«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2012-09-06 | #155, 2012-09-07 | #156, 2012-09-08


ԱՂԱՆԴԸ ՄԻՋԱՎԱՅՐ Է, ՈՐՏԵՂ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՍՏՐԿԱՆՈՒՄ Է

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը պատմում է, թե իր ծանոթներից մեկին ինչպես են համոզում, որ ընդգրկվի աղանդի մեջ, ասում են` աշխարհը կործանվելու է, եթե չընդգրկվես աղանդի մեջ, ապա չես փրկվի: Ի պատասխանՙ հոգեբանի ծանոթը հարցրել է` իսկ ի՞նչ է լինելու այդ դեպքում իր հոր հետ, նա է՞լ չի փրկվի: Աղանդավորների պատասխանը եղել է հետեւյալը` եթե դու ընդգրկվես, հորդ փրկվելու հնարավորությունն էլ կմեծանա: Այսպիսի պարզունակ, անմիտ ու անիմաստ բացատրություններով, խոստումներով աղանդավորները դեպի իրենց են ձգում մարդկանց, ու հասցնում նույնիսկ մի հոգեվիճակի, որ մարդիկ իրենց ողջ ունեցվածքը նվիրաբերում են աղանդավորական կազմակերպությանն առանց մտածելու, որ հետո մնալու են աղքատ ու սնանկ:

Աղանդներում մարդու անձը սկսում է քայքայվել, ապա քայքայվում են սոցիալական կապերը` հիմնականում տուժում է ընտանիքը: Հոգեբանն աղանդների հասցրած վնասները 2 խմբի է բաժանում` վտանգներ, որոնք դրսեւորվում են մարդու ու հասարակության մակարդակով:

Աղանդներից հետդարձի ճանապարհ մասնագետները տեսնում են, սակայն դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մարդն ինքն է ուզում հրաժարվել աղանդից:

Եսայի քահանա Արթենյանը հիշում է դեպքեր, երբ հոգեւորականներին դիմել են աղանդավորի հարազատները` փորձելով գտնել ելք հարազատի համար:

Միանգամից աղանդավորի մոտ գնալն ու նրան դարձի բերելն անհնարին է, սակայն ժամանակի ընթացքում, հարազատների օգնությամբ, հոգեւորականները փորձում են սթափեցնել աղանդավորին: Հաճախ, երբ աղանդի հետեւորդը գալիս է սթափ վիճակի, սկսում է գիտակցել իր արարքների անհեթեթությունը: Իսկ աղանդը, քահանայի բնորոշմամբ, այն միջավայրն է, որտեղ մարդը հոգեպես ստրկանում է:

Աղանդների ներգործությունը հատկապես մեծ է լինում երիտասարդության վրա, քանի որ երիտասարդների անձը դեռեւս փխրուն է:

Երեկվա ասուլիսի ժամանակ Եսայի քահանան նշեց, որ չկա որեւէ պաշտոնական հստակ թիվ, թե Հայաստանում քանի՞ աղանդավոր կա: Աղանդավորների թվի մասին տվյալները, ըստ քահանայի, իրենք վերցնում են Միացյալ Նահանգների դեսպանատնից կամ միջազգային կազմակերպություններից: Եվ փաստը, որ մեր հոգեւոր ու պետական մարմինները իրենք էլ հստակ չգիտեն իրենց երկրում ապրող` իրենց ասած մոլորված անձանց մասին, ու միայն մոտավոր տվյալներ քաղում են ԱՄՆ դեսպանատնից կամ ինչ-որ կազմակերպություններից, չգիտեմՙ զարմանալի, թե ցավալի բնութագրեմ, թերեւս երկուսը միասին: Ինչեւէ, աղանդավորների հետեւորդների մոտավոր թիվը, ըստ քահանայի, 100 հազարն է: Քահանան աղանդների միջից ամենավտանգավորը համարում է «Կյանքի խոսք» կոչվող աղանդը: Սակայն սա չի նշանակում, թե մյուս աղանդներն անվտանգ են: «Ըստ էության, բոլոր այդ կազմակերպություններում գործում է նույն մեխանիզմը», ավելացնում է հոգեբանը:

Ի. Պ.

Հ. Գ. - Երեկվա ասուլիսին, ըստ նախօրոք տարածված հաղորդագրության, պետք է ներկա լինեին եւ աղանդներից տուժածներ, սակայն ոչ մի տուժած էլ չեկավ: Առաջին անգամը չէ, երբ կազմակերպիչները տարածում են թյուր տեղեկատվություն լրագրողների հավաքելու նպատակով: Երբ ասուլիսը վարողից հետաքրքրվեցի` գալո՞ւ են աղանդներից տուժածները, պատասխանեց` դե հաշվի առնելով նրանց հոգեկան վիճակը... Կարճ ասած` իրենք լավ գիտեին` ոչ մի տուժած էլ չէր գալու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4