Ի շահ գրական արեւմտահայերենի
Բեյրութում օրերս լույս տեսած «Ուղղագրական բացատրական բառարանը»ՙ հասցեագրված Սփյուռքի հայկական նախակրթարաններին, միջին եւ երկրորդական վարժարանների աշակերտությանը, ընդգրկում է շուրջ 3150 բառ. կազմողը եւ առաջաբանի հեղինակը սփյուռքահայ լեզվաբան Եղիա Գայայանն է: Բառարանը «Արթինեան» մատենաշարի թիվ 1 պրակն էՙ ձոն հայ տպագրության 500-ամյակին, որը հրատարակվել է Թաիլանդում ՀՀ պատվո հյուպատոս, գործարար, Մելգոնեան հաստատության շրջանավարտ Արթո Արթինյանի մեկենասությամբ: «Այսօր արեւմտահայերէն լեզուն,- գրում է նա,- ինքնանորոգման եւ վերամշակման կարիք ունի, որպէսզի կարելի ըլլայ աւելի դիւրաւ զայն փոխանցել նոր սերունդինՙ որպէս մտային պաշար, միջոց եւ գիտակցութիւն»:
Այս մտահոգության ծնունդ է սույն բառարանը, որի առաջաբանում Ե. Գայայանը խոնարհումի տուրք է մատուցում հայ գրավոր մշակույթին եւ դրա հիմնադիր Մեսրոպ Մաշտոցինՙ գրերի գյուտը համարելով մշակութային մեծագույն նվաճում: Ապա եւ ընդհանուր անդրադառնում է հայերենի հնչյունային համակարգին եւ մեր գրական 2 լեզուներիՙ արեւելահայերենիՙ եռաստիճան եւ արեւմտահայերենիՙ երկաստիճան բաղաձայն հնչյունների համակարգերի տարբերություններին: Կ, պ, տ, ծ, ճ բաղաձայն հնչյունների դուրս մղումը արեւմտահայերենից նա համարում է այլեւս անփոփոխելիՙ որպես պատմականորեն ձեւավորված եւ արմատավորված լեզվական իրողություն:
Գրական արեւմտահայերենը իր կորուստներն ավելի սուր արձանագրեց հետեղեռնյան շրջանում, հատկապես արեւմտահայության տեղահանման աշխարհագրական սփռումի, լեզվական միասնական մտածողության բացակայության, արեւմտահայերենի տեսչություն չունենալու, օտար լեզվամշակութային միջավայրերի ազդեցությունների եւ այլ պատճառներով: Ուսուցման դժվարություններ եղել են անգամ լավագույն տարիներին, երբ հայագիտության ուսուցմանը լուրջ կարեւորություն էր տրվում, եւ ներկայիս ավելի է տկարացել հայերենի դասավանդման նահանջի այս շրջանում, երբ ոչ միայն երիտասարդ, նաեւ միջին սերնդի շատ սփյուռքահայեր, ինչպես գրում է հեղինակը, խուսափում են հայերենով հաղորդակցվել, որին նպաստող հանգամանքները շատ ենՙ ինչպես միջավայրը, նաեւ լատինատառՙ այսօր լայն տարածում ստացած գրագրությունը:
«Նահանջի մէջ կը գտնուի արեւմտահայերէնը եւ դասուած է կորուստի մատնուող լեզուների շարքին», հեղինակի այս ահազանգին հետեւում է դասական ուղղագրությունը դյուրացնելու, բարեփոխումների անհրաժեշտության նրա առաջարկը: «Եթէ մեր նպատակը դասական ուղղագրութիւնը անփոփոխ պահելը չէ, այլ ընդհակառակը հայերէն գրող եւ յարաբերաբար գրագէտ սերունդ ունենալը» եւ կոչ է անում հայերենը վերականգնել հայկական վարժարաններում իբրեւ առաջնային լեզու ու առաջնահերթ դասանյութ: Արեւմտահայերենի գրավոր հաղորդակցումը, լեզվի ուսուցումը երիտասարդ սերնդի համար մատչելի դարձնելու Ե. Գայայանի առաջարկվող բարեփոխումները մասնավորապեսՙ ե-է, ո-օ, հ-յ գրերի ուղղագրությանն են վերաբերում: Նա համարում է, որ ներկա ընթացքով, 15-20 տարի հետո արեւմտահայերեն լեզվի պահպանման մտահոգություն չի էլ լինելու «եւ հայերէնը իբրեւ գրաւոր լեզու, շատ հաւանաբար պիտի մահանայ մեզի հետ եւ մեր պատասխանատուութեամբ»:
Արեւմտահայերենի այս դժվարին կացության մեջ սփյուռքի վարժարաններին օգնության է հասնում այս նոր բառարանըՙ դյուրացնելու արեւմտահայերենի դասական ուղղագրության յուրացումը: Բառարանը բաղկացած է ուղղագրական դժվարություն ունեցողՙ ե-է, ո-օ, հ-յ (բառասկիզբ) եւ հ-յ գրերով բառերի 4 բաժնից, նաեւ 26 կետերից բաղկացած «Կարեւոր վերյիշեցումներ» ենթաբաժնից: Տողատակի հիշեցումները բացատրություններ-մեկնաբանություններ են քերականական-լեզվական իրողությունների: Ներկայացված բառացանկը պարունակում է նաեւ օտար հատուկ անուններ եւ տեղանուններ:
Նույն բառի գրության առկա մի քանի տարբերակներից կազմողը նախապատվություն տվել է առավելաբար ընդհանրացված ձեւերինՙ հակված ուղղագրության կանոնակարգմանը եւ բառերի գրության միօրինակությանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ