Այս վերնագրով Շվեյցարիայում գործող «Ժան Ժենու ՍԱ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել մի հրաշալի հատոր, որի առաջաբանը եւ մեկնաբանությունները գրել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի լուսանկարչական բաժանմունքի հիմնադիր Դեյվիդ Տրեվիսը : Նախաձեռնությունը Քարշի այրի Էստրելիտա Քարշինն է եւ Ամերիկայում բարձրարվեստ գործերի հայտնի «Դեյվիդ Գոդին» հրատարակչատանը:
Գրախոսելով ալբոմըՙ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում Դեֆնի Աբիլը գրում է.
Անցյալ տարի Յուսուֆ Քարշի հեղինակությունը վերստին արժեւորվեց, երբ նրա այրինՙ Էստրելիտան, ամուսնու լավագույն գործերից 27 լուսանկարներ նվիրաբերեց Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանինՙ ԱԼՄ-ին, Ուոթերթաունում, որտեղ դրանք մշտական ցուցադրության են դրված:
Այժմ այս ալբոմն է գալիս, կազմողներից բացի նաեւ Քարշի ինքնատիպ մեկնաբանություններով, բացահայտելու լույսի ու ստվերի ամենանուրբ զգացողության տեր արվեստագետի ներաշխարհը:
Քարշի մեկնաբանությունները վերցված են նրա երկարամյա օգնական Ջերի Ֆիդլերի 1988-ին կատարած մի շարք հարցազրույցներից: Ֆիդլերը ժամերով լսել էր վարպետի խոհերն ու բացատրությունները իր «բնորդների» վերաբերյալ:
Ալբոմ-գրքի առաջաբանում ներկայացված են կենսագրական տվյալներ: Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվին Արեւմտյան Հայաստանի Մերտին քաղաքում, որ 1915-ին դառնում է, բազմաթիվ այլ քաղաքների թվում, թուրքական վայրագությունների թատերաբեմը: Նրա հարազատներից շատերն են զոհվում, իսկ քույրը մահանում է բծավոր տիֆի համաճարակից: Խորտակված ընտանիքին ի վերջո հաջողվում է փախչել եւ դուրս գալ երկրիցՙ թողնելով տուն, ունեցվածք եւ խնայողություն: Գնացքով հասնում են Սիրիա: Հայրը փորձում է Հալեպում տեղավորվել: Այդտեղից մի քանի տարի անց, 16 տարեկան հասակում Յուսուֆին նավով ուղարկում են Կանադաՙ միանալու հորեղբորըՙ Ջորջ Նաքաշին, որին նա երբեք չէր տեսել: Ջորջը լուսանկարիչ էր Շերբրուկում (Քվեբեկ) եւ նկատելով Հովսեփի (Յուսուֆի) ձիրքն ու կարողությունները այդ ասպարեզում, քաջալերում է նրան եւ ուղարկում Բոստոն, մեկ ուրիշ հայ լուսանկարչիՙ Ջոզեֆ Կարոյի մոտ որպես աշակերտ աշխատելու եւ մասնագիտանալու: «Նա (Ջո Կարոն) ինձ սովորեցրեց տեսնել եւ տեսածս մտապահել», ասել է Քարշն իր ուսուցչի մասին, որը մահացել է 1939 թվականին:
Յուսուֆ Քարշը Կանադա է տեղափոխվում 1931-ին եւ Օտտավայում բացում իր սեփական արվեստանոցը: Մասնագիտական հմտություն ձեռք բերելու գործում նշանակալի դեր է խաղացել «Օտտավայի դրամատիկական լիգայում» նրա աշխատանքը: Այնտեղ է նա սովորել բեմական լուսավորության գաղտնիքները, որոնք հետագայում նա օգտագործել է ստեղծելու համար իր «ձեռագիրը» լուսանկարչության ասպարեզում:
Հորեղբոր հորդորներին հետեւելով նա օգտվել է նաեւ պետական պաշտոնյաներիՙ հատկապես վարչապետ Ուիլյամ Լայըն Մկքենզի Քինգի հետ իր անձնական ծանոթություններից:
Այս վերջինիս միջնորդությամբ է, որ նա ստեղծում է «սրբապատկերի բնույթ» ստացած Ուինստոն Չերչիլի իր ամենահայտնի լուսանկարը, որը զարդարում է ներկա հատորի շապիկը:
Գրքում ընդգրկված են նաեւ նրա մյուս «գլուխգործոցները»ՙ Էռնեստ Հեմինգուեյի, Օդրի Հեփբըրնի, Ջիորջիա Օ՚ Քիֆի, Պաբլո Պիկասոյի, Էլիզաբեթ թագուհու, Գրեյս Քելլիի, ինչպես նաեւ քիչ ծանոթ անձնավորություններիՙ բժիշկ Թոմաս Կալինի եւ հայազգի պատանի Սթիվն Մումյանի լուսանկարները: Վերջինս երեւի հիշեցրել էր նրան իր պատանեկության տարիները:
Քարշն ուներ լուսանկարելու ընթացքում մարդկանց անկաշկանդ, հանգիստ վիճակում թողնելու առանձնահատուկ ընդունակություն: Նա որոշակի, երբեմն անհավանական կամ անակնկալ հարցերով փորձում էր բացահայտել իր բնորդի խառնվածքը, թափանցել նրա ներաշխարհի ամենաթաքուն ծալքերի մեջ: Այդ առումով չափազանց հետաքրքրական են նրա մեկնաբանությունները:
Պաբլո Կասալսի մասին, օրինակ, որին նա լուսանկարել է ութսուն տարեկանում եւ ի տարբերություն ուրիշներիՙ թիկունքից, թավջութակ նվագելիս, Քարշը գրում է, որ երաժշտության այդ սուրբ հովանավորը կարծես բանտարկյալ կամ աքսորյալ լիներ, որն իր «երաժշտության հնչյունների ներքո փախչում էր աշխարհից»: Ֆրանսիայում Ալբերտ Շվայցերին նա լուսանկարել է խորհրդածելիսՙ կարողանալով մեկտեղել բժշկի, երաժշտի, փիլիսոփայի եւ աստվածաբանի նրա բոլոր հատկությունները: «Նա մեզ (իրեն, կնոջը եւ օգնականին) սուրճ հյուրասիրեց, բացատրելով, որ լավագույն սուրճը հինգ տարվա վաղեմություն ունեցող հատիկներից պետք է պատրաստել»: Ուժեղ կամքի տեր ամերիկացի հանրահռչակ նկարչուհու Ջորջիա Օ՚ Կիֆին լուսանկարել է Նյու Մեքսիկոյի հարավային մասում գտնվող փոքրիկ քաղաքի իր տանը, սենյակի մուգ պատի ֆոնինՙ նրա սպիտակ ձեռքերը: Իսկ վտարանդի ռուս գրող, «Լոլիտա» վեպով համաշխարհային հռչակ վայելող Վլադիմիր Նաբոկովինՙ իր պաշտած թիթեռների հավաքածոյից մի գողտրիկ նմուշի հետ, որ նա իր հետ էր բերել: «Վերջում նա թիթեռով այդ բացիկը նվիրեց ինձ, կարծես դրանով բնութագրելով բնության կատարելությունն ու գեղեցկությունը», գրում է Քարշը եւ շարունակում. «Նաբոկովը հրաշալի գրող է, արգասավոր գրչի տեր: Բայց նա ամենանվազ գրավիչ անձնավորությունն է, որին երբեւէ լուսանկարել եմ: Նրա շարժուձեւերը, ամբարտավան կեցվածքն ու մտածողությունը անընդունելի էին ինձ համար»:
Իսկ Չերչիլի պարագան բոլորին հայտնի է: Քարշը նրա բերանից անբաժան սիգարը քաշել-հանելով անմիջապես «ֆիքսում» է նրա զայրացած դեմքի արտահայտությունը: Այդ լուսանկարը այնքան տպավորիչ է ստացվում, որ հետագայում հայտնվում է դրոշմանիշների վրաՙ նոր բարձունքների առաջնորդելով Քարշին: Հաստ սվիտեր հագած Հեմինգուեյի լուսանկարը արված է Կուբայում, երբ տաղանդավոր գրողը տառապում էր մեջքի սուր ցավերից: Հաստ սվիտերը կարծես պատսպարում, պաշտպանում էր նրան այդ ցավերից:
Եվ այսպես շարունակ: Ամեն մի լուսանկար ունի իր գողտրիկ պատմությունը: Քարշը նաեւ լուսանկարել է հայտնի զույգերի, որոնց թվում կարելի է նշել Ջոն եւ Ժակլին Քենեդիներին, Էլիզաբեթ թագուհուն եւ նրա ամուսնունՙ Ֆիլիպին:
Նրա լուսանկարներում «անմահացած» անձնավորություններից շատ քշերն են այժմ կենդանի: Հատորի վերջին լուսանկարը հարավաֆրիկացի լեգենդար առաջնորդ Նելսոն Մանդելլայինն էՙ նկարված 1990 թվականին:
Քարշը վախճանվեց 2002-ին Բոստոնում, որտեղ ապրում էր իր կյանքի վերջին տարիներին: Նա անկասկած ուներ իր ուրույն «ձեռագիրը», եւ այս հատորը գալիս է վկայելու այդ «ձեռագրի» հավերժական ազդեցության մասին:
Ավելացնենք, որ Յուսուֆ Քարշի անունը ընդգրկված է «Միջազգային ով ով է» (International Who՛s Who) հանրագիտարանում, միջազգային ճանաչման արժանացած մեծություններիՙ Իրվինգ Պենի, Ռիչարդ Էյթընի, Ինգմար Բերգմանի, Սեմյուել Բեքեթի, Մարիա Կալասի, Լյուչիանո Պավարոտիի, Ալբերտ Էյնշտեյնի եւ այլոց կողքին:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Նկար 1. Յուսուֆ Քարշ
Նկար 2. Հեմինգուեյի լուսանկարը
Նկար 3. Չերչիլի լուսանկարը