Այս տարի խաղողի բերքն իր բարձր որակով չի զիջում մյուս մրգերին: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարծում է, որ կմթերվի 10-15 տոկոսով ավելի խաղող, քան անցյալ տարի: Մթերվող 1 կգ խաղողի գինը սահմամվել է 130-140 դրամ, սակայն Ավագ Հարությունյանը ենթադրում է, որ սեզոնի վերջում գինն իջնելու է:
Ամփոփելով տարվա առաջին կիսամյակի տվյալները` երեկվա ասուլիսի ժամանակ պարոն Հարությունյանը նշեց, որ այս տարի արտադրվել է 84 տոկոսով ավելի կոնյակ, քան անցյալ տարի, եւ 20 տոկոսով ավելի, քան արտադրվում էր մինչ ճգնաժամային շրջանը:
Այս տարի գինին, համեմատությամբ մինչ ճգնաժամային շրջանի, արտադրվել է մոտավորապես 15 տոկոսով ավելի, սակայն անցյալ տարվա համեմատությամբ` այս տարի գինին արտադրվել է 33 տոկոսով քիչ:
Մասնագետին անհանգստացնում է, որ, 2011-ի համեմատությամբ, 2012-ին ավելացել են ներկրվող օղու ծավալները, ավելացել են եւ ներսում օգտագործվող օղու ծավալները` 2012-ի առաջին կիսամյակում օգտագործվել է 3,2 անգամ ավելի օղի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ավագ Հարությունյանը սա համարում է վատ միտում, որ հայերը սկսել են ավելի շատ օղի խմել. ժամանակի փորձը ցույց է տալիս, որ օղի ավելի շատ խմում են այն երկրներում, որտեղ ցածր է կենսամակարդակը: Թեեւ գինիների որակը գնալով լավանում է, բայց սպառողին դա կարծես չի հետաքրքրում, ու նորից նախընտրում է էժանագին օղիները: 2012-ին ավելացել են եւ տեղական արտադրության օղու ծավալները:
Իսկ գինի ու կոնյակ խմելու մշակույթ, բանախոսը կարծում է, չունենք, օրինակ կոնյակն այստեղ գրեթե չեն խմում, հիմնականում արտահանվում է: Արտահանվող երկրների շարքում առաջինը Ռուսաստանն է, ապա Ուկրաինան, Բելառուսը եւ այլն: Ընդհանուր առմամբ` հայկական կոնյակի 93-95 տոկոսն արտահանվում է դեպի ԱՊՀ երկրներ: Գինիների դեպքում էլ արտահանվող առաջին երկիրը Ռուսաստանն է:
Ավագ Հարությունյանը, սակայն, ընդգծում է, որ կոնյակի արտահանումը քաղաքական պրոցես է, հիմնված Հայաստան-Ռուսաստան անգամ միջպետական հարաբերությունների վրա, ու եթե ռուսական շուկայում, օրինակ` մանրածախում հայտնվում է ընդամենը 250 ռուբլի արժողությամբ կոնյակ, ապա բարձր ատյաններում այդ մասին գիտեն, եւ հայկական կոնյակի կեղծումն ու իրացումը կատարվում է հենց պետական համաձայնությամբ: Սակայն կեղծված կոնյակների հայտնվելը հատկապես դրսի շուկայում վնասում է հայկական բրենդին:
Ոլորտի խնդիրներից մեկն էլ, ըստ Ավագ Հարությունյանի, այն է, որ մեր սուպերմարկետները գինու ապրանքի դիմաց գումարն ուշ են վճարում գինի արտադրողներին: Ավագ Հարությունյանը կարծում է, որ այս հարցը պետք է կարգավորվի պետական մակարդակով, օրինակ` այլ երկրներում պետությունը խանութին ստիպում է մատակարարի բոլոր պարտքերը մարել առավելագույնը 60 օրում:
Ի. Պ.