ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մինչ քաղաքական դաշտում մտածում էին, թե նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացները դանդաղում են, նախագահ Սարգսյանն աննկատ սկսեց քարոզարշավը` իր գործունեության մեջ արդեն հստակ ուղերձներ դնելով առ նոր նախագահական ընտրություններ: Մեկ շաբաթ առաջ, երբ բյուջեի միջոցների արդյունավետ ծախս պահանջելով` նա ձայնը բարձրացրեց կառավարությունում, մի պահ բոլորին թվաց, թե սա հատկապես կառավարությանն ու վարչապետին է վերաբերում, իսկ նրա տված անուններից յուրաքանչյուրի վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ արվեցին: Սակայն նախագահը շարունակեց, եւ մեկ օր առաջ պաշտպանության նախարարությունում նորից խիստ երանգներ էին նախագահի ձայնում` «Ի՞նչ է նշանակում պարտք վերցնել մատակարարից» զայրացած հարցադրումով եւ պաշտպանության նախարարությունը գնումների առումով գոնե օրինակելի դարձնելու պահանջով:
Պետք է ենթադրել, որ մինչ մյուս հնարավոր թեկնածուները մլուլ են տալիս, նախագահ Սարգսյանը որոշել է լավագույնս օգտագործել իր ժամանակն ու հնարավորությունը եւ սկսել անձամբ պայքարել կոռուպցիայի եւ «ատկատների» դեմ` լավ գիտակցելով, որ նորից նախագահ դառնալու այլ ճանապարհ չկա, քան կարգի բերել տան ներսը. Հայաստանի քաղաքացիների վրա որեւէ խոստում այլեւս չի ներգործում, խոսքը, խոստումները վաղուց արդեն կորցրել են իրենց արժեքը, հիմա միայն փաստացի գործ է պահանջվում: Հավանաբար պետք է սպասել, որ հաջորդը նախագահ Սարգսյանը խորհրդակցություն կանի առողջապահության նախարարությունում, հետո տրանսպորտի եւ կապի, հետո մյուս նախարարություններում: Երբ կոռուպցիա ներառող նախարարություններն ավարտվեն` որոշ գլուխներ, այնուամենայնիվ, կթռչեն, որովհետեւ ի վերջո անհասկանալի կմնա` մի՞թե տարիներ շարունակ ոչ ոք չի նկատել, որ պաշտպանության նախարարությունը նույն մատակարարներից է օգտվում, ու այդ մատակարարների ողջ բիզնեսը կառուցված է «օպտվի» գնորդ ՊՆ-ի փողերի վրա: Կամ` բանակի զինվորները, որ տարիներով բողոքում էին չծամվող ու ռետինի պես մսից, ո՞նց է, որ այդ բողոքը բանակի ղեկավարությունը չէր լսում ու տեսնում. ընդամենը պաշտպանության նախարարը պետք է զորանոցի ճաշարանում մեկ անգամ ճաշեր: Սակայն այս բոլորը այժմ քաղաքական ենթատեքստ է ստանում, քանի որ Հայաստանը մոտենում է նախագահական ընտրությունների եզրագծին, ընտրողներ են նաեւ զինվորների ծնողները, այնպես որ նախագահը ուշացումով, բայց ձեռքը զարկել է գործի:
Դե քանի որ խոսեցինք նախագահական ընտրություններից` անդրադառնանք, որ սեպտեմբերը վերջանում է, սակայն նախագահի մյուս թեկնածուների առումով դեռեւս ակտիվություն չկա: Նկատենք, որ եթե նախագահական ընտրությունները փետրվարին են, ու դրանից հանենք մեկ ամիս` դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ի նոր տարվա շրջանը, ապա նախագահական ընտրություններին մնացել է ուղիղ երեք ամիս, այդ իմաստով` իսկապես որ զարմանալի է հստակեցումների պակասը: Ոմանք սպասում էին սեպտեմբերի 21-ին, քանի որ ավանդաբար ՀԱԿ առաջնորդն այդ օրն ինչ-որ որոշակիացում անում է, բայց սեպտեմբերի 21-ն անցավ, ու հանկարծ բոլորը հասկացան, որ հավանաբար ինչ-որ ստվերային գործընթացներ կան, որոնք դեռեւս չեն ավարտվել, այդ պատճառով ոչ ոք դեռ ոչինչ չի ասում:
Ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսակցությունները, եթե ժամանակի առումով նայենք, այդ իմաստով պարզապես անլուրջ են: Նախապես միասնական ընդդիմություն պետք է լիներ մինչեւ հիմա, որ նախագահի միասնական թեկնածու լիներ, ու դա պետք է որեւէ ընտրությունից գոնե մի հինգ ամիս առաջ լինի:
Ուրեմն` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը երեւի գիտակցում է, որ չի կարող այլեւս ոչ միայն միասնական թեկնածու լինել, այլեւ անգամ առաջադրվել: ՀԱԿ-ը նորանալու խնդիր ունի, քանի որ ի՞նչ է ՀԱԿ-ը` կուսակցությունների միավորո՞ւմ, կուսակցությո՞ւն, ովքե՞ր են նրա դեմքը, արդյո՞ք այդ մի քանի պատգամավորը խորհրդարանում, որոնք, միեւնույն է, իրարից խիստ առանձնակի գործունեություն են ծավալում, նրանցից ամեն մեկը փորձում է աչքի ընկնել իր գիտելիքներով ու նախաձեռնություններով, բայց ընդհանուր` միասնական մոտեցումներով հատկապես չեն փայլում: Այսինքն` հենց ՀԱԿ-ը պետք է վերակառուցվածքավորվի (կամ կազմաքանդվի), նոր լիդեր հասունացնի, եւ այդ լիդերի հասունացումը դեռ ընթանալու է երկար ու ցավագին. համենայն դեպս խորհրդարանում հայտնված դեմքերի մեծ մասի հետ մեր հասարակությունը ոչ լավ հիշողություններ է կապում, ու նրանց մեջ դրականորեն առանձնանում է Նիկոլ Փաշինյանը: Տողերիս հեղինակը Նիկոլ Փաշինյանից խորհրդարանում սպասում էր առավելաբար պոպուլիզմ, մինչդեռ տեղի ունեցած երկու նիստերը բացահայտեցին իսկապես ըստ էության աշխատող պատգամավորի, այնպես որ ՀԱԿ-ում ուզեն-չուզեն, բնական ընտրություն է կատարվելու, իսկ դրա համար ժամանակ է պետք լինելու: Հին լիդերն այլեւս պատմություն է, նորը դեռ չկա (կապ չունի արտահոսքը, թե ՀԱԿ-ում որոշել են, որ Լեւոն Զուրաբյանն է առաջադրվելու, եթե Ծառուկյանը չառաջադրվի ու նրան չպաշտպանեն), ստացվում է, որ այստեղ այլեւս պատրաստ չեն նախագահական ընտրությունների:
ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել, եւ կարծեմ առիթ ունեցել ենք ասելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու ենթադրությունները մենք չենք ընդունում, էլ չասած, թե ընդդիմության միասնական թեկնածու լինելն արդեն իսկ անհավանական է Ր. Հովհաննիսյանի դեպքում: Թեեւ վերջերս էլ արտահոսք եղավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են ու խոսել ընտրություններից: Իսկ բուն` Ր. Հովհաննիսյանի վերջին նամակը, ուղղված Սերժ Սարգսյանին` ցույց է տալիս, որ նորմալ ընտրությունների ակնկալիքը նախագահի թեկնածու համարվող մարդը ունի մեկ այլ թեկնածուից` երկրի գործող նախագահից, եւ վստահ էլ չէ, որ այդպիսի ընտրություններ տեղի կունենան:
Ուրեմն ֆիքսենք, որ նորից ու նորից նախագահական ընտրությունների հարթակը մնացել է իշխող ուժին ու նրա թեկնածուին եւ մյուս դոմինանտ ԲՀԿ-ին, ու վերջինիս շուրջն էլ հենց հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում: Մինչ այս մասին խոսելը` նշենք, որ մեզ զարմացնում է Ռոբերտ Քոչարյանի լռությունը: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Քոչարյանը բոլորովին էլ լուռ չէ, այլ ստվերային միջոցներով կառավարում է քաղաքական շատ գործընթացները: Ու այդ կառավարման պատասխանն է Վարդան Օսկանյանի շուրջը տեղի ունեցողը, քանի որ մի պահ խոսվում էր, թե գուցե Ռոբերտ Քոչարյանն իր փոխարեն ուզում է առաջ մղել Օսկանյանին: Բայց եղավ «փողերի լվացման» գործը, ու հասկանալի դարձավ, որ եթե անգամ ինչ-որ պահ այդպիսի գաղափար է եղել, ապա հետագայում ֆիզիկական մաշվածքի է ենթարկվել ու նոր խոսակցությունները (լուրերի մակարդակով), թե հնարավոր է, որ Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն բերի գլխավոր դատախազը Ազգային ժողով, հասկանալի են դարձնում, որ ԲՀԿ-ում 180 տոկոսով ամեն ինչ փոխվել է: Եկավ-գումարվեց Ադիբեկյանի կանխատեսումը, թե այսպես ու այսպես, հանրության մեջ միասնական թեկնածուի պահանջարկ է վայելում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա այլ արտահոսքեր կան` իբր նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը ազգային համաձայնության կառավարություն է ձեւավորելու, իհարկե` Սերժ Սարգսյանին սատարելուց հետո:
Այս շիլաշփոթից հասկանալի է դառնում մեկ բան` որ նախագահական ընտրություններին ընդառաջ բոլորովին նոր սցենարներ են աշխատելու, ու դրա մասին գաղտնորեն գիտեն հիմնական դերակատար ուժերը: Ամեն ինչ ավելի հստակ կերեւա եկող շաբաթ, Ազգային ժողովում, 2011 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Գլխավոր հստակեցումն այն է լինելու, թե արդյո՞ք փորձ է կատարվում ազդեցությունների քոչարյանական արիալը փոխարինել զուտ ծառուկյանականով` առանց Քոչարյանի, քանի որ բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի համար ավելի կանխատեսելի գործընկեր է Ծառուկյանը: Երբ դա պարզվի` հասկանալի կլինի ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի դիրքորոշումը, իսկ հստակեցումներն իրար կհաջորդեն լույսի արագությամբ: