«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


«ԱՇՏԱՐԱԿԸ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔ»

Արագածոտնի մարզի ՌԱԿ «Աշտարակ» ակումբի ատենապետ Հայրենուհի Գեւորգյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք Աշտարակի համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուներից մեկն է: Առաջադրվել է, ինչպես ինքն է ասում, հանուն իր քաղաքի բարեկեցիկ ու լավ ապագայի: Որպես ավագանու անդամի թեկնածու Հայրենուհի Գեւորգյանն առաջադրվել է Արագածոտնի համար 14 ընտրատարածքում: Իր ամբողջ կյանքը տիկին Գեւորգյանը նվիրել է մանկավարժությանը, սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործին: Իր կատարած մանկավարժական աշխատանքի ու հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել է դիպլոմներով ու պատվոգրերով: 1998 թվականին ստացել է «Մարզի լավագույն ուսուցիչ» կոչումը:

Տիկին Գեւորգյանը ծնվել է Աշտարակ քաղաքում, սովորել տեղի հանրակրթական դպրոցում, ապա Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ներկայումս տիկին Գեւորգյանը ՌԱԿ Հանրապետական վարչության անդամ է ու ճանաչված է նաեւ Սփյուռքի ռամկավարական շրջանակներում:

Հայրենուհի Գեւորգյանն ասում է, որ ավագանու անդամ դառնալու իր հիմնական նպատակը Աշտարակը բարեկարգված տեսնելն է. «Իմ նպատակն է նաեւ նպաստել կրթության ու մշակույթի զարգացմանն իմ քաղաքում ու վերադարձնել աշտարակցու կենսախնդությունը»: Բացի դրանից` Աշտարակը, լինելով Պռոշյանի, Շահազիզի, Ղափանցյանի, Գեւորգ Էմինի եւ էլի ուրիշ անվանի հայորդիների ծննդավայրը, ըստ տիկին Գեւորգյանի, 21-րդ դարում իրավունք չունի մնալու գավառական քաղաք: «Իսկ այսօր հենց այդպիսին է մեր չինովնիկների ու ավագանու անտարբերության պատճառով», ավելացնում է տիկին Հայրենուհին, որն ավագանու անդամ լինելու իր տարիներին կջանա, որպեսզի Աշտարակի փողոցները լինեն ասֆալտապատ, լուսավորված, քաղաքն ունենա հանգստի ու մշակույթի վայրեր:

Ինչ վերաբերում է Աշտարակի համայնքի ավագանու մյուս թեկնածուներին, Հայրենուհի Գեւորգյանը կարծում է, որ մեր ամբողջ հանրապետությունում, այդ թվում եւ Աշտարակում, գոյություն չունի գաղափարական մրցակցություն: «Այստեղ մրցակցությունը այլ բնույթներ է կրում, օրինակ` թայֆայական, ազգակցական կամ էլ օլիգարխային բնույթներ: «Եվ մարդիկ ընտրվում ու վերընտրվում են իրենց բիզնեսի հաշվին», նշում է տիկին Հայրենուհին:

Իսկ ի՞նչ կարծիքի եք` ավագանու անդամ կընտրվե՞ք: Այս հարցի վերաբերյալ տիկին Հայրենուհին նշում է, որ իր ընտրողները լինելու են իր աշակերտները, նրանց ծնողները, հասարակության ինտելեկտուալ զանգվածը:

Զրուցակիցս 46 տարի աշխատել է դպրոցում, ասում է, որ պայքարել է դպրոցում տիրող անարդարությունների ու կոռուպցիայի դեմ: «Լինելով նաեւ «Իրավագետ սերունդ» ՀԿ-ի նախագահՙ պաշտպանել եմ մեր քաղաքացիների` դպրոցի ուսուցիչների շահերը, սակայն զոհ դարձել դպրոցի տնօրեն Ա. Մկրտչյանի խարդավանքներին ու ազատվել աշխատանքից», պատմում է Հայրենուհի Գեւորգյանը եւ ընդգծում, որ պատրաստվում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները, ինչպես արդեն դա արել է դատարանը:

Հարցազրույցի վերջում տիկին Հայրենուհին ասում է, որ հավատում է ժողովրդի իմաստնությանը եւ հավատում, որ մարդիկ իրեն կգնահատեն ու կքվեարկեն հենց իր օգտին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4