«Եկամտաբեր ծրագրեր գյուղական համայնքներում» նախաձեռնությունը
Արի ու գյուղատնտեսության դարավոր փորձ ունեցող հայ գյուղացուն սովորեցրու` ավելի արդյունավետ է գյուղատնտեսություն վարել իր իսկ հողում: Պարզվում է, սա հնարավոր է, ավելին, այսօր 50 հայ գյուղաբնակ ընտանիքներ (մոտ 200 շահառուներ) ներգրավված են «Եկամտաբեր ծրագրեր գյուղական համայնքներում» նախաձեռնության մեջ: Ծրագիրը նախատեսված է Արարատի մարզի փախստականներով բնակեցված ու առավել աղքատ Խաչփար, Հայանիստ, Սիս եւ Նիզամի համայնքների համար: Նախաձեռնությունն իրականացնում է Save the Children կազմակերպությունը` Human dignity and peace հիմնադրամի հետ համագործակցությամբ: Շուրջ 200 հազար եվրո արժողությամբ եւ երկու տարի ժամկետով ծրագիրը 75 տոկոսով ֆինանսավորում է Եվրոմիությունը, մնացյալ մասը իրականացնող կազմակերպությունների ներդրումներն են:
Ներդրման առաջին տարում նախաձեռնությունը, ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանի խոսքերով, նպատակ ուներ ծրագրում ընդգրկված գյուղացիներին տալ գյուղատնտեսական նոր գաղափարներ, բույսերի, բերքի մշակման նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ: Ընդ որումՙ շահառուից որեւէ ֆինանսական ներդրում չի պահանջվում: Իսկ առհասարակ ծրագրի ընդհանուր նպատակն է բանջարեղենի մշակության նոր տեխնոլոգիաների ներդրման, բարձր բերքատվություն ունեցող սորտերի մշակության, ինչպես նաեւ մասնագիտական կարճաժամկետ դասընթացների միջոցով ապահովել տնտեսությունների եկամտի հաստատուն աճ, ինչը կնպաստի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը: Հենց այս նպատակով էլ ծրագրի գործունեության երկրորդ տարում նախատեսվում է ավելի շատ օգնել գյուղացիներին` մթերքի իրացումն ապահովելու, շատ ավելի բարձր գնով վաճառելու գործում: Պարբերաբար անցկացված դասընթացներով ամբողջ ծրագրի իրականացման համար ընտրվել է գյուղատնտես` Տիգրան Սղոյանը, իսկ ծրագրում ներառված 4 գյուղական համայնքների ներկայացուցիչների համար ընտրվել են մեկական գյուղատնտեսներ: Սղոյանը, մանրամասնելով իրենց առաջարկած նոր մեթոդի առավելությունները, նշում է. «Աշխատանքները սկսվում են ավելի վաղ` ջերմոցում, այնուհետեւ դաշտ են տեղափոխվում միայն առողջ եւ ամուր սածիլները: Այս մեթոդը մշակելիս օգտագործվում են լարեր, T-աձեւ սյուներ` բույսը դեպի վեր աճեցնելու համար, ինչի շնորհիվ խնայվում է տարածքը: Մեթոդի կիրառման ժամանակ ցանքաշրջանառությունը շատ լավ է, բայց քանի որ հողը չի կարող վերականգնվել մեկ ձմռան ընթացքում, կիրառվում է կենսահումուս, ինչն օգնում է շատ ավելի արագ վերականգնել հողի բերրիությունը, բարձրացնում է սերմերի ծլունակությունը, բույսերի դիմացկունությունը եւ այլն»:
Իսկ Հացանիստ գյուղի բնակիչ Տարոն Թեմոյանը, որն իր այգում մեզ սիրով հյուրընկալեց, նշում է. «Նոր մեթոդով մենք միեւնույն մարգից եռակի, քառակի ավելի բերք ենք ստանում»:
Ծրագիրը գործում է 150 քառակուսի մետր մակերեւույթ ունեցող հողակտորների վրա, սակայն ծրագրում ներառված գյուղացին կարող է ընդլայնել իր հողակտորը ու մշակել ձեռք բերած նոր հմտություններով: Այս պարագայում գյուղացին, միեւնույն է, սերմեր, դեղորաք, եւ այլ տիպի օգնություններ կստանա միայն 150 քառակուսի մետր հողակտորի համար: Առկա է ընդհանուր սխեմա բոլորի համար, թե կոնկրետ ինչ բուսատեսակներ պետք է աճեցվեն: Ֆիլիպ Հովհաննիսյանը պատմում է, որ ծրագրում գյուղացիները ներառվել են իրենց կազմած հարցաթերթիկներին պատասխանելուց հետո, որոնցում գյուղացիները պատասխանել են, օրինակ, թե քանի՞ երեխա ունեն, արդյոք ընտանիքում կա՞ մեկը, որը կարող է զբաղվել հենց գյուղատնտեսությամբ եւ այլն:
Այս մարդկանցից մեկի հողամասում ճաշակեցինք նոր գյուղատնտեսական մեթոդով աճեցված վարունգը. համեղ էր ու անգամ ծայրերում մեզ համար սովորական դառնությունը չուներ:
Հ. ԱՖՅԱՆ