Գերմանիայի Հյուսիս հռենոս վեստֆալյան երկրամասի Նոր առաքելոց եկեղեցու հաղորդագրությունից իրազեկ ենք դառնում, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը շրջանային առաքյալ Արմին Բրինքմաննը եղել է Հայաստանում եւ Վրաստանում: Նրան ուղեկցել են առաքյալներ Պավել Գամովը, Վիլհելմ Հոյերն ու Ռայներ Շտորքը:
Վիեննայից Երեւան ուղեւորված Բրինքմաննը ուրբաթ հետկեսօրին Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի նոր առաքելոց եկեղեցում 62 ներկաների մասնակցությամբ կազմակերպել է հավաք, որի ընթացքում կարգվել են 2 ավետարանիչ, 2 սարկավագ: Պատարագին հետեւած թեթեւ ճաշից հետո հոգեւոր ծառայողները մասնակցել են սեմինարի: Շաբաթ օրն առավոտյան այցելել են Վանաձոր, կարճատեւ այցելությամբ եղել վերջերս նորոգված իրենց եկեղեցում, այնուհետ ժամը 14-ին քաղաքի մշակույթի դահլիճում պատարագ մատուցելՙ Հայաստանի նոր առաքելոց քրիստոնեական համայնքի 367 անդամների մասնակցությամբ: Եկեղեցական արարողության ավարտին համերգ է տրվել, որին մասնակցել են, ըստ տեղեկատվության, «մեր «աղջիկների» երգչախումբը, նաեւ բազմաթիվ ուրիշ երեխաներՙ հնչեցնելով կովկասյան ժողովրդական երգեր:
Այցելության երրորդ կանգառը Վրաստանն է եղել: Կիրակի օրը Թբիլիսիում ժամը 12-ին մատուցված պատարագին ներկա է եղել 237 հավատացյալ: Կարգվել են տարբեր հոգեւոր ծառայողներ, կնքվել 32 հավատացյալ: Նոր առաքելոց եկեղեցու հետեւորդների հավաք է կայացել նաեւ Վրաստանի հյուսիս-արեւելքում:
Հյուսիս հռենոս վեստֆալյան երկրամասի նոր առաքելոց եկեղեցու ղեկավար Բրինքմաննը 2008-ին էլ այցելել է Հայաստան: Եղել Վանաձորում, Օձունում, հոգեւոր ծառայություն մատուցել, որին ներկա են գտնվել նաեւ Ստեփանավանից, Ալավերդիից ժամանած իրենց համայնքի անդամներ, մկրտություն կատարել: Այնուհետեւ ուղեւորվել Երեւան, հանդիպել Հայաստանում իրենց պատասխանատու եպիսկոպոսինՙ Ռաֆայել Մովսիսյանին ու նրա տիկնոջըՙ Լարիսային: Ըստ 2008-ի հաղորդագրության, առավոտյան ժամերգություն է կատարել Երեւանի կենտրոնում գտնվող իրենց եկեղեցում, կիրակիՙ պատարագ մատուցել Երեւանի Հարավարեւմտյան 103 հասցեում գտնվող իրենց եկեղեցում, որին մասնակցել են Սեւանից, Երասխից, Գյումրիից:
Նոր առաքելոց եկեղեցին քրիստոնեական կրոնական համայնք է, որ 19-րդ դարի վերջին զարգացել է Համբուրգում: Այս աղանդը Գերմանիայում շուրջ 350 000 անդամ ունի, բնակչությանՙ 0,43 տոկոսը: Ըստ վիճակագրության, 12 միլիոն հավատացյալ ունիՙ աշխարհի 190 երկրում: Ռուսաստանում գործում է 1989-ից: Ի թիվս այլ երկրների հետեւորդներ ունի նաեւ Հարավային Կովկասի երեք հանրապետություններում: Նոր առաքելոց եկեղեցու վրա առկա է խաչ, որի աջ եւ ձախ կողմերում ճառագայթներ են, ներքեւումՙ բարձրացող արեւը: Այս աղանդի հետեւորդները սպասում են Քրիստոսի մոտալուտ գալստյանը: Հոգեւոր առաջնորդին առաքյալ են կոչում:
Ան. Հ., Գերմանիա