«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2012-09-04 | #153, 2012-09-05 | #154, 2012-09-06


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

96 «կողմ», 1 «դեմ» ձայներով երեկ Ազգային ժողովն իր արտահերթ նիստում ընդունեց դատապարտող հայտարարություն` մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ներում շնորհելու փաստով: «2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանություների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ»` այսպես է հայտարարության անունը: Հայտարարության տեքստը, որ երկօրյա բուռն քննարկումներ էր անցել եւ ապա քննարկվող տեսքն ընդունել, ամփոփիչ ելույթով ներկայացրած ՀՀԿ-ական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ միայն խմբագրական բնույթի փոփոխություններն են ընդունվել, եւ կարեւորեց դրա կոնսենսուսով ընդունումը:

ԱԺ-ն հայտարարում է, որ Հունգարիայի իշխանությունը եւս կրում է կատարվածի պատասխանատվությունը, դատապարտում է Հունգարիայի իշխանությունների վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

Անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին` հայտարարությամբ նշվում է, որ վերջինս այդ քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը եւ ավելի խորացնում սանձազերծած հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը: Հայտարարության մեջ կետ կա այն մասին, որ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն, որ ԼՂՀ-ն որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել, ապա եւ հորդորվում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին` դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ 2012 թ. օգոստոսի 31-ին իրականացված գործարքը: Հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովն ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը եւ համապատսախան հստակ գործողությունները:

Ասենք, որ չնայած քվեարկությամբ արտացոլված կոնսենսուսին` այս հայտարարության քննարկումները բավական բուռն էին, նրա մի դրույթին հատկապես անհամաձայն պատգամավորներ կային (ԼՂՀ-ն որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չլինելու) եւ գտնում էին, որ այդ կետի փոխարեն պետք է լինի Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու եւ նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու դրույթ («Ժառանգություն», ՀՅԴ): Իսկ դա մեծամասնությունը վաղաժամ էր համարում: Բավական քննադատվեց նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն ` տեղի ունեցողը չկանխելու եւ ժամանակին համարժեք քայլեր չանելու համար: Մոտ երեք տասնյակ պատգամավոր էր հերթագրվել, կային եւ խիստ քննադատական, եւ շատ բովանդակալից ելույթներ, որոնք, ափսոս, թերթի սուղ տարածքում հնարավոր չէ ներկայացնել:

Ասենք, որ քննադատությունից հետո նիստի համարյա վերջում պարզաբանումներ տված Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց պատմությունը, որ 2004-ից դեռ Հունգարիայից Սաֆարովին ստանալու Ադրբեջանի ջանքեր կային, իսկ հայկական կողմի` այդ քայլի անթույլատրելիության մասին հիշեցումներին Հունգարիան պարբերաբար հավաստիացրել է, որ դա բացառվում է, ներառյալ այս տարվա օգոստոսի 22-ից 24-ը: Եվ անգամ օգոստոսի 28-ին, երբ հայկական կողմն իր նախաձեռնությամբ մեկնել է Հունգարիա` ճշտելու այդ տեսակ լուրերի հավանականությունը, նույնպես այս կարգի հավաստիացում է ստացել: Արտգործնախարարն ասում էր, որ Հունգարիայի կառավարությունը հոդաբաշխ բացատրություն չի կարողանում ներկայացնել, թե ինչո՞ւ է գաղտագողի գործել, եւ ընդամենը մի շինծու նամակ է ցույց տալիս, որով իբր հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին: Սեպտեմբերի 2-ին Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը եւս ցույց է տվել, թե նախագահող երկրները տեղյակ չեն եղել այս գործարքին: Հայաստանի արտգործնախարարն ասում էր, որ Հունգարիայի կառավարությունը այս գործարքով մեծ հարված է հասցրել իր երկրի հեղինակությոանը, հայ-հունգարական հարաբերություններին, մինչդեռ հունգարացի ժողովուրդը չի ընդունում իր կառավարության այս քայլը եւ դատապարտում է այն: Նա հույս ուներ, որ հայ եւ հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել այս փորձությունը. «Մարդասպանին ազատ արձակելու եւ մեծարելուՙ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի եւ ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Ես կցանկանամ մեջբերել րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությունը, որտեղ հատկապես մտահոգություն է հայտնվում, որ այս գործարքում չարաշահվել է Եվրոպայի խորհրդի իրավական գործիքը»: Նա ասում էր, որ միջազգային հանրությունը թույլ չպետք է տա Ադրբեջանի արկածախնդրական քաղաքականությունը բանակցային գործընթացի քողի տակ, եւ Հայաստանն էլ պետք է գործի գործընկեր երկրների եւ միջազգային կառույցների հետ համատեղ` շարունակելով միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ եւ կառուցողական մեր քաղաքականությունը` ավելացնելով ջանքերըՙ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:

Նշենք, որ թեեւ ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանը , Նաիրա Զոհրաբյանը , Վահե Հովհաննիսյանը կոշտ քննադատել էին Հայաստանի դիվանագիտական կորպուսին` նշելով բացթողումները, սակայն ԲՀԿ խմբակցության տեսակետը վերապահված էր ներկայացնել Ստեփան Մարգարյանին , որը եւ փաստաթուղթը նորմալ եւ իրավիճակին համապատասխանող անվանեց: Նույն կերպ «Ժառանգության» անունից Ռուբիկ Հակոբյանը բազմաթիվ թերություններ էր գտել հայտարարության մեջ` այն թույլ փաստաթուղթ անվանելով, բայց միայն Զարուհի Փոստանջյանն էր դեմ քվեարկել: ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնող Աղվան Վարդանյանը հորդորում էր Ազգային ժողովին ավելի համարձակ լինել` քանի որ Հայաստանի նախագահի կոշտ հայտարարությունների նշաձողն այս հայտարարությամբ իջեցվում է: Իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը , թեեւ հիշեցրեց ավելի վաղ արտահանձնման վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարության կոշտ դրույթները, այդ թվում այն, որ արտահանձնման համար պատասխանատվությունը կիսում է նաեւ մեր իշխանությունը, բայց եւ նշեց, որ իրավիճակը պայթյունավտանգ է, այդ թվում հղի պատերազմի էսկալացիայով, եւ կոշտ հակասություններ ունենալով իշխանությունների հետ` գիտակցում է այս հարցով միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Եւ ՀԱԿ-ը նույնպես կողմ քվեարկեց հայտարարությանը: Իսկ նրանից հետո եյլույթ ունեցած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ երեւի հենց այս իրողությունն էր ակնարկում, ասելով, թե գնահատում է միահամուռությունն այս փաստաթղթի հետ կապված: Իսկ մինչ այդ էլ ինչ միտք ասես հնչել էր` «Կարթագենը պետք է կործանվի» ( Ա. Գեղամյան ), «Ձախողումներն արտաքին քաղաքականության մեջ կարող են տանել գերեզման» ( Է. Շարմազանով ), «Հայրենասիրության մրցույթը ծիծաղելի է» ( Ն. Զոհրաբյան ) ու նույնիսկ երկաթե շերեփի անհրաժեշտության ( Հ. Հարությունյան ) եւ կատարվածում տարածաշրջանային չափման առկայություն էր ակնարկվել Ադրբեջանի գործողություններում ( Ս. Ֆարմանյան ): Ազգային Ժողովի նախագահն էլ արտահաերթ ելույթում մի լավ «նախշել» էր Ադրբեջանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4