«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ՃԱՆԱՉՎԱԾ ՍՐՏԱԲԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանում` ամսի 26-ին դասախոսությամբ հանդես եկավ համաշխարհային ճանաչում ունեցող սրտաբան Արամ Չոբանյանը , որը Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահն է ու բժշկական ֆակուլտետի պատվավոր դեկանը:

Արամ Չոբանյանը Հայաստանում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հրավերով:

Առողջապահական քննարկումը, որին մասնակցում էր դոկտոր Չոբանյանը, կազմակերպել են Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Դոկտոր Չոբանյանի դասախոսության թեման արյան գերճնշման (հիպերտոնիա) վերահսկումն էր, ինչը Հայաստանում համարվում է առողջապահական գերխնդիր:

Արամ Չոբանյանը թեմային անդրադարձավ մի քանի տեսանկուններից` կանխարգելման, բուժման եւ այլն: Սկզբում խոսեց վիճակագրական տվյալներից: Օրինակՙ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տվյալներով` 2010 թվականին մեր երկրում մահվան դեպքերի 50 տոկոսը եղել է սրտանոթային հիվանդություններից: «Միացյալ Նահանգներում նման վիճակագրություն էր 1960-ականներին, սակայն հետագայում ցուցանիշն իջավ մինչեւ 30-35 տոկոսի», հավելում է բժիշկ Չոբանյանը:

Սրտանոթային հիվանդություններից մահվան ցուցանիշները նախկին Խորհրդային Միության երկրներում, ըստ նրա, այսօր գրեթե համադրելի են: Ռուսաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը հասնում է 38-40 տոկոսի: Ավելի ընդհանրացնելով ցուցանիշները` դոկտոր Չոբանյանը նշում է, որ ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը 30-50 տոկոս է: Այս հիվանդությունների ռիսկը մարդկանց մեջ մեծ է նաեւ նախահիպերտոնիկ փուլում, այդ ժամանակ ամեն կերպ հարկավոր է կանխել հիպերտոնիկ դառնալը: Իսկ դա հնարավոր է անել արյան ճնշումն իջեցնելով, ինչի համար կան տարբեր ձեւեր` մարմնի քաշն իջեցնելով, որը թերեւս ամենադժվարն է, սննդակարգի փոփոխությամբ` ավելի շատ ուտելով միրգ-բանջարեղեն, կաթնամթերք ու ընդեղեն: Ըստ բժշկի` ԱՄՆ-ում հիմա շատերը սնվում են հենց նման սննդակարգով, որի միջոցով արյան ճնշումը կարելի է իջեցնել մինչեւ 8 միլիմետրով: Ֆիզիկական ակտիվության շնորհիվ արյան ճնշումը հնարավոր է իջեցնել 4-9 միլիմետրով, քաշի իջեցման միջոցով, օրինակ, 10 կիլոգրամ նիհարելով արյան ճնշումը կիջնի 5-10 միլիմետրով: Ճնշման իջեցմանը նպաստող գործոններ են նաեւ ալկոհոլի ու աղի օգտագործումը նվազեցնելը: Բժիշկ Չոբանյանի մեջբերած այս փաստերն ու դրանց արդյունավետությունն ապացուցված են տարբեր հետազոտություններով, ապացուցված է նաեւ, որ արյան ճնշման իջեցումը նվազեցնում է սրտանոթային բարդությունները: Բժիշկը կարծում է, որ մեր բնակչության 90 տոկոսի մեջ արյան ճնշումն իջեցնելը պետք է որ հնարավոր լինի:

Սակայն Հայաստանում խնդիր է արյան ճնշման դեպքերի վերահսկելիությունը, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ հիպերտոնիա ունեցողների 79 տոկոսը կանոնավոր չի խմում անհրաժեշտ դեղորայքը: Դեղերի վերաբերյալ բժիշկն ընդգծում է, որ կարելի է անգամ խմել թույլ ազդեցությամբ դեղեր` իրար հետ համադրելով: Սակայն չմոռանանք, որ դեղերի ընտրությունը պետք է արվի մասնագետի խորհրդով:

Դասախոսությունը ամփոփելիս Արամ Չոբանյանը կրկին հիշեցրեց, որ հիպերտոնիան իսպառ վերացնել չենք կարող, սակայն դեպքերը կրճատել կարող ենք:

Դասախոսությունից հետո ներկաները, որոնց մեջ քիչ չէին բժշկական ֆակուլտետների ուսանողները, հնարավորություն ունեին ճանաչված բժշկին ուղղելու իրենց հարցերը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4