Բեմական զուսպ կեցվածք, ձայնային հարուստ տվյալներ եւ կատարողական բարձր արվեստ: Այսպիսի հակիրճ բառերով կարելի է ներկայացնել անցյալ շաբաթ օրըՙ սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացած ավստրալահայ երիտասարդ երգչուհի Նատալի Արոյանի (սոպրանո) դասական երաժշտության համերգը, որը բացառիկ պահեր պարգեւեց ունկնդիրներին: Երեկոյին մասնակցում էր ջութակահար Կարեն Շահգալդյանը, որը Ռախմանինովի եւ Դե Ֆալլայի ստեղծագործությունների զգացմունքային նուրբ կատարումով հուզեց բոլորին: Դաշնամուրի վրա նրան եւ Նատալիին ընկերակցում էր Արմինե Գրիգորյանը:
Ըստ համերգի տպագիր ծրագրի տեղեկությունների, Նատալին ծնվել է Սիդնեյում եւ դաստիարակվել հայկական հոգեւոր-մշակութային ոգով: Ստացել է կրկնակի բարձրագույն կրթություն Սիդնեյի կաթոլիկական համալսարանումՙ բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով: Հետաքրքրությունը օպերային արվեստի նկատմամբ առաջացել է, երբ հանդիպել է ճանաչված մեցցո-սոպրանո Լիլի Ավչյանին: 2004-ին Նատալին ընդունվել է Սիդնեյի կոնսերվատորիա: 2008-ին արժանացել է միանգամից ե՛ւ Նյու Յորքի օպերայի հիմնադրամի կրթաթոշակին, ե՛ւ «Հերալդ Սան Արիա» մրցույթի առաջին մրցանակին:
2009-ին Նատալին շարունակել է իր մասնագիտական ուսումը Նյու Յորքի Ման քոլեջի Ռութ Ֆալկոնի դասարանում, որին հանդիպել էր մեկ տարի առաջ Թել Ավիվում (Իսրայել) միջազգային վոկալ արվեստների ինստիտուտի ամառային ծրագրին մասնակցելու ժամանակ: Նյու Յորքում դեռ սովորելու տարիներին Նատալին ելույթներ է ունեցել Վերդիի «Բալ մասկարադ», Մոցարտի «Այդպես են անում բոլորը», Մենոտիի «Բլիքեր փողոցի սուրբը» եւ Վերդիի «Ֆալստաֆ» օպերաներում:
Նատալին համերգներով հանդես է եկել նաեւ Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի Հոլ եւ Վեյլ համերգասրահներում եւ ճանաչվել երկու միջազգային մրցույթների հաղթող: Մասնակցել է Տոսկանայում (Իտալիա) «Սոլտի տե կանավա ակադեմիայի» ծրագրին, որտեղ համագործակցել է ճանաչված դիրիժոր Ռիչարդ Բոնինյեի եւ Դեյմ Կիրի տե Կանավայի հետ, ինչպես նաեւ Գրացում (Ավստրիա) «Երաժշտության ամերիկյան ինստիտուտի» (AIMS) ծրագրին, որտեղ 49-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղն է գրավել եւ արժանացել «Հանդիսատեսի համակրանքի» հատուկ մրցանակին:
Ավստրալիա վերադարձին, 2011-ին, դարձյալ առաջին տեղը գրավելով «Իտալական օպերայի հիմնադրամի» մրցույթում, հնարավորություն է ստացել մեկ տարի ուսանելու լեգենդար սոպրանո Միրելա Ֆրենիի մոտ Իտալիայի Մոդենա քաղաքում:
Վերջերս Նատալին «Մետրոպոլիտեն օպերայի երիտասարդ արտիստներ» ծրագրի շրջանակներում հրավիրվել է Նյու Յորքՙ Մետրոպոլիտենում կատարելու Արմիդայի դերը Գլյուկի համանուն օպերայում: Հաջորդ տարի նա հանդես է գալու Սիդնեյի օպերային թատրոնում որպես մեներգչուհի: Հաջողություն մաղթենք իրեն:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ