Երեկ Նարեկացի արվեստի միությունում կայացավ ավանգարդի ամենակարկառուն ներկայացուցիչներից Վահրիճ (Վագրիչ) Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, ինչպես նաեւ նյույորքյան շրջանի աշխատանքների գեղարվեստական ալբոմի շնորհանդեսը:
Վահրիճ Բախչանյանին քննադատները բնորոշում են որպես` «Խորհրդային ավանգարդի հայրապետ», «Վերջին ֆուտուրիստ», «Պեղածո գազան»: Բախչանյանին է պատկանում աֆորիզմի վերածված` «Մենք ծնված ենք, որպեսզի Կաֆկան եղելություն դարձնենք» թեւավոր խոսքը:
Վահրիճ Բախչանյանի կենսագրությունն ավելի քան տպավորիչ էՙ ունեցած ցուցահանդեսների շնորհիվ` Փարիզի Պոմպիդուի անվ. կենտրոնում, Տրետյակովյան պատկերասրահում եւ բազում այլ հեղինակավոր կենտրոններում: Իսկ նրա գործերը զետեղված են այնպիսի մշտական հավաքածուներում, ինչպիսիք են` Յակոբ եւ Քենդա Բար-Գերայի հավաքածուն` Քյոլնում, Ժամանակակից արվեստի կենտրոնը` Մոսկվայում, Տրետյակովյան պետական պատկերասրահը, Պետական ռուսական թանգարանը` Սանկտ Պետերբուրգում, Փոլ Գեթիի անվ. արվեստի թանգարանը` Լոս Անջելեսում, Ցիմերլիի անվ. արվեստի թանգարանը` Նյու Ջերսիում, Իգոր Մարկինի հավաքածուն եւ այլն:
Ցուցահանդեսի բացման առթիվ Նյու Յորքից Երեւան են ժամանել նկարչի այրին Այրին Բախչանյանը եւ կինոռեժիսոր Անդրեյ Զագդանսկին, ով այժմ աշխատում է Բախչանյանի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված կենսավավերագրական կինոնկարի վրա:
Ցուցահանդեսը բաց է մինչեւ հոկտեմբերի 7-ը: Մուտքն ազատ է:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ