Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը օրերս զրուցել էր Ռամիլ Սաֆարովի հոր հետ, ով սրտնեղել էր, թե ինքը որդուն տեսնելու հնարավորություն չունի, քանի որ... «չգիտեմ, թե որտեղ է Ռամիլը»: Իհարկե, ադրբեջանցի հասարակությունը ինքը պետք է որոշի, թե այդ ի՞նչ տեսակ հերոս ունեն, որին անգամ հարազատ հայրը չի կարող տեսնել, քանի որ չգիտի, թե ուր է...
Այսպիսով Սաֆարովը դարձավ, փաստորեն, փախստական սեփական երկրում, եւ ասացեք խնդրեմ, մի՞թե ազգային հերոսին արգելում են երեւալ, քայլել ուղղակի Բաքվի փողոցներով, զրուցել «ադրբեջանցի հանդուրժող ու հյուրընկալ» մարդկանց հետ...
Շատ է խոսվում, որ սա հայկական ձեռքերում կարեւոր հաղթաթուղթ է բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն, նախ եւ առաջ այդ բանակցությունները դեռ պետք է շարունակվեն, իսկ սրա համար անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը: Հայկական կողմը, վերստին ապացուցելով հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը, Սաֆարովի արտահանձնման խիստ լարված ժամանակահատվածում էլ հայտարարեց, թե ինքը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանում ընթացող բանակցությունները շարունակելու մտքին: Բաքուն այս մասին այս կարեւոր, եթե ոչ բեկումնային փուլում դեռ չի արտահայտվել: Միանշանակ պնդել, թե Ադրբեջանը այսպիսով չի ցանկանում բանակցությունների շարունակումը, չենք կարող, քանի որ խնդիրը այնքան դա չէ, որքան որ Բաքուն այսօր լուրջ գործողությունների պլան է մշակում, թե այլեւս ինչպես պահի իրեն բանակցությունների սեղանի շուրջն ու ամենակարեւորը` ինչպես չեզոքացնի հայկական կողմերին իր իսկ տված հաղթաթուղթը:
Հենց այս համապատկերում պետք է դիտարկել Իլհամ Ալիեւի երեկ մեկնարկած այցը Փարիզ, որտեղ նրան հյուընկալեց նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ «ջերմ ընդունելություն ցուցաբերեցին» ֆրանսահայերը: Նկատենք, որ հունգարա-ադրբեջանական գործարքից հետո, մանավանդ Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանի իշխանություններին դատապարտող բանաձեւից հետո, Ֆրանսիայի նախագահը, ինչպես նշում են մի շարք ֆրանսիացի պատգամավորներ, կարող էր եւ չեղյալ հայտարարել «մարդասպանին հերոսացնող երկրի նախագահի» այցը կամ հետաձգել: Սակայն Օլանդը դա չարեց, հետեւաբար Ֆրանսիայի նախագահը իր ու Եվրոպայի անունից «շատ բան ունի հենց այս պահին Իլհամ Ալիեւին ասելու ու նրանից պարզաբանումներ ստանալու», եւ Իլհամ Ալիեւը «շատ բան» ունի պարզաբանելու ԵՄ-ի ազդեցիկ երկներից մեկի, Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիայի նախագահին: Չմոռանանք, որ Ֆրանսիան եւս Ադրբեջանում կոնկրետ տնտեսական շահեր ունի, հետեւաբար, անգամ, ինչպես նախագահ Սարկոզին էր հաճախ նշում, հանուն «Ֆրանսիայի հավերժ քույր Հայաստանի» Փարիզը չի կարող մոռանալ դրանք:
Ինչեւէ, ինչպես եւ վաղօրոք հրապարակվել է, Իլհամ Ալիեւի Փարիզ կատարած այցի ու նախագահ Օլանդի հետ հանդիպման օրակարգում ԼՂ-ի թեման առաջնայիններից է լինելու:
Անդրադառնանք մենք էլ այդ թեմային, ու կոնկրետացնենք, թե հունգարա-ադրբեջանական գործարքը ինչ կարեւոր հստակեցում մտցրեց ԼՂ բանակցությունների սեղանին այսօր դրված մադրիդյան փաստաթղթում: Այնտեղ, ինչպես հայտնի է, կա դրույթ փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Խոսքը փախստականների միակողմանի վերադարձն ապահովելու մասին չէ: ԼՂ հակամարտության հետեւանքով հայկական կողմերը եւս ունեն փախստականներ ու բռնի տեղահանվածներ, ուրեմն, եթե հիմնահարցի կարգավորման համար նշվում է նման ձեւակերպմամբ դրույթ` խիստ ընդհանրական մոտեցմամբ, հետեւաբար խոսքը նաեւ հայ ազգաբնակչության` իրենց ծննդավայրերը վերադառնալու հնարավորության, իրավունքի մասին է:
Սակայն ի՞նչ ապացուցեց ալիեւյան համաներումը հայի սպանած մարդասպանին: Այն, որ, ինչպես Սաֆարովի փաստաբանն է Բուդապեշտի դատարանին բացահայտ հայտնել, «Ադրբեջանում հայ սպանելը չի համարվում հանցագործություն»: Իսկ այս փաստը հերքում է ադրբեջանական մեդիայի այն քարոզչական հնարքները, թե իբր Ադրբեջանում, Բաքվի հենց կենտրոնում այսօր էլ հանգիստ հայեր են ապրում` այն էլ հայկական ազգանուններով, քանի որ եթե դա իրոք այդպես լիներ, ապա վստահաբար ադրբեջանական հասարակության ծայրահեղ տրամադրված հատվածը նրանց կյանքի հանդեպ ոտնձգություն կաներ, «քանի որ Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ»:
Բացի սրանից, եթե Ադրբեջանում հայ սպանելը չի համարվում հանցագործություն եւ եթե հայ սպանելու համար այդ երկրում բնակարան են տալիս, 8 տարվա աշխատավարձ, մայորի կոչում եւ ազգային հերոս դարձնում, ապա որեւէ խոսք գնալ չի կարող հայ փախստականների` ԼՂ հակամարտության հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներ կամ Ադրբեջան վերադառնալու մասին. նրանց կյանքն ուղղակի այնտեղ վտանգի տակ կգտնվի: Ու եթե այսպես է, նշանակում էՙ որեւէ խոսք լինել չի կարող նաեւ ԼՂ ադրբեջանական համայնքի վերադարձի մասին ու ոչ թե այն պատճառով, որ նրանց կյանքն էլ Ղարաբաղում կլինի վտանգված, այլ որովհետեւ դիվանագիտության մեջ եթե առաջարկվում է դրույթ, որը ընդհանուր կիրառական է, ու եթե այդ դրույթը մի կողմի կիրառման համար նպատակահարմար չէ կամ անհնարին է, ուրեմն առհասարակ դրույթը հանվում է:
Ստացվում է, որ Սաֆարովին հերոսացնելով Իլհամ Ալիեւը վերջին քարը դրեց Ադրբեջանը ԼՂՀ-ից սահմանազատող պատին, որն, ինչպես գիտենք, ամենայն լրջությամբ կառուցվում էր որոշ ժամանակ առաջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ երբ կարիք լինի կրկնելու ԼՂՀ ժողովրդի հանրաքվեն` պարզելու ղարաբաղցիների դիրքորոշումը սեփական պետության կարգավիճակի վերաբերյալ, այդ հանրաքվեին չի կարող մասնակցել ադրբեջանական համայնքը, քանի որ Ղարաբաղում չի լինի:
Ի դեպ, ԼՂ-ում արդեն իսկ անցկացված հանրաքվեին, որը Ղարաբաղը հռչակեց անկախ պետություն եւ որն անցկացվեց այն ժամանակ դե յուրե գործող ԽՍՀՄ թարմացված սահմանադրությանը ամբողջովին համապատասխան, առաջարկ էր արվել, որպեսզի Ղարաբաղի ադրբեջանական համայնքն էլ մասնակցի այդ հանրաքվեին, սակայն վերջինս մերժել էր. հիմա, ուրեմն, ո՞վ է մեղավոր «բացակայելու» համար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ