Թե որքանով կապ ունի սումգայիթյան պայթյունը, որին «Ազգը» երեկվա համարում անդրադարձավ, ամբողջ աշխարհում, կոնկրետ` մեր տարածաշրջանում, ավելի հստակ` Ադրբեջանում հակաամերիկյան տրամադրությունների հետ, դժվար է ասել: Սակայն որ նույն ժամանակահատվածում Բաքվում ամերիկյան դեսպանատան առջեւ բողոքի ցույց էր, որի ընթացքում ձերբակալվել են 20 ադրբեջանցիներ, փաստ է: Այս երկու իրադարձությունները միմյանց հետ կապված են թերեւս միայն ժամանակագրության առումով, իսկ իրականում` առաջինը, եթե պատահական չէ, ապա Ադրբեջանում ներքին քաղաքական լուրջ իրադարձություններ է խոստանում, իսկ երկրորդը ապացուցում է, որ Բաքուն աշխարհի այն քաղաքներից է, որտեղ ամերիկյան դիվանագիտական ներկայությունը վտանգված է, ինչն ապացուցում է Ադրբեջանում հակաամերիկյան կազմակերպությունների, օրինակ, Արեւմուտքում ահաբեկչական ճանաչված «Ալ Ղաիդայի» առկայությունը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ ամբողջ աշխարհում այս հակաամերիկյան ալիքը ստեղծել է ռիսկային գոտի մեր տարածաշրջանում, եւ որ այս ալիքը պայմանավորված է մահմեդականների դեմ թողարկված հայտնի «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմով: «Կարեւոր է նկատել, որ այդ ֆիլմի ստեղծման հետ ամերիկյան կառավարությունից որեւէ մեկը կապված չէ: Այն ֆինանսավորել են ամերիկացի ծայրահեղական քրիստոնյաները», շեշտեց Կիրակոսյանը: Միեւնույն ժամանակ փորձագետը այս հակաամերիկյան տրամադրությունները անվանեց «արաբական գարնան հաջորդ փուլ». «Սա ոչ թե Օբամայի, այլ Բուշի վարած քաղաքականության, մասնավորապես Իրաքի գրավման հետեւանքն է առաջին հերթին: Միեւնույն ժամանակ, նկատում ենք, որ Մերձավոր Արեւելքի նոր կառավարությունները խիստ թույլ են, ուրեմն այս ալիքը կարող է եւ բռնկվել, որպեսզի ցրվի ուշադրությունը այդ կառավարությունների` թույլ լինելու փաստից», նկատեց Կիրակոսյանը:
Եթե տարածաշրջանում ձեւավորված նոր կառավարությունները թույլ են, ապա կնշանակի, որ մենք գտնվում ենք անկայուն տարածաշրջանում: Կիրակոսյանի համոզմամբ` այսօր, Մերձավոր Արեւելքի երկրներից բացի, անկայուն են Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ անգամ Վրաստանը: «Հետեւաբար Հայաստանն այսօր ամենակայուն երկիրն է տարածաշրջանում եւ այս տեսանկյունից ռազմաքաղաքական մեծ կարեւորություն ունի: Իսկ այս կարեւորությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ավելի խորանան ժողովրդավարությունն ու ավելի արդյունավետ եւ արագ տեղի ունենան տնտեսական բարեփոխումները», ընդգծեց Կիրակոսյանը:
Մինչդեռ անգամ այս «ռազմաքաղաքական կարեւորություն» ունենալը չնպաստեց, որ, օրինակ, ամենավերջին` Սաֆարովի գործի առնչությամբ միջազգային հանրությունը միահամուռ ու միակարծիք` խիստ, դատապարտող հայտարարություններ եւ բանաձեւեր ընդունի Ադրբեջանի հանդեպ: Ու եթե անգամ որոշ բանաձեւեր կան, օրինակՙ Եվրոպայի խորհրդի բանաձեւը, որից Կիրակոսյանն, ի դեպ, դժգոհ է, դրանք չեն ներառում Ադրբեջանին պատժելու եւ ինչպես, կոնկրետ ինչ քայլերով պատժելու դրույթներ:
Ստացվում է, որ կամ մենք դեռեւս այդքան շատ «ռազմաքաղաքական կարեւորություն» չենք ներկայացնում կոնկրետ Եվրոպայի համար, կամ պարզապես մեր ժողովրդավարական գործընթացներն ու տնտեսական բարեփոխումների ընթացքը ամենեւին էլ արդյունավետ չեն, կամ արագ չեն, կամ գոհացուցիչ չեն: Այս երկրորդ տարբերակը թերեւս ավելի ճշմարտամոտ է: Ուրիշ հարց, որ մենք «ռազմաքաղաքական կարեւորություն» ենք ներկայացնում որոշակի երկրների համար, օրինակ` Ռուսաստանի:
Կիրակոսյանը նկատում է, որ մեր երկրում երեկ ավարտված ՀԱՊԿ զորավարժությունները հենց սրա ապացույցն են. «Հայաստանի համար այդ զորավարժությունները կարեւոր էին երկու առումով. նախ դա մեսիջ էր Բաքվին, որ հայկական զինված ուժերն են տարածաշրջանում ամենազորեղը, բացի նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր եւ միակ վստահելի դաշնակիցն է»: Միեւնույն ժամանակ Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ հայաստանյան զորավարժությունները ավելի շատ Ռուսաստանին էին պետք, քան Հայաստանին. «Դա բխում է ռուսական ազգային շահից: Ի դեպ, հենց ազգային շահի դիրքերից ելնելով էլ կարելի է հասկանալ Վրաստանի անհանգստությունը այս զորավարժություններից», նկատեց փորձագետը:
Վրացական անհանգստությունը թերեւս առանձին թեմա է: Այժմ խոսենք միայն մեր քաղաքական ու հասարակական որոշ ուժերի անհանգստության մասին, այն է` օգտագործել հունգարա-ադրբեջանական գործարքից ստեղծված միջազգային իրադրությունը եւ ճանաչել ԼՂՀ-ն: Ռիչարդ Կիրակոսյանն այս կարծիքին չէ, ավելինՙ նա Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումն այսօր սխալ է դիտարկում. «Ես ընդունում եմ այն բազմաթիվ ստեփանակերտցիների կարծիքը, որ ավելի լավ ու արդյունավետ կլինի, եթե Հայաստանը դառնա ոչ թե առաջին, այլ երկրորդ երկիրը, որը կճանաչի ԼՂՀ-ն», նշեց Կիրակոսյանը` շեշտելով. «Ճանաչման պարագայում, որն, իմ կարծիքով, ավելի շատ բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանի ու Հայաստանի համար, քան դրական, Հայաստանը կնմանվի Թուրքիային, որը դառնալով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» ճանաչող առաջին երկիրը, այսօր փաստորեն միակ երկիրն է այս առումով»:
Հ. ԱՖՅԱՆ