«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2012-10-02 | #172, 2012-10-03 | #173, 2012-10-04


Russia Today. «ԱՍԱԴԻ ԹՇՆԱՄԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԹԻՐԱԽԸ ԻՍՐԱՅԵԼՆ Է»

Իսրայելական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքով հրապարակված հարցազրույցին եւ ռեպորտաժին, որտեղ հնդիկ լրագրող Կապիլա Կոմիռեդդին հետաքրքրական բացահայտումներ է անում: Նա Սիրիա գործուղվելուց առաջ աշխատել էր Պակիստանում, իսկ ներկայումս գտնվում է Լոնդոնում: Այդ մասին տեղեկացնում է իսրայելական «Քոլ Իսրայել» պետական ռադիոկայանը:

Կոմիռեդդիի խոսքերով, ինքը Դամասկոսում շփվել է մի խումբ խռովարարների հետ, որոնցից ոմանք եկել են Աֆղանստանից: Այդ մարդիկ պատմել են, որ իրենց գլխավոր նպատակը «պայքարն է իսրայելցիների դեմ»:

Լրագրողին վիճակվել էր նման հայտարարություններ լսել նաեւ Պակիստանում: Նրա կարծիքով, իսլամիստներից շատերը (սուննիներ եւ սալաֆականներ), որոնք ներկայումս կռվում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ, Սիրիայի պատերազմին իրենց մասնակցությունը համարում են միջանկյալ փուլ հակաիսրայելական պատերազմից առաջ: Նրանք Իսրայելը համարում են իրենց վերջնական եւ հիմնական թիրախը:

Կոմիռեդդին վստահ չէ, թե Ասադի դեմ կռվող բոլոր խռովարարները նույն կարծիքին են, բայց նշում է, որ «նման տրամադրությունները նկատելի են»:

Հեռուստաընկերության եթերում հնդիկ լրագրողն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ասադի նախկին մերձավոր, ներկայումս փախստական բրիգադային գեներալ Մանաֆ Թլասը Արեւմուտքում համարվում է Ասադի հնարավոր իրավահաջորդը: Լրագրողը «տագնապով» ընդգծել է, որ գեներալի հայրըՙ Մուստաֆա Թլասը, հայտնի հրեատյաց է:

Կոմիռեդդին հիշեցրել է, որ դեռ 2011-ի մայիսին Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել էր, թե ընդդիմադիր շրջանակների միջոցով Սիրիա են թափանցել «Ալ Ղաիդայի» գործակալներ:

Իր մեկնաբանության վերջում հնդիկ լրագրողը կարծիք է հայտնել, որ սիրիական խնդրի լուծման միակ ուղին բոլոր շահագրգիռ կողմերի հաշտության բանակցություններն են: Հակառակ դեպքում, եթե Ասադի վարչակարգը տապալվի, եւ ընդդիմադիրներն անցնեն իշխանության գլուխ, Արեւմուտքը ներկայիս դաշնակիցների փոխարեն ապագայում կունենա վտանգավոր թշնամիներ, որոնք լուրջ սպառնալիք են նաեւ Իսրայելի համար:

Կրեմլը 2005-ին Russia Today հեռուստաալիքը հիմնեց արտերկրում քարոզչություն ծավալելու նպատակով: Լրագրողական միջավայրում այդ ալիքը ավելի հաճախ համեմատում են քաթարյան «Ալ Ջազիրայի» հետ, թեեւ վերջինս Ասադի վարչակարգի հակառակորդներից է:

Իսրայելցիներից շատերը Ասադին համարում են «չարյաց փոքրագույնը»: Սակայն պաշտոնապես Իսրայելը (ինչպես ԱՄՆ-ը) հանդես է գալիս Ասադի վարչակարգի շուտափույթ տապալման օգտին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4