Հայաստանում մեր լրատվամիջոցները քիչ, շատ քիչ ուշադրություն դարձրին Հռոմի պապի Լիբանան այցելությանը, այն էլ միայն միջազգային լուրերի արանքում: Այնինչ պաշտոնապես «հովվապետական» բնորոշված այդ այցը, որը կայացավ անցյալ շաբաթվա վերջին 3 օրերին, էապես քաղաքական խորք ուներ եւ իր նշանակությամբՙ տարածաշրջանային ընդգրկում: Հետեւաբարՙ նաեւ աղերսներ հայկական հետաքրքրությունների, նույնիսկՙ շահերի հետ:
Բանն այն է, որ շուրջ 2 տարի առաջ սկսված «Արաբական գարունն» արդեն ցույց է տալիս իր վտանգավոր հետեւանքները նաեւ տարածաշրջանում մահմեդական մոլեռանդության նոր բռնկումների, պոռթկումների տեսքով: Այդ մթնոլորտում, որի գրեթե ամենօրյա ուղեկիցն են դարձել արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ինքնաքայքայման երեւույթներըՙ խռովություններ, բախումներ, պատերազմներ, կյանքը հեղձուցիչ է դարձել քրիստոնյա ազգությունների ու համայնքների համար, ստիպելով նրանց մտածել բնիկ եւ, հայերիս պարագայում, որդեգիր այդ երկրները լքելու մասին:
«Արաբական գարնան» սկսելուց առաջ, Միջին Արեւելքի երկրների քրիստոնյա ազգաբնակչությունը, ըստ վստահելի որոշ հաշվարկների, կազմում էր 15 մլն, որի հիմնական տարրը Եգիպտոսի ղպտիներն ենՙ շուրջ 10 մլն: Մնացածըՙ Իրաք, Պաղեստին-Իսրայել, Սիրիա ու Լիբանան: Այսինքնՙ Մաղրեբից դուրս գտնվող ողջ արաբական աշխարհը, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը ու որտեղ դեռեւս կան վայրեր, ինչպես Սիրիայի Մաալուլա հնագույն բնակավայրը, դեռեւս խոսում եւ աղոթում են Քրիստոսի լեզվովՙ արամեերեն:
Իրաքից հետո Եգիպտոսում, Պաղեստին-Իսրայելում, եւ այս օրերին Սիրիայում այդ մոլեռանդությունը եւ քաղաքական ու տնտեսական անկայունությունը ստիպում են քրիստոնյաներին, անշուշտ նրանց հյուրընկալելու պատրաստ Մ. Նահանգների ու եվրոպական որոշ երկրների քաջալերանքով, արտագաղթելու մասին մտածել, ակամա նպատակին հասցնելով տարածաշրջանում քրիստոնեությունը անհետացնելու դժոխային ծրագիրը, որը ամենայն հավանականությամբ հղացվել է Իսրայելում...
Եվ ահա Լիբանանը, որն արդեն 1975-1990 թթ.-ի «քաղաքացիական» պատերազմի հետեւանքով արդեն կորցրել է իր արտագաղթած քրիստոնյա ազգաբնակչության շուրջ 15-20 տոկոսը եւ այսօր կազմում է երկրի 30 տոկոսը, ներառյալ լիբանանահայ համայնքը, կանգնած է նոր վերիվայրումների, ավերածությունների եւ արտագաղթի սպառնալիքի առաջ:
Եվ որտեղ, եթե ոչ Լիբանանում պետք է լիներ, անձնապես, աշխարհի քրիստոնյա եկեղեցիներից մեծագույնիՙ կաթոլիկ եկեղեցու պետը, այնտեղից ողջ տարածաշրջանին տալու հանդուրժողականության, համակեցության իր պատգամը ժողովուրդներին, տոկալու, դիմանալու կոչը քրիստոնյա համայնքներին: Պատահական չէր նաեւ նրա սեղմ օրակարգի շրջանակներում իրականացված այցը Բեյրութից հյուսիսՙ 16-րդ դարից գործող հայ կաթոլիկյան Զմմառու վանք, եւ ամենեւին պատահական չէր նաեւ Լիբանան նրա կատարած այցից առաջ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի «անձնական» բնույթի տեսակցությունը Պապի հետ Հռոմում:
Հայկական պետության եւ ողջ հայության համար նույնպես կարեւոր էր պապական այցը Լիբանանՙ փոխադարձ հանդուրժողականության, համակեցության ու խաղաղության իր պատգամներով: Մենք պատկանում ենք ա՛յս տարածաշրջանին:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ