ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Եթե 10-15 տարի առաջ հանրակրթական դպրոցում համակարգչային դասասենյակը համարվում էր լրացուցիչ մի բան, ապա այսօր անհրաժեշտություն է, եւ համակարգիչներով ապահովված պետք է լինեն ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բոլոր դպրոցները: Դպրոցների` համակարգչային տեխնիկայով հագեցվածությունը նաեւ կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանը, մանավանդ որ Հայաստանում ոլորտի զարգացումը համարվում է գերակա խնդիր: Հաշվի առնելով այս հանգամանքը` «Հայաստան» համահայկական հիմնադրամն օժանդակել է Երեւանի, մարզերի ու Արցախի շատ դպրոցների, որպեսզի վերջիններս ունենան համակարգչային դասարաններ:
«Հայաստան» հիմնադրամի, Հնդկաստանի կառավարության ու «Վարդանյաններ» ՍՊԸ-ի համատեղ ջանքերով շուտով Տավուշի մարզի բոլոր դպրոցները եւս կունենան համակարգչային դասարաններ:
Դեռեւս 2011 թվականի հոկտեմբերին «Հայաստան» հիմնադրամը Հնդկաստանի կառավարության հետ կնքեց հուշագիր, որի համաձայն այսօր իրականացվում է Տավուշի դպրոցներին համակարգիչներ տրամադրելու ծրագիրը, իսկ համակարգչային դասասենյակների կահավորումը հովանավորում է «Վարդանյաններ» ընկերությունը` հանձին բարերար Միքայել Վարդանյանի:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ընդգծեց. «Պետք է ջանանք, որ առաջիկա 2-3 տարիներին դպրոցները համակարգչային տեխնիկայով ապահովելու խնդիրն ամբողջությամբ լուծվի»: Արա Վարդանյանը հավելում է` առաջին անգամը չէ, որ հիմնադրամը համագործակցում է Հնդկաստանի կառավարության ու Վարդանյանների ընտանիքի հետ: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ծրագրի ավարտից հետո ձեռնամուխ կլինեն համատեղ այլ ծրագրերի ու նախագծերի կատարմանը:
Իսկ Տավուշի դպրոցների ծրագիրը հավանաբար նոյեմբերի կեսերին ամբողջությամբ իրականացված կլինի: Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ Տավուշի մարզի 72 դպրոցներին կնվիրաբերվեն 550 համակարգիչ ու 72 տպիչ, իսկ դրանց տեղադրման ու ինտերնետի ապահովման հարցերով կզբաղվեն Հնդկաստանից ժամանած մասնագետները:
Հայաստանում Հնդկաստանի փոխդեսպան Պանկաջ Սաքսենան նշում է, որ համակարգչային տեխնիկայի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, ակնկալվում է, որ մյուս խմբաքանակը կհասնի սեպտեմբերի 25-ին: Պանկաջ Սաքսենան ավելացնում է, որ նախագծի արժեքը կազմում է կես միլիոն դոլար, ֆինանսավորում է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարությունը:
2012-ի մարտին Պանկաջ Սաքսենան եւս այցելել է Տավուշի մարզ, եղել տեղի շուրջ 9 դպրոցներում, եւ ասում է, որ աշակերտները հետաքրքրությամբ սպասում են, թե երբ վերջապես պատրաստ կլինեն համակարգչային սենյակները:
«Ուրախ ենք, որ Հնդկաստանը, թեկուզ համեստ կերպով, բայց կարողանում է իր մասնակցությունն ունենալ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը», ասում է պարոն Սաքսենան` միաժամանակ հայտնելով գոհունակություն, որ «Հայաստան» հիմնադրամն իրենց համար դարձավ հուսալի գործընկեր, որը շարունակ հետամուտ է նախագծի իրականացմանը:
Ներկայումս մարզում գործող 82 դպրոցներից միայն տասն ունեն բավարար քանակությամբ համակարգիչներ, իսկ ծրագրի ավարտից հետո համակարգչային տեխնիկայով հագեցած կլինեն նաեւ մյուս դպրոցները, եւ արդեն 16183 աշակերտ ու 500 ուսուցիչ կստանան համակարգչային գիտելիքներ:
Տավուշի մարզի զարգացումը մեր երկրի համար նաեւ ռազմավարական նպատակ է: «Վարդանյաններ» ընկերության նախագահ-տնօրեն Միքայել Վարդանյանը բացատրում է, որ Տավուշի մարզում մենք ունենք ամենաերկար սահմանն Ադրբեջանի հետ, եւ դրանից զատ` Տավուշի մարզում նույնպես երեխաները պետք է ստանան որակյալ կրթություն, ինչպես Երեւանում ու մյուս մարզերում:
Տավուշի մարզում Վարդանյանների ընտանիքը բազմաթիվ ներդրումներ է կատարել, եւ դա արել է անշահախնդիր: Միքայել Վարդանյանն ավելացնում է. «Չկա մի ծրագիր, որն ուղղված լինի Տավուշի մարզին աջակցելուն, եւ լինի կարիքը իմ ներդրումի, ու ես չհամաձայնեմ»:
Արա Վարդանյանը պատմում է, որ ծրագրում ներդրում կատարելու համաձայնությունը Միքայել Վարդանյանից ստացել են հեշտությամբ, իսկ Միքայել Վարդանյանը հավաստիացնում է, որ կշարունակի իր ընտանիքի աջակցությունը` ի շահ մեր երկրի զարգացման ու ապագայի: