Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից պրծանք ու ճանապարհ ենք ընկնում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններ, որոնք տեղի կունենան Արագածոտնում, Վայոց ձորում, Տավուշում, Կոտայքում եւ Գեղարքունիքում, ընդհանուր հաշվով` 318 համայնքում: 262 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն, 281-ում` ավագանի: Պատկերացրեք` հարկավոր թվով թեկնածուների բացակայության պատճառով 13 համայնքում ընտրություններ չեն կայանա: 16 քաղաքում քաղաքապետի ընտրություններ են (ընդ որում` Աբովյանում, Սեւանում, Ճամբարակում եւ Եղվարդում անմրցակից, մեկական թեկնածուներ են մնացել): Այս եւ հարակից այլ տեղեկություններ երեկ կարելի էր ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից , որը հանդիպելով լրագրողների հետ, նաեւ անդրադարձավ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին:
Ինքնաբացարկներից հետո սեպտեմբերի 23-ին 521 գրանցված թեկնածու կպայքարի 262 համայնքում համայնքապետ, 2626-ը` ավագանու անդամ դառնալու համար:
Միշտ հետաքրքրական է ընտրությունների մասնակիցների կուսակցական պատկանելությունը. գրանցված 3149 թեկնածուներից 1702-ն անկուսակցական են, 5-ը` «Ժառանգությունից», 856-ը` ՀՀԿ-ից (որոնցից 241-ը պայքարելու համայնքի ղեկավար, 612-ը` ավագանու անդամ դառնալու համար): ՕԵԿ-ից գրանցված է 47 թեկնածու (6-ը` համայնքի ղեկավարի, 41-ը ավագանու անդամի տեղերին է հավակնում), ՀՀՇ-ն 5 գրանցված թեկնածու ունի, ՀՅԴ-ի 86 գրանցված թեկնածուից 21-ը պայքարելու է համայնքի ղեկավար, 65-ը` ավագանու անդամ դառնալու համար: ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուներից գրանցվել են 424-ը (69 պայքարելու է ավագանու անդամի, 355-ը` ավագանու անդամի տեղի համար), ՌԱԿ-ի 3 ներկայացուցիչ հավակնում է ավագանու անդամ դառնալ:
510 տղամարդ եւ 11 կին պայքարելու են համայնքի ղեկավարի, 2462 տղամարդ եւ 164 կին ավագանու անդամի համար: Համայնքապետի թեկնածուներից 161-ը մինչեւ 40 տարեկան են, 482-ը` 40-60: Ավագանու անդամներից 1251-ը մինչեւ 40 տարեկան են, մնացածների տարիքն ավելի բարձր է:
Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններին կհետեւի 100-ից ավելի դիտորդ հասարակական կազմակերպություններից, ընդ որում` դիտորդի իրավունք ստացել են բոլոր դիմողները:
Թարմացնենք նաեւ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրութունների վերաբերյալ տեղեկությունները` 379 համայնքում կայացած ընտրութուններում համայնքի ղեկավարի տեղի համար պայքարող 716 առաջադրվածներից ընտրվել է 379, ավագանու անդամի տեղի համար 4073 առաջադրվածներից` 2905-ը: 84 համայնքի ղեկավար (կամ 22 տոկոսը) են դարձել նոր մարդիկ, ընդ որում այդ 84 համայնքներից 43-ում նախկին համայնքապետներն առաջադրվել էին:
Սեպտեմբերի 9-ի ընտրությունների կուսակցական պատկերն այսպիսին է` ընտրված համայնքի ղեկավարներից ՀՀԿ-ական են 238-ը, ԲՀԿ-ական` 21-ը, ՀՅԴ-ական` 16-ը, ՕԵԿ-ական` 9, իսկ 95-ն անկուսակցական են: Ավագանու անդամ են 759 ՀՀԿ-ական, 158 ԲՀԿ-ական, 35 ՕԵԿ-ական, 44 ՀՅԴ-ական, 2 «Ժառանգությունից» եւ 2 ՌԱԿ-ական: Սեպտեմբերի 9-ի ընտրություններում հաղթողներից ամենատարեց համայնքապետը Լոռու Դսեղ գյուղինն է` Նորիկ Քոչարյան, 77 տարեկան, նա անկուսակցական է, իսկ ամենաերիտասարդը Շիրակի մարզի Սարիգյուղի ՀՀԿ-ական համայնքապետն է` 27 տարեկան:
Մ. Խ.