Ամերիկացի գիտնականներն ուսումնադիրում են հին պապիրուսի մի պատառիկ, որտեղ ասվում է, որ Հիսուս Քրիստոսը ամուսնացած է եղել: Նրա կինը, ամենայն հավանականությամբ, Մարիամ Մագթաղինացին էր: Եթե պատառիկի իսկությունը հաստատվի, ապա Հիսուսի վերաբերյալ պատկերացումները կարող են փոխվել, նշում է CNN հեռուստաալիքը:
Պապիրուսի պատառիկի չափերն են 8x4 սմ, ունի 7 տող հին ղպտիերեն տեքստ: Հնանուն հավաքորդը այն հանձնել է Հարվարդի համալսարանի գիտնականներին:
Աստվածաբանության պրոֆեսոր Կարեն Քինգը չի կասկածում պատառիկի իսկությանը, որը անվանում է «Քրիստոսի կնոջ ավետարան»:
Ձեռագիրը վերծանած տիկին Քինգը ասում է, որ հին քրիստոնեական տեքստի թարգմանությունը պարունակում է Հիսուսի խոսքերը, որոնցով նա պախարակումից պաշտպանում է մի կնոջ, որին իր կինն է անվանում, ասում է, որ ապրում է նրա հետ:
Հետազոտողների կարծիքովՙ խոսքը Հիսուսի անձնվեր ուղեկից Մարիամ Մագթաղինացու մասին է: Ըստ ավետարաններիՙ նա ներկա է եղել Քրիստոսի խաչելությանը եւ նրա հարության ականատեսն էր:
Քինգի կարծիքովՙ ղպտիերեն տեքստը 4-րդ դարում գրվել է ըստ ավետարանիչների վկայությունների եւ թարգմանված է հին հունարենից: Ենթադրվում է, որ եկեղեցու սպասավորները ոչնչացրել են ղպտիերեն ձեռագիրը, քանի որ այնտեղ նշված տեղեկությունները ներհակ են եկեղեցու պաշտոնական գաղափարախոսությանը:
Ներկայումս պապիրուսի պատառիկը լաբորատոր հետազոտությունների վերջնական փուլում է:
Պ. Ք.