Երեկ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստում քնարկվում էին մեկ տարի առաջ ստեղծված կառույցի հաշվետվությունն ու հետագա անելիք քայլերը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը : Օրակարգային հարցերից էին հայեցակարգային քննարկումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի (լոգոյի) եւ կարգախոսի մցույթի հայտարարումը, հանձնաժողովի` պաշտոնական կայք ունենալու խնդիրը, 2013 թվականին եւ դրանից հետո նախատեսված միջոցառումների ժամանակացույցի վերաբերյալ դիտարկումները: 2013-ին մի շարք հետաքրքրական միջոցառումներ են նախատեսված` գիտաժողով Մայր աթոռում, ցուցադրություններ Նյու Յորքում եւ Բոստոնում, «Հայոց ցեղասպանության 50 վկաները» ֆիլմի ցուցադրություն Երեւանում, Հայոց ցեղասպանության միջազգային լուսաբանման վերաբերյալ միջոցառումներ, «Ընդհատված մանկություն. ցեղասպանությունը հայ մանուկների աչքերով» ժամանակավոր ցուցադրություն աշխարհի մի շարք քաղաքներում, Հայոց ցեղասպանության ատլասի ցուցադրություն, Հայոց ցեղասպանության մասին հանրագիտարանային հատորի պատրաստում մի քանի լեզուներով, դրանց էլեկտրոնային տարբերակի տեղադրում ինտերնետում եւ այլն:
Պետական հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների առանձնանշանի մրցույթ է հայտարարվելու, որում հաղթած նախագծերի համար սահմանված են 1 գլխավոր (500 հազ. դրամ) եւ 2 խրախուսական (250-հազարական դրամ) մրցանակներ:
Ի դեպ, նիստը տեղի էր ունենում Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում` Մատենադարանում, որտեղ այդ նիստից ժամեր առաջ տեղի էր ունեցել հիմնանորոգված հիմնական մասնաշենքի վերաբացումը` արժեքավոր նոր ցուցադրություններով եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Արցախի նախագահների, Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներների եւ այլ պատվավոր հյուրերի:
Մ. Խ.