 90 տարեկան է, կյանքի մնացած տարիները բանտում անցկացնելը նրա համար կլինի մահացու: Սակայն խնդիրը ոչ թե կասկածյալի տարիքն է, այլ փաստը, որ նա Ավստրալիա գաղթել է 1950 թվին, եւ հունգարական արդարադատությունը եթե իսկապես ուզենար պատժել Չարլզ Զենթաիին անցած շուրջ 60 տարիների ընթացքում նա կհայտնվեր հունգարական բանտում:

Էքստրադիցիան մերժելու ավստրալական դատարանի որոշումը բխում է ավելի շատ Հունգարիայի շահերից, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրենսդրությունն աշխատել է հօգուտ Չարլզ Զենթաիի. ավստրալական դատարանը սահմանել է` երբ հրեա պատանին մահացել է, պատերազմական ժամանակներում կատարվող հանցանքի մասին հունգարական օրենսդրությունում նշված չի եղել, հետեւաբար Զենթաիի կատարածը չի համարվում հանցագործություն: Ավստրալա-հունգարական այս «մարդասիրությամբ» էլ Զենթաին մնացել է անպատիժ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4