ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Օգնություն ուսուցչին» ամերիկահայկական ծրագիրը շուրջ 12 տարի ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանում ու Արցախում Վահան Թեքեյանի անունը կրող հանրակրթական դպրոցների ուսուցիչներին: Ֆինանսական աջակցությունը տրվում է շնորհիվ Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության կազմակերպած հանգանակության:
Հայաստանում ու Արցախում Վ. Թեքեյանի անունը կրող դպրոցները 5-ն են, գտնվում են Երեւանում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, նաեւ Գյումրիում (Շիրակ) ու Բերձորում (Արցախ): Այս տարի ծրագրի իրականացման ժամանակը համընկել է ուսուցչի օրվա նախօրեի հետ: Հիշեցնենք, որ ուսուցչի օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 1-ին:
«Օգնություն ուսուցչին» ծրագիրը նախատեսել է 2012-ին աջակցել 293 ուսուցչի ու 69 հոգու էլ դպրոցների սպասարկող անձնակազմից: Ստեփանավանի, Կարբիի, Երեւանի ու Գյումրիի դպրոցների աշխատակիցները արդեն ստացել են իրենց համար նախատեսված օժանդակությունը, իսկ Բերձորի դպրոց այցելությունը կլինի օրերս:
Վահան Թեքեյանի անունը կրող Երեւանի թիվ 92 դպրոց այցելությունը եղավ սեպտեմբերի 24-ին, դպրոց այցելել էին Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու ու ծրագրի համակարգող Գայանե Մուրադյանը եւ Սփյուռքից Ալիս Մարաշլյանը: Գայանե Մուրադյանը նշում է. «Ամեն տարի Սփյուռքի մեր ընկերները, լինելով հայրենիքում, մասնակցում են դպրոցներ այցելելու ծրագրին»: Ալիս Մարաշլյանը Միացյալ Նահանգներից նույնպես եկել է այս նպատակով: Վերջինս արդեն եղել է Ստեփանավանում, Կարբիում ու Գյումրիում:
Թեքեյանի անվան դպրոցների մասին նա խոսում է գոհունակությամբ, իսկ հարցին, թե ինչո՞վ են տարբերվում Վահան Թեքեյանի անվան դպրոցները հանրակրթական մյուս դպրոցներից, պատասխանում է Վ. Թեքեյանի անվան Երեւանի թիվ 92 դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը . «Թեկուզ սրանով, որ ամեն տարի դպրոցն օգնություն է ստանում Թեքեյան միությունից, արդեն տարբերվում է մյուս դպրոցներից: Բացի դրանից` ամեն տարի Թեքեյան միության օգնությամբ ամռանը կազմակերպվում են երեխաների հանգստի տասնօրյա ճամբարներ, եւ դարձյալ շնորհիվ հանգանակության»: Տնօրենն ընդգծում է, որ դպրոցի միակ խնդիրը ջեռուցումն էր, սակայն 2012-ից դա էլ կլուծվի:
Երեւանի թիվ 92 դպրոցը հիմնադրվել է 1956 թվականին, իսկ Վահան Թեքեյանի անունով կոչվել 1980-ականների վերջից, ներկայումս ունի 450 աշակերտ: Այս տարի դպրոցումՙ բացի ջեռուցման խնդրի լուծմանն ուղղված քայլերից, նաեւ կատարվել է մասնակի վերանորոգում, բացվել է նոր ուսուցչանոց, որն ունի Թեքեյանի անկյուն: Վերանորոգման աշխատանքների մի մասը կատարվել է Թեքեյան միության ջանքերով ու տնօրենի անմիջական աջակցությամբ:
Երկուշաբթի դպրոցի բոլոր մանկավարժները` 58 հոգի, եւ 14 հոգի սպասարկող անձնակազմից ստացան ֆինանսական օգնություն: Իսկ աշակերտներն այդ օրը հյուրերի համար ներկայացրին համերգային փոքր ծրագիր:
Գայանե Մուրադյանը հույս հայտնեց, որ «Օգնություն ուսուցչին» ծրագիրը կլինի շարունակական:
Ալիսի հայացքով
Ալիս Մարաշլյանն ինքն էլ մանկավարժ է, եւ այս տարի Թեքեյանի անվան դպրոցների մանկավարժներին գումարները հանձնելու պարտականությունը վստահվել է նրան, որը լինելով ուսուցիչ եւ հանրային առողջապահության մասնագետ, լավ հասկանում է մանկավարժի կարեւոր աշխատանքն ու այն գնահատելու անհրաժեշտությունը:
Ալիսը ապրում է Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, սակայն ծնվել է Իրաքում, ապա տեղափոխվել Արգենտինա, որտեղ նրա հայրըՙ Գեւորգ Մարաշլյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Մարի Մանուկյան» դպրոցում հայկական բաժնի տնօրենը, իսկ մայրըՙ ուսուցիչը: Ալիսը այստեղ սովորելուց հետո` 14 տարեկանում տեղափոխվել է Բոստոն ու Միացյալ Նահանգներում սովորել հանրային առողջապահություն (Public Health):
Հիմա Ալիսը դասավանդում է միգրանտների հիվանդանոցում, որտեղ այցելուները լինում են տարիքային տարբեր խմբերից, եւ Ալիսի աշխատանքը նրանց առողջապահական իր գիտելիքները փոխանցելն է: Նա առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, ու բացի դպրոցներին օգնելու ծրագրից` կամավոր մասնակցում է Արցախի հետ իրականացվող նախագծերին, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում: Եվ մինչ նախագծերից խոսելը, Ալիսը պատմում է Թեքեյանի անունը կրող դպրոցներից իր ստացած տպավորությունների մասին: Հատկապես տպավորվել է Կարբիի դպրոցում այն փաստից, որ աշակերտները տարիներ անց հետ են եկել որպես ուսուցիչներ ու հիմա աշխատում են իրենց ավարտած դպրոցում, իրենց համայնքի համար: Իսկ Ստեփանավանի դպրոցի մասին նշում է` կարեւոր է, որ դպրոցում արդեն ներառական կրթություն է իրականացվում:
Ինչ վերաբերում է Հայաստանից իր ստացած տպավորություններին ու թե ի՞նչ փոփոխություններ է տեսնում, երիտասարդ ուսուցչուհին դրանք չի քննարկում, փոխարենը ժպտալով պատասխանում է. «Ես լավատես եմ»: