Ֆրանսիացի սիրիագետի կանխատեսումները
Սիրիայում 1963 թվականից իշխող «Բաաս» աշխարհիկ կուսակցությունը մինչեւ վերջերս, թեկուզ հալածանքների եւ արյան գնով, երկրում ապահովում էր քաղաքացիական հաշտություն: Դամասկոսում հիմնականում ոչ սուննի մահմեդական իշխանավորները չգրված օրենքով ստեղծել էին փոքրամասնություններիՙ ալավիների, քրիստոնյաների, դրուզների, իսմայիլականների ամուր դաշինք: 1970-2000 թվականներին երկիրը ղեկավարած գեներալ Հաֆեզ ալ Ասադըՙ ներկայիս նախագահի հայրը, բարյացակամորեն էր վերաբերվում մասնավորապես հայերին, որոնցից ոմանք հասան շատ բարձր պաշտոնների: Այսպես, պատգամավոր Գրիգոր Էբլիղաթյանը տասնամյակներ շարունակ հայ համայնքի ներկայացուցիչն էր եւ նախագահ Հաֆեզ Ասադի ԽՍՀՄ գործերի գծով խորհրդականը:
2011-ի մարտին Սիրիայում սկսված եւ մինչեւ օրս շարունակվող զինված ապստամբությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Խոսքը ոչ միայն իշխանափոխության վտանգի ու դրա հետեւանքների, այլեւ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ապագայի մասին է: Քանի՞ հայ է ապրում 1946-ից անկախացած Սիրիայում: Ամենալավատեսական հաշվարկների համաձայն, նրանց թիվը հասնում է 80 հազարի, սակայն իրատեսական հաշվարկները թույլ են տալիս խոսել դրա կեսի մասին: Իսկ վերջին ամիսներին բանակի եւ ապստամբների կատաղի բախումների պատճառով զանգվածային արտագաղթ է սկսվել: Հայերն ապրում են առավելապես Հալեպ, Դամասկոս, Կամիշլի եւ Քեսապ քաղաքներում, արհեստավորներ են, առեւտրականներ, բարձրակարգ մասնագետներ:
Ներկայիս քաղաքացիական պատերազմը կազմալուծում է երկրի տնտեսությունը: Առաջին անհրաժեշտության մթերքները պակասել եւ կտրուկ թանկացել են: Բացի դրանից, տեղի են ունենում մարդկանց առեւանգումներՙ փրկագնման նպատակով: Դրանց զոհն են դառնում նաեւ հայերը, քանզի հայտնի են որպես համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրող փոքրամասնություն: Մարտերի ասպարեզ դարձած Հալեպի եւ մյուս քաղաքների փողոցները ցերեկային ժամերին գրեթե դատարկ են:
Չնայած Բաշար ալ Ասադի դեմ կռվող ապստամբների հավաստիացումներին ու խոստումներին, Սիրիայի փոքրամասնությունները վախենում են վատթարագույնից, տվյալ դեպքումՙ իրաքյան սցենարի կրկնությունից, որը հանգեցրեց քաոսի եւ կրոնական արմատականության:
Քրիստոնյաների մտահոգության պատճառները շոշափելի են: Հնչում են նրանց դեմ ուղղված անսքող սպառնալիքներ, այս տարվա հունիսին Հոմս քաղաքում կողոպտվեցին հայկական եկեղեցին եւ դպրոցը... Ի դեպ, Հոմս քաղաքից արդեն 138 հազար քրիստոնյա է փախել սիրիացի եւ օտարերկրացի սալաֆիստ մարտիկների սպառնալիքների պատճառով:
Հայերը թեեւ չեզոքություն են պահպանում, բայց 2011-ի մարտից ի վեր տասնյակ զոհեր են տվել: Նրանց թվում են զինծառայողներ Վիգեն Հայրապետյանը եւ Լեւոն Գույումճյանը, ինչպես նաեւ խաղաղ բնակիչ Արաքսի Պետրոսյանը, որը Սուլեյմանիե քրիստոնեական թաղամասում զոհվեց ականված ավտոմեքենայի պայթյունից:
Սիրիացի ապստամբները զենք եւ ֆինանսական օգնություն ստանում են դրսից. մեծ դերակատարություն ունեն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ այլ երկրների հիմնադրամները:
Սիրիայից ստիպված հեռացող հայերը զանգվածաբար մեկնում են Բեյրութ կամ Երեւան: Իրավիճակից օգտվելովՙ «Արմավիա» ընկերությունը օգոստոսին Հալեպ-Երեւան տոմսը վաճառում էր 237-250 հազար դրամովՙ սովորական 119 հազարի փոխարեն: Սիրիահայերին Հայաստանում օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն մոտ 1 մլն դոլար է հատկացրել: Շատերը փորձում են երկքաղաքացիություն ստանալ, իսկ ոմանք Հայաստանից մեկնել Արեւմուտք: Սիրիայի ներկայիս միջազգային մեկուսացման պայմաններում այնտեղ մուտքի այցագրեր տվող հատուկենտ օտարերկրյա ներկայացուցչություններ են մնացել: Մայր հայրենիքում սիրիահայերի ինտեգրումը բավական դժվար է զանազան քաշքշուկների եւ կաշառակերության պայմաններում:
Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, աշխարհագրագետ, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Արեւելքի տան միջերկրածովյան եւ մերձավորարեւելյան հետազոտությունների խմբի ղեկավար Ֆաբրիս Բալանշը կարծում է, որ Բաշար Ասադի վարչակարգը արտաքին օժանդակության շնորհիվ կարող է գոյատեւել երկար տարիներ, բայց վարչակարգին ենթակա տարածքը աստիճանաբար կկրճատվի, եւ կմնա միայն ծովափնյա մասըՙ նախագահի «միջնաբերդը»: Ներկայումս մարտեր են մղվում ոչ միայն Հալեպում, այլեւ շրջակա տարածքներում: Վարչակարգը փաստորեն կորցրել է գյուղական շրջանները եւ Հալեպի շրջակա փոքր քաղաքները (Ազազ, Արքհա, Ժեսսեր, Շողուր, Ստիրեհ): Հյուսիսում քրդաբնակ շրջանները վստահվել են PKK-ին: Վարչակարգը կորցնում է նաեւ Եփրատի հովիտը, որը մեծ մասամբ շատ հեռու է Դամասկոսից, մոտ է Իրաքի սուննիական մասին եւ բնակեցված է իշխանությունների հանդեպ թշնամաբար տրամադրված սուննիներով:
Վարչակարգի դիրքերն ամուր են ծովափնյա տարածքում, Հոմսի շրջանում եւ Սիրիայի հարավումՙ Դամասկոսի, Սուեյդայի եւ Դերաայի շուրջը: Դիրքերի ամրությունը բացատրվում է իշխանամետ կամ բարյացակամ չեզոքություն պահպանող բնակչության ներկայությամբ (ալավիներ, դրուզներ եւ քրիստոնյաներ), ինչպես նաեւ Դամասկոսում եւ մերձակայքում ռազմական ուժի տեղաբաշխմամբ:
Պատրիս Բալանշի կանխատեսումների համաձայն, Սիրիան աստիճանաբար կբաժանվի 3 մասի. քրդական գոտի, Հալեպ-Դեր Զորի գոտի (որը վերջին հաշվով վերահսկելու են ապստամբները) եւ վարչակարգին ենթակա գոտի (ալավիների շրջան եւ երկրի հարավ): Ժամանակավոր սահմանազատման գիծը կանցնի Համայի եւ Հոմսի միջեւ, Որոնտեսի կամրջով:
2012-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, անկասկած, միջազգային լուրջ բանակցություններ կծավալվեն Սիրիայի ապագայի հարցի քննարկման նպատակով: Իսկ մինչ այդ Պարսից ծոցի նավթային միապետությունները կշարունակեն զինել ապստամբներին, որպեսզի նրանք հնարավորինս շատ տարածքներ գրավեն, իսկ վարչակարգը կփորձի նրանց դուրս քշել Դամասկոսից, Հոմսից, Հալեպից եւ Դեր Զորից:
Քաղաքային սուննի բուրժուազիան ընդհանուր առմամբ պաշտպանում է վարչակարգին, բայց երբեմն փոքր չափով օգնում է ապստամբներին, մտածելով հնարավոր իշխանափոխության մասին: Վարչակարգի անկման դեպքում Սիրիայի ծովափնյա շրջանում հավանական է ալավիների պետության ստեղծումը, քանզի տասնամյակներ շարունակ ալավիները նախապատրաստվում են իրավիճակի շրջմանը: Արդեն 1970-ականներից Հաֆեզ Ասադը ամրացնում էր այդ շրջանըՙ ի դեպս Դամասկոսում իր իշխանության կորստի: Ծովափնյա գոտում ալավիները կազմում են ամբողջ բնակչության 70 տոկոսը, սուննիներըՙ 20 տոկոսը, քրիստոնյաներըՙ 10 տոկոսը: Տնտեսապես այդ շրջանը կարող է ինքնուրույն գոյատեւել: Տեղումները շատ են, հողըՙ արգավանդ, ինչը չի կարելի ասել հյուսիսարեւելյանՙ քրդական շրջանների մասին: Ծովափնյա գոտում զարգացած է նաեւ ծանր արդյունաբերությունը, կան ջերմաէլեկտրակայան, նավթավերամշակման գործարան, ցեմենտի գործարան (Տարտուս նավահանգստում), երկու միջազգային նավահանգիստ, մեկ խոշոր օդանավակայան (Լաթաքիայում) եւ լեռնային ռազմակայաններ:
Սիրիայի մասնատումը ամեն դեպքում աղետաբեր կլինի քրիստոնյաների համար, որոնք ներկայումս կազմում են երկրի բնակչության գրեթե 10 տոկոսը: Բաշար Ասադի հովանավորությունից զրկվելովՙ նրանցից շատերը ստիպված կլինեն արտագաղթել: Մեզ թվում էՙ ալավիների ապագա պետության կայունությունը եւ էթնիկ կազմը կարող են քիչ թե շատ խաղաղ պայմաններ ապահովել քրիստոնյաների համար: Մնացյալ տարածքները, մանավանդ արմատական սալաֆիստներով բնակեցված շրջանները, կարող են լինել շատ ավելի անապահով:
Ըստ France-Arme՛nie ամսագրի սեպտեմբերյան համարում տպագրված Տիգրան Եկավյանի նյութերի` պատրաստեց
Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ