ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Եվրոպական խորհրդարանում երեկ տաք քննարկվեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման եւ ազատ արձակման վերաբերյալ բանաձեւի նախագիծ: Այն 5 քաղաքական խմբակցությունների նախաձեռնությունն է` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ այլ հարցերի համատեքստում: Այս մասին նախապես տեղեկացրել էր Եվրոխորհրդարանի պաշտոնական կայքը: Թեեւ ասվում էր, որ եռօրյա պլենար նիստի ավարտին տեղի կունենա բանաձեւի քվեարկություն, սակայն երեկ երեկոյան նիստը վարողը, մեկ առ մեկ հրապարակելով բանաձեւի դրույթների` քվեարկության դնելու կամ չդնելու վերաբերյալ կարծիքների հանրագումարը, բանաձեւի քվեարկությունը իրականացվեց որոշ փոփոխություններով:
Բանաձեւի նախագծում նախ նշվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի` սեպտեմբերի 3-ին հրապարակած հայտարարությունը, ըստ որի Հունգարիան գործել է միջազգային պարտավորություններին համապատասխան (նշվում են հիմքեր), ապա շարադրվում է Եվրոպական խորհրդարանի մոտեցումը: Ըստ դրա` Ադրբեջանի նախագահի կողմից կարճ ժամկետում ներում շնորհելը հարցականի տակ է դրել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շարժառիթները, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի` հունգարացի իր պաշտոնակցին ուղղված նամակի բովանդակությանը (ակնարկներ դրա համար Հունգարիային վճարելու մասին նշվում էին Եվրոխորհրդարանի պատգամավորների ելույթներում):
Բանաձեւում արձանագրված են արտահանձնման եւ ներման հետեւանքները` Հայաստան-Հունգարիա կապերի խզում, տարածաշրջանային լարվածության սրում: Ապա եւ փոխանցվեց Եվրոպական խորհրդարանի բանաձեւված տրամադրությունը` նախ ափսոսանք հայտնելով մարդասպանին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, մայորի կոչում շնորհելու եւ 8 տարվա աշխատավարձի չափով գումար տալու համար, ապա հորդորելով Հայաստանին եւ Ադրբեջանին` շարունակելու հաշտեցման գործընթացը:
Բանաձեւում հիշեցվում է Ադրբեջանին` Ասոցացման պայմանագրով պարտադիր իրագործելի մարդու իրավունքների պաշտպանության դրույթների ու չափորոշիչների մասին, որի ստորագրման շուրջը այժմ բանակցում է Ադրբեջանը, ապա կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին` բարեփոխելու դատական համակարգը, դատապարտման, ազատազրկման եւ բողոքարկման ընթացակարգերը հատկապես, ինչպես նաեւ ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր վճիռներին (Ադրբեջանի վերաբերյալ):
Բանաձեւում նաեւ հանձնարարական կա Եվրոխորհրդարանի նախագահին` բանաձեւը հղելու Եվրոպայի խորհուրդ, Ադրբեջանին, ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին:
Քննարկման ընթացքում գերիշխում էր դատապարտման, եվրոպական արժեքներից արտահանձնման մեղավորների եւ Ադրբեջանի շեղման փաստերը` առաջարկելով ուղիներ փնտրելու կատարված սխալն ուղղելու եւ եվրոպական չափորոշիչները աներկիմաստ վերականգնելու համար:
Ավելացնենք, որ երեկ «Եվրոնեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավարը Եվրոխորհրդարանի պատգամավորներին էր դիմել նամակներով` կոչ անելով բանաձեւին դեմ քվեարկել: Հայկական կողմը նույնպես ձեռքերը ծալած չի նստել. Եվրոխորհրդարանի 752 պատգամավորներին է դիմել նաեւ «Եվրոնեսթում» Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ` հայ սպայի սպանության վերաբերյալ փաստեր տրամադրելով եւ նշելով, որ մարդասպանի ներումը եւ Ադրբեջանի պետության կողմից փառաբանումը իր քսենոֆոբիկ դրդապատճառներով խնդիրներ է հարուցել բոլոր եվրոպական արժեքների համար. «Այդ բանաձեւի նախագիծը խոսում է այն մասին, որ Եվրոպական խորհրդարանը պաշտպանում է եվրոպական արժեքները, եւ սա այն է, ինչ Հայաստանը եւ Եվրոպական հարեւանության ծրագրի մյուս երկրները փնտրում են Եվրոպայում: Պնդել, որ «Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը»` չի համոզի ոչ մեկին «Եվրոտեսիլի» եւ Սաֆարովի հարցի վերաբերյալ իրական իրավիճակը հրապարակային դառնալուց հետո:
Հարգելի՛ գործընկերներ, ես հուսով եմ, որ դուք ծուղակը չեք ընկնի եւ մոլորության չեք ենթարկվի Ադրբեջանի ներկայիս հակազդող գործողությունների արդյունքում: Մեր հարեւանը չի զարգանալու դրական ուղղությամբ եւ ճիշտ հակառակը: Եթե Եվրոպան չի պաշտպանում եվրոպական արժեքները այս հարցում, դա սարսափելի նշան կլինի Ադրբեջանի եւ նմանատիպ երկրների համար» , գրել է Ա. Զաքարյանը:
Բանաձեւի թարգմանությանը կարող եք ծանոթանալ մեր վաղվա համարում: