Օգոստոսի 6-ը հայկական կուսակցական պատմագրության մեջ հիշարժան օր էր. ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատականը, վերջ տալով իր պատմության դժվարին ժամանակահատվածը, միավորվելով, վերագրանցվեց` Ռամկավար ազատական կուսակցություն անվանմամբ:
Սա առաջին հերթին նշանակեց, որ կուսակցությունը պետք է երկու խնդիր լուծի. աշխուժացնի մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ վերահաստատի, խորացնի կապերը Սփյուռքի Ռամկավար Աազատական կուսակցության կառույցների հետ: Պետք է նկատենք, որ այս երկու ճանապարհներին էլ ՌԱԿ-ը հաջողությունների հասավ:
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը տեղեկացրեց, որ այժմ վերլուծվում է անցած ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցաբերած արդյունքը, եւ ըստ վերլուծությունների` «մենք շուրջ 40 տոկոսով հաջողության ենք հասել»: Ինչ վերաբերում է Սփյուռքի կառույցների հետ կապերին, ապա, «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ին Լիոնում ավարտված ՌԱԿ 26-րդ պատգամավորական ժողովի ընթացքում հայտարարություն է ընդունվել, որով ողջունվել է «Մայր հայրենիքում կուսակցության միավորումը եւ պատրաստակամություն հայտնվել շուտափույթ կերպով բանակցություններ սկսելու Հայաստանի եւ Սփյուռքի ՌԱԿ կառույցների միջեւ` համագործակցության եւ համատեղ հետագա գործունեության նպատակով»:
Լիոնի ժողովին մասնակցել է նաեւ ՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը , որը տեղեկացրեց, որ մոտ օրերս այս նպատակով Հայաստան կժամանեն ՌԱԿ Սփյուռքի կառույցներից պատվիրակներ: Հակոբ Ավետիքյանն իր հերթին ընդգծեց, որ ՌԱԿ Հանրապետական վարչությունը պատրաստակամ է օգնելու սփյուռքի կուսակցական կառույցներին` ամբողջականորեն ու վերջնականորեն միավորվելու եւս. «Իսկ Սփյուռքի ՌԱԿ կառույցները նշանակում են 17 երկրներ` հայաշատ համայնքներով», շեշտեց Ավետիքյանը:
Ի դեպ Լիոնի ժողովի հետ կապված հայկական որոշ լրատվամիջոցներ, օրինակ, «168 ժամ» պարբերականը բացահայտ ապատեղեկատվությամբ էին հանդես եկել. «Այդ տեղեկությունները` ժողովի հետ կապված բացահայտ սուտ էին: «Ժողովուրդ» թերթն էլ նման ապատեղեկատվության փորձ արեց, իսկ մեր տեղեկատվության սով ապրող կայքերը արագորեն վերցրեցին այս ամենը», ասաց Հակոբ Ավետիքյանը` նշելով, որ կուսակցությունը դիմել է «168 ժամ» պարբերականին` հերքման պահանջով. «Մինչեւ հիմա չեն հերքել, հուսանք շաբաթ օրվա համարում կհերքեն, եթե ոչ, ապա կարող ենք ենթադրել, որ նրանք ո՛չ մեզ են հարգում, ո՛չ իրենց լսարանին, ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց արհեստը», ասաց ՌԱԿ ատենապետը:
Դառնալով ներքաղաքական կյանքում կուսակցության ունեցած այսօրվա դերակատարմանը եւ հեռանկարներին` Ավետիքյանը գալիք նախագահական ընտրությունների առնչությամբ նշեց. «Իհարկե կուսակցությունն այսօր այն վիճակին չէ, որ սեփական թեկնածուով հանդես գա, բայց սա չի նշանակում, որ մենք չենք ձգտելու դրան հետագայում: Այս պահին, քանի դեռ որեւէ մեկը պաշտոնապես չի առաջադրվել որպես թեկնածու, որեւէ կուսակցություն չի կարող ենթադրությունների հիման վրա որոշումներ կայացնել, դա էթիկայի տեսանկյունից էլ ճիշտ չի լինի: Կան երկու-երեք հոգի, որոնք ցանկություն հայտնել են առաջադրվելու, սակայն չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, բայց դրանք լուրջ չեն»: ՌԱԿ ատենապետը միեւնույն ժամանակ շեշտեց, որ նախագահական ընտրություններում իրենք առաջնորդվելու են հիմնվելով սեփական կուսակցական գաղափարախոսության վրա: Պարզ է, որ աջ պետականամետ կուսակցություն հանդիսացող ՌԱԿ-ը չի կարող սատարել , ասենք, սոցիալիստական գաղափարախոսությամբ թեկնածուին, թեեւ, ավելացրեց նա, «լավ կլիներ, որ ունենայինք նաեւ սոցիալիստական գաղափարախոսությամբ թեկնածուներ»:
ՌԱԿ ատենապետը խոսեց նաեւ վերջին օրերին մամուլում բավականին շրջանառվող երկու իրադարձության վերաբերյալ` բալթաջի (թուրքերենՙ կացնավոր-հեղ.) Սաֆարովի արտահանձնման եւ Վարդան Օսկանյանի «գործի»: Հունգարիայի արտգործնախարարության վերջին նոտան որակելով` «անպատկառ», Ավետիքյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ, 1996-ին ինքը պատեհություն ունեցել է Բուդապեշտում, լիբերալ կուսակցության համագումարում, հանդիպել այն ժամանակ հունգարական դեմոկրատական կուսակցության ղեկավար, այսօր այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին. «Նա ամենաիսկական ֆաշիստի տպավորություն թողեց վրաս», հիշում է Ավետիքյանն ու հավելում. «Իսրայելի ներկայացուցիչը նրան համագումարի ամբիոնից հենց այդպես էլ ասաց` «դու ֆաշիստ ես», Օրբանը ծպտուն անգամ չհանեց...»: Այդուհանդերձ այս իրադարձության մեջ Ավետիքյանը տեսնում է նաեւ հայկական համապատասխան գերատեսչության անգործությունը. «Ի՞նչ են անում մեր դեսպանները, չէ՞ որ դեսպան, ի վերջո, նշանակում է պաշտոնապես հավատարմագրված լրտես նաեւ` տվյալ երկրում, տեսեք, թե ի՞նչ են անում օտարերկրյա դեսպանները մեր երկրում...», ընդգծեց ՌԱԿ ատենապետը: «Ի պատասխան Հունգարիայի նոտայի, Հայաստանն այդ երկրից պետք է պահանջիՙ ա) պաշտոնապես ներողություն խնդրել եւ բ) պաշտոնապես պետք է Բաքվին դատապարտիՙ Բալթաջիի կապակցությամբ պայմանավորվածությունը չհարգելու համար, եթե իրոք կա այդպիսի պայմանավորվածություն:
Օսկանյանի «գործի» հետ կապված Ավետիքյանը հիշելով ուսանողական տարիները, երբվանից էլ ճանաչում է Օսկանյանին, նշեց. «Նա անբասիր կենսագրություն ունի, որպես արտգործնախարար աշխատած տարիներին թե՛ դրանից առաջ որեւէ խոսք, անգամ բամբասանք չեմ լսել նրա նյութական-ֆինանսական անպարկեշտության մասին»: Շեշտելով, որ ինքը «խորքային չի տիրապետում իրավիճակին»` Ավետիքյանը ընդգծեց. «Այս մարդը 10 տարի արտգործնախարար է աշխատել ու կառավարության ամենահամեստ անձն էր: Կարող են հաշվապահական ինչ-ինչ սխալներ, թերացումներ լինել, բայց որ Օսկանյանը գիտակցաբար ապօրինություններ է գործել, ես չեմ կարծում: Հաշվեհարդարի հոտ է գալիս», եզրափակեց Հակոբ Ավետիքյանը:
Հ. ԱՖՅԱՆ