«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2012-09-21 | #166, 2012-09-25 | #167, 2012-09-26


ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 6-ին ՌԴ Դաղստանի երկրամասի Խասավյուրտ քաղաքում տեղի կունենա խիստ ուշագրավ խորագիր ունեցող` «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաժանված միեւնույն ժողովուրդների ժողով»: Այս մասին տեղեկացնում է ռուսական REX գործակալությունը` մանրամասնելով, թե «ենթադրվում է, որ ժողովին կմասնակցեն 6000 պատվիրակներ, այդ թվումՙ ժողովին հատուկ հրավիրված ցախուրներ, թալիշներ, ինչպես նաեւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ապրում են Ռուսաստանում եւ Ադրբեջանում»:

Նմանատիպ ժողով արդեն անցկացվել է հունիսին Մոսկվայում, որը կոչվում էր` «Ռուսաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանով բաժանված լեզգի եւ ավար ժողովուրդների եւ նրանց խնդիրների լուծման ճանապարհների որոշման առաջին միջազգային կոնֆերանս»: Այս վերջին կոնֆերանսն, ի դեպ, կազմակերպվել էր Լեզգիների դաշնային, ազգային-մշակութային ինքնավարության եւ Ավարների ազգային-մշակութային ինքնավարության ջանքերով: Կոնֆերանսի կայացման գործում անձնական մասնակցություն էր ունեցել թալիշ ժողովրդի շահերի պաշտպանությամբ զբաղվող Ֆահրադդին Աբոսզադան, ում Ադրբեջանում անվանում են «հայտնի պրովոկատոր», ի դեպ: Հիշյալ կոնֆերանսը կայացավ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի` Բաքու կատարելիք այցի նախօրեին, ու Իվանովի նախանշված այցը Բաքու այս կոնֆերանսից հետո այդպես էլ չկայացավ: Սա հիմք է տվել ադրբեջանական վերլուծափորձագիտական համայնքին եզրակացնելու, որ, ուրեմն Ռուսաստանում նման կոնֆերանսների ու ժողովների կայացման գործում «ջանքեր են թափում նաեւ այդ երկրի ուժային եւ հատուկ կառույցները», հակառակ պարագայում, ըստ ադրբեջանական վարկածի` նման «ընդգծված հակաադրբեջանական ուղղվածության ժողովներ Ռուսաստանում չեն կարող կայանալ»: Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի մի շարք վերլուծաբանների համոզմամբ, այս կոնֆերանսների կազմակերպումը միտված է ճնշելու Ադրբեջանին` «Եվրոմիությանը մեր երկրի անդամակցության եւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցում Ռուսաստանին զիջումներ անելու նպատակով»:

Թե որքանով են այս ժողովներն ու կոնֆերանսները միտված ճնշելու Ադրբեջանին, ու թե որքանով է Ադրբեջանն իրապես կանգնած Եվրոմիությանն անդամագրվելու ճանապարհին, մեր քննելիքը չէ, շատ ավելի նշանակալից է մեզ համար հիշյալ կոնֆերանսների օրակարգը: Օրինակ, տեղեկություն կա, որ հոկտեմբերի 6-ին Դաղստանում կայանալիք վերոհիշյալ ժողովի ժամանակ հայտարարվելու է «Ռուսաստանում եւ Ադրբեջանում ապրող լեզգիների ու ավարների միավորման մասին»: Բնականաբար այս տեղեկությունը չէր կարող չանհանգստացնել Բաքվի պետական ապարատից սնվող ու միայն վերջինիս ցուցումներով «սեփական, անկախ կարծիք» հայտնող ադրբեջանցի վերլուծական հանրույթին, որի ներկայացուցիչներից մեկը այս կապակցությամբ «պրոֆեսիոնալ կարծիք» է հայտնել. «Այդ ինչպե՞ս, միավորե՞լ Ռուսաստանում եւ Ադրբեջանում ապրող լեզգիներին ու ավարների՞ն, իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգվող պետական սահմանը հաշվի առնվե՞լ է»: Նման «պրոֆեսիոնալ կարծիք» հայտնողներին մնում է միայն հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս, երբ իրեն հռչակեց «համայն աշխարհի ազերիների նախագահ», փաստորեն հաշվի չառավ Ադրբեջանի ու Իրանի միջեւ ձգվող պետական սահմանը, իսկ այս վերջին պարագայում ադրբեջանցի փորձագետ-վերլուծաբաններն, իհարկե, լռեցին` հերթական անգամ ցուցադրելով իրենց «պրոֆեսիոնալիզմը»:

Ադրբեջանական այս անհանգստությունը հասկանալի է, մանավանդ որ հիշյալ ժողովին, ինչպես նշեցինք, մասնակցելու է նաեւ «հայտնի պրովոկատոր», ազգությամբ թալիշ Ֆահրադդին Աբոսզադեն: Իսկ սա նշանակում է, որ «6000 պրովոկատորները» կարող են հանկարծ որոշել, որ թալիշ ժողովուրդն էլ միավորման կարիք ունի Իրանի հյուսիսում ապրող իրենց եղբայրների հետ: Ուրեմն ի՞նչ է ստացվում. հարեւան Ադրբեջանում ապրող մի շարք ժողովուրդներ բաժանված են սեփական ժողովրդի այլ հատվածներից, այսինքնՙ Ադրբեջան պետությունը իր ստեղծմամբ բաժանել է միեւնույն ժողովրդին երկու մասերի: Հայերը ղարաբաղյան պատերազմով սա չհանդուրժեցին, լեզգիները, ավարները, թալիշները, այլք` ժողովների, կոնֆերանսների ձեւով պայքարելու ճանապարհն են բռնել... դեռեւս: Ընդ որում, ոչ պակաս ուշագրավ է, որ այս ժողովուրդները իրենց պայքարը բացառապես տանում են Ադրբեջանից դուրս, իսկ այս փաստն արդեն ապացուցում է, որ նման գործողությունները Ադրբեջանում անթույլատրելի են, իսկ գործողները, որոնք պարզապես ադրբեջանցի չեն, չեն եղել ու չեն էլ պատրաստվում լինել` ազատազրկման ենթակա «պրովոկատորներ»: Հուսանք, որ մի օր մի հասարակ ադրբեջանցի մարդ կհասկանա, որ չի կարելի հարեւան ժողովուրդներին անվանել «պրովոկատոր» կամ «ծայրահեղ-անջատողական», քանի որ չի կարող այդպես լինել, որ մի երկիր շրջապատված լինի ամբողջովին «պրովոկատորներով» ու «ծայրահեղ-անջատողականներով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4