«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2012-09-13 | #160, 2012-09-14 | #161, 2012-09-15


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ

Երեկ Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին ճեպազրույցներն էին, որտեղ 6 խմբակցությունից 4-ը նոր դեմքերով էին ներկայացված (ՀԱԿ-ը, գիտեք, ընդհանրապես նոր խմբակցություն է): Խորհրդարանականների գնահատականներից առանձնացնենք հատկապես Եվրոխորհրդարանի` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ ներումը դատապարտող բանաձեւին տրվածը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Եվրոխորհրդարանի բանաձեւի մասին նշեց, թե հայկական կողմը հակված է ոչ միայն դատապարտող կամ գնահատական տվող հայտարարությունների, այլ նաեւ այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որ այս կարգի արձագանքները ուղղորդեն որոշակի միջոցառումներ թե՛ տվյալ գործի եւ թե՛ ղարաբաղյան խնդրի լուծման առումով: Ուրեմն եթե այս տեսակետից նայելու լինենք, ըստ Գ. Սահակյանի, իհարկե, բավարար չէ գնահատականը: Բայց եթե նայում ենք քաղաքական տեսակետից` բնականաբար դա որոշակիորեն մթնոլորտ է ստեղծում բոլոր մեր ազգային խնդիրների հիմնական հայեցակարգերն ավելի ճանաչելի դարձնելու համար Եվրոպայի եւ եվրոհամայնքի մեջ, այս առումով բանաձեւը շատ գնահատելի է:

ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը հիշեց, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ-ի եւ այլ պատգամավորների տրամադրություններն այսպես էին, որ եվրոպական կառույցներից այն գնահատականները չեն հնչում, ինչ հայ հասարակությունը կարող էր սպասել միջազգային հանրությունից: Հաջորդող օրերը ցույց տվեցին, որ տեղի է ունենում փոփոխություն, եւ միջազգային հանրության գնահատականները տարբեր ատյանների կողմից էլ ավելի սուր են դառնում, համահունչ` մեր սպասումներին: Եվ ըստ պատգամավորի` բանաձեւը այդ քայլերից մեկն է եւ կունենա իր դրական ազդեցությունը գործընթացի վրա: Վահե Հովհաննիսյանը չբացառեց, որ հետագայում կլինեն նոր բանաձեւեր ու հայտարարություններ միջազգային ատյաններից, ամեն դեպքում` Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է, հատկապես խորհրդարանական դիվանագիտության մասով:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ` նախնական նախագծի համեմատ ընդունված բանաձեւում հօգուտ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բավական փոփոխություններ կան, դա միջազգային հասարակական կարծիք ձեւավորելու համար բավականին լուրջ հայտարարություն է եւ ներկայացնում է եվրոպական համապատասխան կառույցների` եվրոպական հասարակապետությունների կարծիքը. «Լուրջ հաջողություն է մեզ համար, կարծում եմ մեզ մոտ ճիշտ օգտագործվեց այդ նենգ գործարքը»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե բանաձեւը կարելի է միասնական եվրոպական մոտեցում համարել. «Սա հիմնաքար է, որ կարողանանք միջազգային կառույցներում վեր բարձրացնել եւ անընդհատ կենտրոնում պահել այդ խնդիրը: Միայն դրանով բավարարվել, որ Եվրոխորհրդարանը դատապարտել է այդ երեւույթը, շատ քիչ է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը մինչեւ հիմա եղած արձագանքներից` հայտարարություններից եւ կոչերից բանաձեւն ամենաընդգրկունն անվանեց, որովհետեւ Եվրոխորհրդարանը ներկայացնող տարբեր քաղաքական ուժեր են պատրաստել. «Որակական առումով նախորդ բոլոր հայտարարություններից մի աստիճան բարձր էր` համաձայն եմ: Իհարկե, դարձյալ կար որոշակի համահարթեցում, հավասարակշռում չասեմ բայց ամեն ինչ դարձյալ պայմանավորում են բանակցությունները չվտանգելով, գուցե դա բնական է, բայց առաջին անգամ կարծես շատ հստակ, կետ առ կետ մտահոգություններն արտահայտվեցին»:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Եվրոպայի լիբերալների խումբը (իր քաղաքական ուժի անդամակցած) նույնպես միացել է հայտարարությանը, եւ ընդհանուր առմամբ նորմալ գնահատեց բանաձեը. «Որոշ բաներ կան, որ ցանկալի էրՙ այսպես չլինեին, սակայն ընդհանուր առմամբ դրվածքը ճիշտ էր: Կապ է պահվել Եվրոպայի լիբերալների հետ, որը թվային առումով երրորդ խմբակցությունն է այստեղ, նրանք ընդհանուր նախաձեռնությանը միացել են»: Ըստ Ա. Մանուկյանի` Հայաստանի համար երկու վատ կետեր կային, որոնց հեղինակը Ժողովրդական կուսակցությունն էր, լավ է, դրանք բանաձեւի ընդունված տարբերակում չկան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Այլ հարց ու պատասխանից առանձնացրինք «Ազգի»` պատերազմի հավանականության մասին հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանի պատասխանը, որը նշեց, թե տարածաշրջանը բավականին բարդ իրավիճակում է, եւ նկատի ունենալով արաբական աշխարհում կատարվողն ու այն, որ շարունակությունը կարող է հասնել Իրան, ցավոք, Հայաստանը տարածաշրջանի լարված խաչմերուկներից մեկում է հայտնվել. «Ամենառազմականացված, միլիտարիզացված տարածքներից մեկն է Հարավային Կովկասը, եւ եթե այդ լարումը շարունակվի արաբական աշխարհում եւ հասնի Իրան, այսպես թե այնպես, ուզենանք թե չուզենանք, կարող ենք հայտնվել պատերազմական գործողությունների շղթայի մեջ», ասաց նա` հավելելով, որ լավ իմանալով Ադրբեջանի կեցվածքը, ու անկախ այն բանից` կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, թե չենք ճանաչի, հարմար պահին Ադրբեջանը կարող է օգտվել եւ փորձել պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին. «Միակ զսպող բանը, որ Ադրբեջանին թույլ չի տալիս հարձակում իրականացնել, մեր բանակի հզորությունն է»:ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Այլ հարց ու պատասխանից առանձնացրինք «Ազգի»` պատերազմի հավանականության մասին հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռ. Հակոբյանի պատասխանը, որը նշեց, թե տարածաշրջանը բավականին բարդ իրավիճակում է, եւ նկատի ունենալով արաբական աշխարհում կատարվողն ու այն, որ շարունակությունը կարող է հասնել Իրան, ցավոք, Հայաստանը տարածաշրջանի լարված խաչմերուկներից մեկում է հայտնվել. «Ամենառազմականացված, միլիտարիզացված տարածքներից մեկն է Հարավային Կովկասը, եւ եթե այդ լարումը շարունակվի արաբական աշխարհում եւ հասնի Իրան, այսպես թե այնպես, ուզենանք թե չուզենանք, կարող ենք հայտնվել պատերազմական գործողությունների շղթայի մեջ», ասաց նա` հավելելով, որ լավ իմանալով Ադրբեջանի կեցվածքը, ու անկախ այն բանից` կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, թե չենք ճանաչի, հարմար պահին Ադրբեջանը կարող է օգտվել եւ փորձել պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին. «Միակ զսպող բանը, որ Ադրբեջանին թույլ չի տալիս հարձակում իրականացնել, մեր բանակի հզորությունն է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4