«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸՙ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ստամբուլում անցկացված շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան ավարտվեց հայկական շախմատի նոր փառահեղ նվաճմամբ: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտական տուրում 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով հունգարացիներին, 11 մրցախաղերում վաստակեց 19 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունքի հասած ռուսներին, նվաճեց օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին 4 օլիմպիադաներում հայ շախմատիստները 3-րդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվեցին: Սա վկայում է մեր շախմատիստների մտավոր մեծ ներուժի, խաղային բարձր որակների, թիմային ոգու մասին, որ Ստամբուլում դրսեւորեցին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը : Նրանք մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Հայաստանը վերջին տասնամյակում իրոք ուժեղագույնն է շախմատային աշխարհում: 1992-ից մասնակցելով համաշխարհային 11 օլիմպիադաների, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6 անգամ դարձել է մրցանակակիրՙ 3 անգամ էլ արժանանալով բրոնզե պարգեւների: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը դարձան օլիմպիական եռակի չեմպիոններ, ինչը համաշխարհային շախմատի պատմության մեջ քչերին է հաջողվել: Տիգրան Պետրոսյանի համար այս հաջողությունը 2-րդն էր, իսկ Սերգեյ Մովսիսյանն առաջին անգամ նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը:

Երեկ երեկոյան օլիմպիադայի հերոսները վերադարձան Ստամբուլից: Օդանավակայանում մեր շախմատիստներին անձամբ դիմավորեց հանրապետության նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ հավաքված բազմությունը ջերմորեն դիմավորեց ազգի հերոսներ դարձած մեր շախմատիստներին, որոնք արժանի են փառք ու պատվի:

Ազատության հրապարակում մեր չեմպիոնների պատվին տոնական համերգ էր կազմակերպվել, որն ավարտվեց հրավառությամբ: Այնուհետեւ հավաքականն ուղեւորվեց նախագահական նստավայր, որտեղ տոնական ընդունելություն էր կազմակերպվել: ՀՀ նախագահը շնորհավորելով շախմատիստներին հերթական փառահեղ հաղթանակի առիթով, նրանց պարգեւատրեց շքանշաններով: Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ու Լեւոն Արոնյանը պարգեւատրվեցին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանն արժանացան Պատվո շքանշանի :

Օլիմպիադայի ավարտական տուրից առաջ տղամարդկանց մրցաշարում եռիշխանություն էր: 17-ական միավորով առաջատարներն էին Հայաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականները, ընդ որում լրացուցիչ գործակիցներով մերոնք 2-րդ տեղում էին, իսկ աղյուսակը գլխավորում էին չինացի շախմատիստները: Վերջիններս իրենց մրցավեճն ուկրաինացիների հետ ավելի շուտ ավարտեցինՙ պարտվելով 1-3 հաշվով: Իսկ դա նշանակում էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայերի եւ ռուսների միջեւ: Լեւոն Արոնյանն արագորեն ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ, Գաբրիել Սարգսյանն էլ հաշտություն կնքեց Ֆերենց Բերկեշի հետ: Իսկ ահա 2-րդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Զոլթան Ալմաշիին, ինչը վճռորոշ եղավ: Դրանից հետո Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Հուդիթ Պոլգարի հետ: 2,5-1,5 հաշվով տոնած հաղթանակը բավական էր վերջնական հաջողության համար: Ռուսները թեեւ գերմանացիներին հաղթեցին 3-1 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին հայերին չեմպիոնի տիտղոսը: 18 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց նախորդ օլիմպիադայի չեմպիոն Ուկրաինայի հավաքականը: Չինաստանն ու ԱՄՆ-ը 17-ական միավորով գրավեցին 4-րդ եւ 5-րդ տեղերը: Ադրբեջանը 15 միավորով եզրափակեց լավագույն տասնյակը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում լավագույն արդյունքը ցույց տվեց թիմի վետերան, 42-ամյա Վլադիմիր Հակոբյանը, որը պարտություն չկրեցՙ 10 պարտիաներում վաստակելով 7,5 միավոր: 10 հնարավորից 7 միավոր վաստակեց Լեւոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ ուժեղագույնը ճանաչվեց ու պարգեւատրվեց ոսկե մեդալով: Վլադիմիր Հակոբյանն էլ արծաթե մեդալի արժանացավ 3-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքով:

Վստահ հանդես եկավ նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը մասնակցելով բոլոր 11 պարտիաներին, վաստակեց 7 միավոր: 10 մրցախաղերում իր թիմին 5 միավոր պարգեւեց Սերգեյ Մովսիսյանը, որի հաղթանակը Զոլթան Ալմաշիի նկատմամբ ոսկու արժեք ունեցավ: Տիգրան Պետրոսյանն էլ առաջին 3 տուրերում փոխարինելով իր խաղընկերներից մեկին, թիմին 2,5 միավոր պարգեւեց:

Մեկ անգամ եւս հիշեցնենք հայ շախմատիստների ցուցանիշները. Բոլիվիաՙ 3-1, Բանգլադեշՙ 4-0, Իսպանիաՙ 2,5-1,5, Ֆիլիպիններՙ 2,5-1,5, Ուկրաինաՙ 2,5-1,5, Ռուսաստանՙ 2-2, Չինաստանՙ 1,5-2,5, Ուզբեկստանՙ 3-1, Գերմանիաՙ 2,5-1,5, Հոլանդիաՙ 3-1, Հունգարիաՙ 2,5-1,5:

Ի դեպ, Թուրքիան նախապես խոստացել էր, որ օլիմպիադայում հաղթող ճանաչված երկրի պատվին դրոշմանիշ եւ ծրար է թողարկելու:

Վստահ հանդես եկավ նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որը 16 միավորով գրավեց 6-րդ տեղըՙ կրկնելով 2008-ին Դրեզդենում ցույց տված իր լավագույն արդյունքը: Եվ եթե վիճակահանությունը բարեհաճ գտնվեր մեր շախմատիստուհիների հանդեպ ու նրանք նախավերջին տուրում չմրցեին ռուսների հետ, ապա մասնակիցների մեջ միջին վարկանիշով 8-րդը համարվող մեր ընտրանին կարող էր բրոնզե մրցանակակիր դառնալ:

Ավարտական տուրում մեր շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին լեհերին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին համապատասխանաբար Մոնիկա Սոչկոյին եւ Իվետա Ռայլիխին: Մարիա Կուրսովան հաշտություն կնքեց Կարինա Ցեպկովսկայայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Յոլանտա Զավադսկայային:

Մեր թիմում գերազանց հանդես եկան Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովանՙ 11 հնարավորից վաստակելով 8-ական միավոր: Էլինա Դանիելյանը 10 հնարավորից 6,5 միավոր վաստակեց: Անհաջող խաղաց Լիլիթ Գալոյանը, որը 9 պարտիաներում միայն 3 միավոր պարգեւեց թիմին: Աննա Հայրապետյանն էլ 3 պարտիաներում 1 միավոր գրանցեց իր օգտին:

Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը 2-րդ անգամ անընդմեջ նվաճեց Ռուսաստանի կանանց հավաքականը, որը 4-0 հաշվով հաղթելով ղազախներին, 19 միավորով գրավեց 1-ին տեղը: Նույնքան միավոր վաստակած Չինաստանի հավաքականը ռուսներին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Բրոնզե մրցանակակիր դարձավ Ուկրաինայի ընտրանին, որը վաստակեց 18 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4