«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2012-09-21 | #166, 2012-09-25 | #167, 2012-09-26


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ «ԳՏՆՎՈՒՄ Է ՈՒՐԻՇ ԵՐԿՐՈՒՄ»

Երկու տարին մեկ անգամ անցկացվող ՀՀ Պետական մրցանակին պետք է առաջադրվեր նաեւ Ստեփանակերտի օդանավակայանը, սակայն ճարտարապետություն եւ քաղաքաշինություն բնագավառի հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը օդանավակայանի ճարտարապետ, ԵՐՃՇՊՀ ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանին հայտարարել է, որ օդանավակայանը չի կարող ընդգրկվել ՀՀ նախագահի մրցանակների հավակնորդների ցուցակում:

«Ուրիշ երկիր է», ասել է Քալաշյանն ու շեշտել, որ ճիշտ կլինի, եթե օդանավակայանն ընդգրկվի Արցախի նախագահի կողմից տրվող մրցանակի հավակնորդների ցանկում: Բարսեղյանը Քալաշյանին հարգում է, սակայն տեսակետներին հիմնականում համամիտ չէ:

«Այո, Ստեփանակերտը Հայաստանում չի գտնվում եւ եթե գոյություն ունի Արցախի Հանրապետություն, ապա պետական մրցանակն էլ պետք է ստանան այդ երկրի նախագահից: Սակայն Արցախում ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակ սահմանված չէ, ինչը պակաս արժեքավոր չէր լինի, որքան Հայաստանից ստացված մրցանակը», ասում է Բարսեղյանն ու հավելում, որ միեւնույն ժամանակ Հայաստանն Արցախը որպես սփյուռք չի դիտարկում:

«Մենք այն անվանում ենք հայկական երկրորդ հանրապետություն, այնտեղ օգտագործվում է հայկական անձնագիր ու հայկական մշակույթի պրոպագանդա է տարվում: Մյուս կողմից, գիտությունն ու արվեստը աշխարհագրություն չեն ճանաչում, իսկ օդանավակայանի կառուցումը հայրենանվեր գործունեություն է», ասում է Բարսեղյանըՙ հիշեցնելով Մոսկվայում կառուցվելիք հսկայական հայկական տաճարի մասին: «Եթե եկեղեցու շինարարությունն ավարտվի, եւ արժանի լինի բարձրագույն պարգեւի, ո՞վ է շնորհելու պարգեւըՙ Պուտի՞նը, ո՚չ, հայկական շինություն է, բայց գտնվում է այլ երկրում, հետեւաբար պետք է մրցանակ հանձնի Հայաստանի նախագահը»:

Ճարտարապետն ասում է, որ նախագահի մրցանակին առաջադրված է եղել եւս երկու շինությունՙ Կենտրոնական բանկի շենքը նորոգումից հետո եւ նորակառույց եկեղեցին Սիսիանում: «Երրորդն էլ պետք է լիներ Ստեփանակերտի օդանավակայանը: Մեզ ասացին, որ մինչեւ մրցանակի շնորհումը նախագահի աշխատակազմը մասնագետների հատուկ խումբ է ուղարկում, որպեսզի ուսումնասիրեն տվյալ շինությունները: Ասացին, որ եթե անգամ առաջադրվի, ապա խումբը չի կարող գնալ Ստեփանակերտՙ ուսումնասիրելու: Ասացիՙ եթե Սիսիան հասնում եք, կարող եք նաեւ Ստեփանակերտ հասնել: Ասացինՙ կարող ենք, սակայն դա իրավական նորմերի խախտում է, որովհետեւ խումբը կմտնի ուրիշ երկիր, իսկ դա իրավական խախտում է», հիշում է Բարսեղյանըՙ հավելելով, որ օդանավակայանն այդպես էլ չառաջադրվեց, սակայն մյուս երկու շինություններն էլ մրցանակ չստացան: Քննարկումից հետո հանձնախումբը որոշեց, որ երկու շինություններից որեւէ մեկը չի համապատասխանում նախագահի պարգեւին: Հետաքրքրական է, որ նախագահի կայքում ՀՀ պետական մրցանակների կարգի վերաբերյալ գրության մեջ նշված չէ, թե մրցանակակիրը պետք է լինի պարտադիր հայաստանցի կամ գյուտը եւ շինությունը պետք է արված լինեն միայն Հայաստանի սահմաններում:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները տեւել են ավելի քան 2 տարի: Կառույցը նման է ճախրող թռչունի: Օդանավակայանի ճարտարապետի ներկայացմամբՙ ճախրող թռչունի տեսքով շենքի պատկերումը պատահական չէ: «Դա ճախրանքի տպավորություն կստեղծի նաեւ ուղեւորների մեջ, ազատություն եւ անկախություն կխորհրդանշի»: 1200 քմ տարածք զբաղեցնող օդանավակայանը Ստեփանակերտից 8 կմ է հեռու: Թեեւ փոքր է, սակայն աշխատակիցները հատուկ հոգացել են ոչ միայն ուղեւորների անվտանգ թռիչքի, այլեւ հարմարավետության մասին: Երկհարկանի գեղեցկուհին կունենա բար, սրճարան, ավտոկայանատեղի, VIP սրահ հատուկ հյուրերի համար: Օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմել է 5 մլն դոլար: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կունենա CRG-200 մակնիշի օդանավեր: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե: Տոմսի արժեքը չի գերազանցի 20.000 դրամը: Թեպետ հայտարարվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի հուլիսի կեսերին, սակայն բացումը ձգձգվում էՙ պատճառաբանությամբ, թե ներսում ընթանում են կահավորման եւ հարդարման վերջին աշխատանքները:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. - Կարծում ենք, Ստեփանակերտի օդանավակայանը չի առաջադրվել ՀՀ Պետական մրցանակի քաղաքական դրդապատճառներով: Գուցե հաշվի է առնվել օդանավակայանի անվտանգության փաստը, նաեւ, որպեսզի թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան շահարկման առարկա չդարձնի դա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4