«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին մասնակցելու մեկնած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: «Նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ կոչ են արել կողմերին վերադառնալ ղարաբաղյան բանակցային գործընթացի էությանը: Համանախագահներն իրեն մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին շոշափելի արդյունքների բացակայության վերաբերյալ: Նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը հաստատել են խաղաղ լուծման իրենց աջակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու բանակցությունները», ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ գործող նախագահողին ու ներկայացրել նրան «այն վնասը, որը հասցրեց Բաքուն` ներում շնորհելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին»: Իսկ նախօրեին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում հայտարարեց, որ «ցավում է բանակցային գործընթացին հասցված վնասի համար ու ամբողջովին հասկանում Հայաստանի ու հայ ժողովրդի զայրույթը»:

Հենց այս համապատկերում էլ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներից Մահմուդ Մամեդգուլիեւը. «Ադրբեջանը բավարարված չէ ԵՄ-ի դիրքորոշմամբ` կապված հայ-ադրբեջանական, ԼՂ հակամարտության հետ: Հաշվի առնելով, որ ԼՂ հիմնահարցը այսօր Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման խոչընդոտ է` Ադրբեջանը, ուրեմն, այսօր չի ցանկանում դառնալ ԵՄ-ի անդամ»:

Մամեդգուլիեւի այս հայտարարությունը, փաստորեն, խոստովանություն է, որ Բաքուն ու Եվրոմիությունը «հարաբերությունները կարգավորելու խնդիր ունեն», ավելին` այդ խնդիրը ԼՂ հակամարտությունն է: Ու եթե հաշվի ենք առնում, որ Բաքուն բավարարված չէ ԵՄ-ի դիրքորոշմամբՙ ու այս մասին բարձրաձայնում է փոխարտգործնախարարը, ուրեմն կարելի է հիմնավոր ենթադրություն անել, թե ի՞նչ դիրքորոշում ունի Եվրոմիությունը ԼՂ հիմնահարցի առնչությամբ, որը, ընդգծենք, «Բաքվի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խոչընդոտն է»:

Մյուս կողմիցՙ գաղտնիք չէ, որ Բաքվում վաղուց արդեն դժգոհություն կա Մոսկվայիՙ ԼՂ հարցում ունեցած միջնորդությունից: Ադրբեջանի «բոլոր ժամանակների լավագույն խորհրդական» Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, թե «Ղարաբաղյան հարցով պետք է զբաղվի մեկ ուրիշը, բայց ոչ երբեք Ռուսաստանը, որն, ի դեպ, Մինսկի խմբի շարժիչ ուժն է»: Իսկ ոչ անհայտ Զարդուշտ Ալիզադեն կարծիք է հայտնել, թե «Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի համար ռազմավարական դաշնակից է եւ օգտվում է այս տերությունների աջակցությունից»: Հետեւաբար «տրամաբանական» է ստացվում Վաֆա Գուլուզադեի մեկ այլ միտքը կամ, հաշվի առնելով վերջինիս բազմամյա գործունեությունը, գուցե խորհո՞ւրդը. «Պետք է մոտ ժամանակներում ցրել Մինսկի խումբը»:

Ի՞նչ է ուրեմն ստացվում. Բաքուն դժգոհ է ոչ թե Մինսկի խմբի անդամից, այլՙ բոլորից, ավելինՙ Բաքուն իրեն այսօր եվրոպական ընտանիքի մաս էլ չի համարում ու այդ մասին հայտարարում է փոխարտգործնախարարի մակարդակով, ուրեմն ի՞նչի վրա է հույս դրել: Այդ մասին բավական խոսուն ու բացահայտ կերպով նշեց Իլհամ Ալիեւն ինքը` այն էլ Գաբալայում կայացած ԵԱՀԿ դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ. «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը 20 տարի առաջվա Ադրբեջանը չէ, այսօր մենք կարող ենք պաշտպանել մեզ» (հետաքրքրական է` ումի՞ց, ո՞վ է պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա - Հ. Ա.): Սեփական նախագահի այս խոսքերից էլ թերեւս ոգեշնչվելով, ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը կարծիք է հայտնել. «Հայաստանի նման վարքագծի շարունակումը նշանակում է, որ Երեւանը գնում է նրան, որ Ադրբեջանն իր հետ ուրիշ լեզվով խոսի»:

«Ուրիշ լեզուն», հասկանալի է, պատերազմն է, սակայն Վաֆա Գուլուզադեն սկսել խորհուրդ չի տալիս. «Քանի որ դրանով մենք մեծ լավություն կանենք Ռուսաստանին»:

Եվ վատություն` Թուրքիային, «մոռացել» է ասել Գուլուզադեն, քանի որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման պարագայում, Թուրքիան պարտավորված կլինի գործուն մասնակցություն ունենալ, ինչը հիմա գոնե Անկարան չի ցանկանում: Ավելին, այդ երկրի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը Բաքվում, տեղի լրագրողների մոտ, փաստորեն, ամբողջովին հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե «հայկական կողմն է մեղավոր բանակցությունները ձգձգելու մեջ»: Մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել ընդգծելու, որ ԼՂ հակամարտության կողմերից եթե որեւէ մեկին բանակցությունների ձգձգումը պետք է, ապա այդ կողմը շրջափակված հայկական պետությունները չեն կարող լինել: Յըլմազն, անշուշտ, հենց այսպես չի ասել, այլՙ «Հիմա ժամանակը գնում է հօգուտ Ադրբեջանի եւ ի վնաս Հայաստանի: Թուրքիան Ադրբեջանի անկախության առաջին տարիներից ցուցաբերել է նրան ռազմական օգնություն, մասնակցություն ունեցել ադրբեջանցի զինվորականների պատրաստվածության գործին: Այժմ էլ որեւէ խոչընդոտ չկա մեր ռազմական համագործակցության հետագա խորացման առումով, ինչը վեր է ածվում արդեն նաեւ էներգետիկ համագործակցության»: Յըլմազի տրամաբանությունը հասկանալի է. Թուրքիայի նախկին վարչապետն այլ խոսքերով հասկացնում է, որ որքան ժամանակ անցնի, այնքան կհզորանա Ադրբեջանը` ի հաշիվ թուրք-ադրբեջանական ռազմական ու էներգետիկ համագործակցության, իսկ որքան հզորանա Ադրբեջանը, այնքան հեշտ կլինի վերջինիս համար, ինչպես Յըլմազն ինքն է նշել. «Վերադարձնել Ղարաբաղը», ինչին Թուրքիայի նախկին վարչապետը «չի կասկածում»:

Շատ լավ, սակայն, որպեսզի ժամանակը գնա, իսկ այդ ժամանակի ընթացքում պատերազմ չլինի, Բաքուն պարտավոր է շարունակել բանակցությունները, ինչի պատրաստակամությունը, շեշտենք, ԱԳ նախարար Մամեդյարովը, համաձայն Մինսկի խմբի վերոհիշյալ հայտարարության, Նյու Յորքում հայտնել է: Սակայն Մամեդյարովի խոստումից անմիջապես հետո մեկ այլ փոխարտգործնախարարՙ Արազ Ազիմովը, հայտարարում է. «Ես հաճախ եմ լրատվամիջոցներում հանդիպում «բանակցություններ» տերմինին: Սակայն ուզում եմ ասել, որ ԼՂ հակամարտության շուրջը բանակցություններ տեղի չեն ունենում եւ արդեն վաղուց»: Այսինքնՙ Մամեդյարովը ի՞նչը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, չհասկացանք... Ազիմովը վերստին ադրբեջանական հանրույթին վստահեցրել է, որ բանակցությունները փակուղի են մտել Հայաստանի մեղքով, որը մշտապես ձգձգում է գործընթացը: Մինչդեռ, օրինակ, պարոն Յըլմազը, ինչպես համոզվեցինք, վստահություն ունի, որ ժամանակն այսօր հօգուտ Ադրբեջանի է գործում, սա այն պարագայում, երբ Ազիմովն ասել է, թե «Ադրբեջանը ոչ ժամանակ ունի, ոչ համբերություն»...

Անկեղծ ասած, այս ամենից տպավորություն է առաջանում, որ բանակցություններն, այո, փակուղում են, բայց քանի որ Ադրբեջանն ինքը փակուղում է, ու սա բնական է, քանի որ ինչպես փոխարտգործնախարար Արազ Ազիմովն է խոստովանել. «Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, «հիմնարար սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը մեզ մեր հողերը հետ չի վերադարձնելու»: Ինչպես ասում են` սա դասական իմաստով խոստովանություն է, այն էլ միանգամից մի քանի առումներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4