«Որպես «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդՙ ես հայտարարում եմ, որ մեր կուսակցությունն անցնում է ընդդիմության շարքերը»: Սա հատված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու երեկվա ելույթից, որը հեռարձակվում էր ուղիղՙ վրացական բոլոր հեռուստաալիքներով:
Նախագահն ընդունեց իր կողմնակիցների պարտությունը խորհրդարանական ընտրություններումՙ միաժամանակ հայտարարելով, որ դառնում է ընդդիմություն:
«Ինձ համար անընդունելի են «Վրացական երազանք» կոալիցիայի հայացքները: Մեր միջեւ մեծ տարբերություն կա: Եվ մենք կարծում ենք, որ նրանց հայացքները չափազանց սխալ են: Բայց ժողովրդավարությունն այնպես է գործում, որ որոշումներն ընդունում է վրաց ժողովրդի մեծամասնությունը, եւ մենք հարգում ենք այդ ընտրությունը», հայտարարել է Սաակաշվիլինՙ հավելելով, որ որպես ընդդիմություն կշարունակեն պայքարըՙ հավատալով իրենց որդեգրած գաղափարախոսությանը, եւ ամեն ինչ կանենՙ նպաստելու Վրաստանի առաջընթացին եւ զարգացմանը:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը ընտրատեղամասերի 25.17 տոկոս արձանագրությունների հաշվարկից հետո առաջատար է եւ հաղթում է 53.19 տոկոս ձայնով: «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ձայների 41.51 տոկոսը: Միամանդատ տարածքներում «Վրացական երազանքի» թեկնածուներն առաջատար են 30 տարածքում, Սաակաշվիլու կուսակցությունըՙ 27-ում:
Վրացագետ Ջոնի Մելիքյանի ներկայացմամբՙ խորհրդարանական ընտրությունները վերջին 8 տարիներին Վրաստանում ամենամրցակցային եւ ամենահետաքրքրականն էին: «Ընդդիմությունը կարողացավ ապացուցել, որ իրական ուժ է եւ հասավ հաղթանակի»: Ընդդիմությունը հիմնական աջակցությունը ստացել է մայրաքաղաքում, իսկ իշխանություններըՙ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում:
Հիմնական գործոնը, ինչի շնորհիվ «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ, վրաց ժողովրդիՙ իշխանություններից դժգոհ լինելն էր:
Թբիլիսիում էլ իշխանությունը հիմնականում ունեցել է էթնիկ փոքրամասնությունների աջակցությունը: Մինչ ընտրությունը տեղի հայ համայնքի 80 տոկոսը պատրաստվում էր քվեարկել իշխանության օգտին: Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ապա այստեղ, ինչպես նախորդ ընտրություններում, բնակչության 80 տոկոսը պատրաստ էր քվեարկել Սաակաշվիլու կուսակցության օգտին: Ջոնի Մելիքյանը ներկայացնում է էքզիթ փոլերից մեկի արդյունքները, համաձայն որոնց ընդդիմությունն առաջատար է եղել բոլոր տեղերում, բացառությամբ Սամցխե-Ջավախքից:
Հ. Հ.