Զանգահարեց մոսկվայաբնակ վաղեմի բարեկամսՙ գեղանկարների ճանաչված կոլեկցիոներ Սամվել Հովհաննիսյանը:
- Լսի՛ր, Շուշիում պատկերասրահ ենք բացում, իսկ դու չես էլ հետաքրքրվում: Նոր եմ եկել այնտեղից:
- Դո՞ւ ես բացում:
- Հիշո՞ւմ ես, խորհրդային տարիներին մեր հայրենակից երկրաբանության նախարար ունեինքՙ Գրիգոր Գաբրիելյանց: Նրա հետ ենք ձեռնարկել գործը:
Դա արդեն հետաքրքրական էր եւ մենք հանդիպեցինք Մոսկվայի նկարիչների տան սրճարանում: Ինձ դուր էր գալիս ընկերոջս խանդավառությունը:
- Սամվե՛լ, վաղուց էի ուզում քեզ հարցնելՙ քո ասպարեզում պետք է ավելի շատ արվեստաբա՞ն լինել, թե՞ բիզնեսմեն:
- Թող պաթետիկ չհնչի, բայց առաջին հերթին պետք է սիրել արվեստը: Արամ Աբրահամյանը հայտնի բժիշկ էր, բայց հոյակապ հավաքածու էր ստեղծել, որն էլ հետագայում նվիրեց Հայաստանին: Նման օրինակներՙ ինչքան ուզես: 70-ական թվականներին ես կոմերիտական աշխատող էի եւ պարտականությունների բերումով շատ էի շփվում արվեստի մարդկանց, մասնավորապես հայ նկարիչների հետ: Եվ այդ մթնոլորտում էլ ծնունդ առավ իմ մեծ սերը գեղանկարչության նկատմամբ: Իսկ 90-ականներին, երբ տեղափոխվեցի Մոսկվա, գեղանկարների հավաքումը դարձավ իմ կյանքի գործը:
- Իսկ ո՞ւմ մեջ ծագեց Շուշիում գեղարվեստի նման օջախ ստեղծելու գաղափարը:
- Գրիգոր Գաբրիելյանցի: Նա ինքը նկարների հիանալի հավաքածու ունի: Վերջին տարիներս արմատների կանչով նա տեղափոխվել է հայրենի Արցախ եւ որպես խորհրդական տնտեսության, երկրաբանության, օգտակար հանածոների հայտնաբերման ու մշակման բնագավառի իր ահռելի փորձն ու գիտելիքներն է հաղորդում հայրենակիցներին: Չմոռանանք, մարդը եղել է խորհրդային հսկա պետության նախարար: Մենք ծանոթ ենք, շփվում էինք եւ նա ինձ առաջարկեց մասնակից դառնալ հիշյալ մտահղացման իրականացմանը: Սիրով համաձայնեցի:
- Եվ ինչի՞ց սկսեցիք:
- Հրավիրեցինք ուրիշ հայ կոլեկցիոների եւս ու Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կազմակերպեցինք նվիրատուների ցուցահանդես: Հետո երկուսով եկանք Ստեփանակերտ արդեն «Արցախի կերպարվեստի պետական պատկերասրահ» հիմնադրելու կոնկրետ նախաձեռնությամբ: Մեզ մեծապես աջակցեց Հայաստանի նկարիչների միությունը:
- Իսկ տեղում ո՞վ էր ձեզ հովանավորում:
- Նախագահն ինքըՙ Բակո Սահակյանը: Ուզում եմ գովել նաեւ մի անձնավորությանՙ Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղբալյանին: Խելացի, բանիմաց, եռանդուն, հմայիչ այս կնոջ հետ (լեզուս չի պտտվում ասեմՙ չինովնիկի) համագործակցելը մեծ բավականություն է: Տեղ է հատկացվել 19-րդ դարի մի շինություն, որն այժմ հիմնանորոգվում է: Գիտես, որ ես կեղծ համեստությամբ չեմ տառապում. Գաբրիելյանցի հետ խնդիր ենք դրել Արցախում ցուցադրել ոչ միայն հայ նկարիչների գործերը, այլեւ աշխարհի արվեստը:
- Հավակնոտ նախագիծ է:
- Իսկ ինչու ոչ: Ես, օրինակ, նվիրաբերել եմ ռուս նկարիչների մի քանի տասնյակ աշխատանքներ: Արցախցիներն էլ, ցավոք, սփռված են աշխարհով մեկ ու հուսով եմ կօգնեն մեզ պատկերասրահը համալրելու տարբեր ժողովուրդների, տարբեր ուղղությունների ստեղծագործություններով: Լավատես եմ եւ դա հիմք ունի:
- Կեցցե՛ս: Կուզեի խոսել մի հրատապ խնդրի մասին: Վերջերս Ռուսաստանի հեռուստատեդությամբ մի հաղորդում դիտեցի նկարների կեղծման շուրջ: Հավաստվում էր, որ երբեմն նույնիսկ դժվար է իրարից տարբերել բնանկարն ու կեղծվածը:
- Դժվար է, բայց անհնարին չէ: Անկեղծ ասած, ես եւս խոր մտահոգություններ ունեմ այդ կապակցությամբ: Նույնիսկ մեր նվիրատուների հատկացրած կտավների մեջ էլ են հանդիպում կեղծվածներ, որ, իհարկե կոլեկցիոների մեղքը չէ: Ցավալի է, բայց Հայաստանում էլ է տարածված այդ վարակը: Ո՜ւմ ասես չեն կեղծումՙ Սարյան, Բաշինջաղյան, Թադեւոսյան, Մինաս Ավետիսյան...
- Իսկ Երեւանում չկա՞ փորձագիտական կենտրոն:
- Կա, բայց այնտեղ պիտի լինեն միայն բարձրակարգ փորձագետներ, իսկ դրան հասնելը դյուրին գործ չէ: Գիտե՞ս Ռուսաստանում ովքեր են «լավագույն» կեղծողներըՙ ռեստավրատորներըՙ նկարները վերականգնողները: Սրանք, բնականաբար, գերազանց գիտեն նյութըՙ հեղինակը, նկարը, կտավը, դրանց հետ կապված ամեն մի մանրուք: Հետեւաբար, կեղծիքը բացահայտողն էլ պիտի նման որակավորում ունենա: Նման խորագիտակ խումբ Երեւանում պարտադիր պետք է ստեղծել. կեղծողն օգտվում է փորձագետի թուլությունից: Հայ գեղանկարչության մակարդակը իրոք շատ բարձր է եւ նույնքան մեծ է նրանց «նմանակելու» գայթակղությունը: Ի վերջո խոսքը վերաբերում է մեծ գումարներին եւ խաբված մարդը ֆինանսական ու բարոյական կնճռոտ խնդիրների առջեւ է կանգնում: Ռուսաստանում եւ Հայաստանում, ի տարբերություն, ասենք, եվրոպական երկրների, դժվար է արդյունքի հասնել անգամ դատական կարգովՙ դե՜, սխալվել են փորձագետները:
- Ո՞ւմ պիտի առաջին հերթին մտահոգի «հակակեղծման» պարագան:
- Հայաստանի մշակույթի նախարարությանը: Կարծում եմ, հայ մասնագետները պարտադիր պիտի որակավորվեն արտասահմանյան հայտնի կենտրոններում: Կեղծ նկարները խաղում են նկարչի պատվի հետ, գցում նրանց ստեղծագործությունների արժեքը, գնորդները դառնում են կասկածամիտ, ինչը նվազեցնում է ներդրումների մակարդակը եւ այլն: Գիտես ինչքա՜ն սփյուռքահայեր են խաբվում:
- Ասում են կեղծողներն այնքան են լկտիացել, որ նման քայլի են դիմում նույնիսկ նկարչի կենդանության օրոք:
- Դա էլ նոր երեւույթ չէ: Մի անգամ ինձ ինչ պատմեց հրեաՙ արդեն ծերունազարդ մի կոլեկցիոներ: 50-ական թվականների կեսերին գնել է Սարյանի մի «աշխատանք»: Բայց սիրտը կախ է եղել, կասկածներ են զարթնել մեջը: Բռնել-նամակ է գրել հենց մեր մեծն նկարչինՙ կտավի լուսանկարով, ու կիսել իր մտահոգությունները: Վարպետը նրան հրավիրել է Երեւան: Իր արվեստանոցում Սարյանը ուշադիր զննել է կտավը, հետո այն դրել է նկարակալի վրա ու, այսպես ասած, վրձնավերափոխելով այն, իր ստորագրությունն է դրել տակը եւ նվիրել հյուրին, ասելովՙ սա արդեն իսկական Սարյանն է: Ի դեպ, հայազգի նկարիչներից ամենից շատ կեղծում են Այվազովսկուն: Նրա «հավաքածուն» պարզապես բազմապատկվում է:
- Գուցե կեղծումների դեմ պայքարը սկսեք ուժեղացնել հենց... Արցախի՞ց:
- Ինչու չէ: Ամեն ինչ կանենք, որ նորաստեղծ պատկերասրահում միայն բնօրինակներ լինեն: Արվեստը վեհ ասպարեզ է եւ նման մեքենայությունները բարոյական մեծ վնաս են հասցնում նրան, մարդկանց: Որպես հայ կոլեկցիոներ կուզեի, որ նման բաներ մեզանում չնկատվեին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Նկար 1. Սամվել Հովհաննիսյան
Նկար 2. Գրիգոր Գաբրիելյանց
Նկար 3. Շուշիի պատկերասրահի շենքը