«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


14 ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «Rover Curiosity» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ 14 հայ գիտնականներ մասնակցել են օգոստոսի 5-ին Հրատ (Մարս) մոլորակի վրա հաջող վայրէջք կատարած, NASA-ի արձակած տիեզերանավի պատրաստմանը:

«Rover Curiosity» («Հետաքրքիր թափառականը») անվանված բավական բարդ սարքավորումներով հագեցած տիեզերանավի առաքելությունն է ոչ միայն Մարսի մակերեսի նկարներ ուղարկել երկիր, այլեւ հողի նմուշներ վերցնել եւ տարրալուծելՙ իմանալու համար, թե այնտեղ կենդանի մանրէներ գոյություն ունե՞ն կամ ունեցե՞լ են անցյալում:

Սարքի ամենահետաքրքրական կարողությունը պլուտոնիում կոչված ռադիոակտիվ նյութից էլեկտրականություն ստանալու հնարավորությունն է, որն ապահովելու է սարքի երկարաժամկետ (երկրային 687 օր) դեգերումները այդ մոլորակի վրա:

Ըստ Կանադայում հրատարակվող ՌԱԿ-ի «Ապագայ» պաշտոնաթերթի լրատվության, «Հրատի գիտաշխատանոցի» (Mars science laboratory) անձնակազմում գործել են գիտության տարբեր բնագավառների 14 հայ գիտնականներ, որոնց անունները կհրապարակենք ստորեւՙ մաղթելով նորանոր բարձունքներ:

Արբի Կարապետյան (խմբի ղեկավար), Ավո Դեմիրճյան, Վաչե Որբերյան, Ալֆրեդ Քաշաք, Ֆելիքս Սարգսյան, Հրայր Այնթապլյան (բոլորը էլեկտրոնիկայի բաժնից), Կարեն Խանոյան եւ Ռիչարդ Օհանյան (վայրէջքի ռադարային դրության բաժնից), Սերժիկ Ծատուրյան եւ Վազրիկ Կարախանյան (արձակման բաժնից), Գայանե Գազարյան (կենսաբանության բաժնից), Հենրի Հարությունյան (թռիչքի համակարգչային բաժնից), Արմեն Դուրյան (մեխանիզմի եւ փորձարկության բաժնից) եւ Զավեն Գորճյան (համակարգչային անիմացիայի բաժնից):

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4