Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, որով պահանջում է մարդասպան Սաֆարովին հետ ուղարկել պատիժը կրելու: Ֆեդերացիան գրավոր հարցեր է ուղղել Հոլանդիայի արտգործնախարարին, դիմել Հոլանդիայի կառավարությանն ու խորհրդարանին` խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ Հունգարիայի ու Ադրբեջանի գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու բորբոքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը:
Հոլանդահայ ֆեդերացիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովը կրի իր պատիժը: Սա միակ ճանապարհն է կասեցնելու լարվածության ուժեղացումը: Իսկ կառավարությանը դիմելով հոլանդահայ ֆեդերացիան պահանջում է, որ թե՛ երկկողմանի, թե՛ ԵՄ հարաբերությունների շրջանակում դատապարտվեն Հունգարիայի ձեռնարկած արտահանձնումը եւ Սաֆարովի մեծարումն Ադրբեջանում:
Իսկ այսօր տեղի կունենա բողոքի ցույց Հաագայում` Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց, արտահայտելու համար դժգոհությունը կատարված գործարքի նկատմամբ:
Ի. Պ.